«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 7-ին եւ 8-ին Շիրակի մարզում աղմկալի դեպքերը հաջորդեցին մեկը մյուսին: Առեղծվածային ինքնասպանություն, երկու սպանություն, ծեծկռտուք եւ կրակոցներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ստեղծված լարված իրավիճակում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ցուցումով ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետը հատուկ հանձնարարականներով գնացել է Գյումրի:
Դեպքերը՝ ըստ վիճակագրության
Մարտի 7-ին՝ վաղ առավոտյան, Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի մոտ հայտնաբերվել էր Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Քրիստ Վարդանյանի դին: Ըստ նախնական վարկածի` երիտասարդին նախ սպանել էին այլ վայրում, ապա նրան դնելով ավտոմեքենայի մեջ՝ հասցրել էին ձորի մոտ ու գլորել ցած: Քրիստ Վարդանյանը եղել էր իրեն պատկանող Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրա մարմնի վրա հայտնաբերվել էին հրազենային մահացու վնասվածքներ:
Հարսանիքից մնացած վրե՞ժը
Քրիստ Վարդանյանի սպանության օրը՝ երեկոյան, մեկ այլ աղմկահարույց դեպք գրանցվեց Գյումրիում: Մարտի 7-ին՝ ուշ երեկոյան, Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, կրակոցներ էին հնչել: Հիվանդանոց էին տեղափոխվել 6 հոգի՝ Սմբատ Ղազարյանը, Գագիկ Ղազարյանը, Կնյազ Ղազարյանը, Վլադիմիր Հակոբյանը, Համլետ Գեւորգյանը, Գագիկ Ղուկասյանը: Ավելի ուշ նրանցից երեքին ծանր վիճակում՝ հրազենային վնասվածքներով, տեղափոխեցին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ մարտի 7-ին հնչած կրակոցները կապ ունեն նույն օրը՝ առավոտյան, ձորում կրակոցներից սպանված Քրիստ Վարդանյանի մահվան հետ:
Կատարվածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց «Էրեբունի» ԲԿ: Կնյազ Ղազարյանի հարազատներն ու ընկերները, որոնք հրաժարվեցին ներկայանալ, միայն ասացին, թե 6 վիրավորների գործն ընդհանրապես կապ չունի Գյումրիում սպանված Քրիստ Վարդանյանի դեպքի հետ: Ավելին՝ ըստ նրանց՝ տուժածներ Կնյազ Ղազարյանը եւ նրա եղբայրը` Գագիկը, չեն ճանաչել Քրիստ Վարդանյանին: Իսկ թե ինչն է եղել ծեծկռտուքի եւ կրակոցների պատճառը, Կնյազ Ղազարյանի ընկերները հրաժարվեցին մանրամասնել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կրակոցներից տուժած Գագիկ Ղուկասյանի մտերմուհիներից մեկը, որի անունը եւս հարգելի պատճառով չենք հրապարակում, պատմեց, որ Տերյան փողոցում հնչած կրակոցները խորը արմատներ ունեն, եւ «կռիվ կինոն» սկսվել է Գյումրիում ամիսներ առաջ տեղի ունեցած հարսանիքից. «Հարսանիքի ժամանակ մեկը մյուսի վրա կատակներ են արել: Մի խոսքով՝ Գյումրիի «խարոշիները» իրենց լավ են զգացել, ու այդտեղից էլ սկսվել է այս կռիվը»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: