Ի՞նչ կապ ունի մեկը մեկի հետ. վարչապետը` նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց որոշման նախագիծ: Այդ նախագծով` փոփոխություն է կատարվելու Հայաստանի Հանրապետության կառավարության` 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» որոշման մեջ:

«ՀՀ կառավարությունում և հանրապետական գործադիր մարմիններում տեղի ունեցած կառուցվածքային և պաշտոնատար անձանց փոփոխության հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել վերանայել «Սևան» ազգային պարկ ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը»,-նշեց նախարարը:

Ըստ այս փոփոխությունների՝ «ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը փոխարինվելու են «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար» բառերով, «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար» բառերը` «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ» բառերով, «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը` «Հայաստանի Հանրապետության տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»-ով, «ՀՀ Գեղարքունիքի մարզպետ» բառերը` «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ» բառերով, իսկ «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» բառերը` հանել:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու են մարզպետին փոխարինում տեղակալով:

«Որովհետև փոխվարչապետը փոխվեց նախարարով, նախագահի աշխատակազմից առաջարկություն եղավ, որպեսզի մարզպետի փոփոխությունը կատարվի փոխմարզպետով, առաջարկությունն այդպես էր, ընդունեցինք մենք»,-պատասխանեց նախարարը:

«Ի՞նչ կապ ունի մեկը մեկի հետ»,-զարմացավ Հովիկ Աբրահամյանը, ապա նշեց, որ հետո կնայեն ու կստորագրեն նախագիծը:




Լրահոս