Երեվանում սիրիահայերի համար նոր դպրոց կհիմնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչները: Ինչպես armlur .am-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, սիրիահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով քննարկվել է Երևանի դպրոցներից մեկում Սիրիայի կրթական ծրագրերին համապատասխան նոր դպրոց հիմնելու հարցը: Քննարկվել են մի քանի տարբերակ դպրոցի տարածքի հետ կապված: Կրթական գործընթացի վերահսկողությունը կիրականացվի ՀՀ ԿԳՆ-ի կողմից նշանակված պատասխանատուի կողմից, ով նախարարի առաջարկով պետք է լինի սիրիահայ համայնքի ներկայացուցիչ: Դասագրքերի ու կրթական ծրագրերի խնդիրն առաջիկայում կլուծվի համայնքի կողմից. դրանք պետք է բերվեն Սիրիայից, իսկ սիրիահայ երեխաներին կդասավանդեն այնտեղից եկած ուսուցիչները: Սիրիահայերի դպրոցին ֆինանսապես աջակցելու խնդիրը կստանձնի Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը: Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանին զեկուցել են, որ այս պահին Հայաստանի դպրոցներում սովորելու հայտ են ներկայացրել սիրիահայ 210 երեխաներ, որոնցից 107-ը հիմնական, 103-ն ավագ դպրոցում ընդգրկվելու համար: Նկատի ունենալով, որ շատ երեխաներ Հայաստան են եկել առանց անձնական գործերի, ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է՝ անկախ հանգամանքներից՝ երեխաներին ընդունել դպրոց: “Իրենց ցանկությամբ և ընտրությամբ՝ սիրիահայ երեխաները  կարող են հաճախել նաև սովորական հայկական դպրոց և կրթություն ստանալ հայկական ծրագրերով”,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:   
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերում սովորող սիրիահայ ուսանողների կրթության կազմակերպման խնդիրներին:




Լրահոս