Ընտանեկան բռնությունների դեպքերը հանրապետությունում շարունակվում են: Հերթական դեպքը գրանցվել է Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Armlur.am-ի տեղեկություններով՝ 28-ամյա Արսենը ծեծի է ենթարկել եղբոր կնոջը՝ 24-ամյա Անժելային, և դանակով սպառնացել սպանել նրան: Այսքանով չբավարարվելով՝ նա ոտքով հարվածել է հարսի որովայնին, ապա՝ ապտակել: Անժելային տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Armlur.am-ի հետ զրույցում Արսենի մայրը՝ Եղիսը, վստահեցրեց, թե սա սովորական ընտանեկան միջադեպ է, ոչ մի արտասովոր կամ անբնական բան չկա: Ավելին, մեր զրուցակցի խոսքով, տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան թյուրիմացություն:
«Ոչ մի լուրջ բան չկա: Հարսիս մայրը եկել երեխաներին ու նրան Գորիս է տարել: Բայց շուտով հետ են գալու: Պարզապես գնացել է: Դե հիմա, տղաս ջղայնացած է եղել, մի բան եղել է: Ամեն ինչի վրա խոսում է: Ուղղակի լարված զրույց է եղել: Ոչ էլ ես թույլ կտամ, որ աղջկա վրա ձեռք բարձրացներ»,- այսպես իրավիճակը ներկայացրեց տուժածի սկեսուրը:
Armlur.am-ը կապ հաստատեց նաև բռնության ենթարկված կնոջ՝ Անժելայի հետ, ով հայտնեց, որ բողոք է ներկայացրել տեգրոջ դեմ, և հույս ունի` ստեղծված խնդիրը կկարգավորվի:
«Երբ մարդը հոգեկան խնդիրներ ունի, նրա հետ ապրել հնարավոր չի լինում: Ես ոստիկանություն եմ դիմել, որպեսզի այս հարցին վերջապես լուծում տրվի: Թող նրանց մայրն այս հարցը լուծի: Տեգրս բուժում չի ստանում, ամուսնացած չէ: Ամուսինս Մոսկվա է գնացել, այնտեղ է աշխատում, դեպքի մասին տեղյակ է: Նա էլ գիտի, որ եղբայրը հիվանդ է, լուրջ խնդիրներ ունի: Կարծում եմ` կա´մ ես կգնամ ամուսնուս մոտ՝ Մոսկվա, կա´մ առանձին տուն կվարձենք, կապրենք»,- վրդովված ասաց 24-ամյա Անժելան՝ հավելելով, որ ինքը պատրաստ է հանուն ամուսնու և երեխաների տանել տեղի ունեցածը:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ երկու երեխա ունի՝ 4 և 2,5 տարեկան: Կրտսերը սրտի արատ ունի, և նրան մի քանի տարվա կյանք է մնում: Ու այս հանգամանքից ելնելով՝ ինքն իրեն չի կարող թույլ տալ, որ երեխաներն ավելի մեծ սթրես տանեն: Armlur.am-ի հարցին՝ արդյոք Արսենը երեխաների նկատմամբ և՞ս բռնություն գործադրել է, Անժելան դրական պատասխան տվեց՝ հրաժարվելով սրա հետ կապված այլ մանրամասներ հայտնել:
«Առանց այդ էլ երեխայիս շատ քիչ է մնացել ապրելու: Ես չեմ կարող թույլ տալ, որ այս ամենը խորանա: Բոլորս էլ հասկանում ենք, որ հոգեկան հիվանդ մարդու հետ մի տան մեջ ապրելը վտանգավոր է, ու ես չեմ կարող նման ընտանիքում ապրել: Ասել եմ, որ հանուն ամուսնուս ու երեխաներիս կդիմանամ, բայց նա պետք է բուժվի: Ուղղակի նման հիվանդություն ունեցող մարդը չի հասկանում՝ ինչ է նշանակում կնոջ իրավունք, ինչ է նշանակում բռնություն»,- եզրափակեց Անժելան: Վերջինս դժվարացավ ասել, թե դեռ որքան ժամանակ կմնա հայրական տանը՝ Գորիսում:
Armlur.am-ը զրուցեց նաև Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանի հետ, ով հայտնեց, որ գյուղում ընտանեկան բռնություններ, այն էլ` տեգրոջ կողմից հարսի նկատմամբ իր պաշտոնավարման տարիներին չեն գրանցվել: Գյուղապետը ցավով նկատեց, որ այս ընտանիքում նման միջադեպ է եղել: «Ես զրուցել եմ հարսի հոր հետ: Նա հայտնեց, որ սա սովորական ընտանեկան խնդիր է, այն կլուծվի: Պարզապես ցավալի է, որ կարող է նման բան պատահել»,- ասաց համայնքի ղեկավարը:
Մնում է հուսալ, որ կողմերը հաշտության կգան՝ հաշվի առնելով գոնե մանկահասակ երեխաների գոյության փաստը: Իսկ բոլոր այն կանայք, ովքեր ընտանեկան բռնության զոհն են դառնում, կբարձրաձայնեն և կպաշտպանեն իրենց իրավունքները: