Այսօր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Արայիկ Աղաբաբյանը ևս լքեց կուսակցությունը: Նա նպատակահարմար է գտնում հանդես գալ որպես անկուսակցական պատգամավոր:
Armlur.am-ը փորձեց խմբակցությունում մնացած և օրենսդրական նախաձեռնություններով, քննարկումներին ակտիվ մասնակցելով այնքան էլ աչքի չընկնող պատգամավորներից ճշտել, թե վերջիններս ևս պատրաստվում են հետևել իրենց կուսակիցների օրինակին: Հաջողվեց կապ հաստատել խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ:
Մասնավորապես` պատգամավոր Արմեն Ավետիսյանն ասաց` այս պահի դրությամբ նման մտադրություն չունի:
«Եթե նման բան լինի, հաստատ կիմանաք»,- ասաց նա:
Պատգամավորներից Հայկ Խաչատրյանն էլ նշեց` իր դուրս գալու վերաբերյալ լուրերը զուտ լուրեր են, և ինքը չի պատրաստվում լքել կուսակցությունը:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արշակ Մխիթարյանը «դժգոհեց», որ 15 օր է` լրագրողներն իրեն նույն հարցով զանգում են և փորձում ժամանակից շուտ ինչ-որ բան իմանալ: «Դուք կլսեք երբ ես դուրս գամ կուսակցությունից: Ինչի՞ եք ժամանակից առաջ ընկնում: Այս պահի դրությամբ ես նման մտադրություն չունեմ»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:
Պատգամավորներից մի քանիսի հետ չհաջողվեց կապ հաստատել, քանի որ վերջիններս հեռախոսազանգերին չէին պատասխանում: