«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ մինչև ԱԺ հաջորդ քառօրյան «գլուխ կբերվի» ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորի խմբի ձևավորումը: Արդեն իսկ ճշգրտվում են ֆորմատն ու անելիքները, որպեսզի նոր խումբը հանդես գա իբրև ինքնուրույն միավոր, բայց իրականում խմբում ընդգրկվածները հարկ եղած դեպքում խորհրդարանի քվեարկությունների ժամանակ կաջակցեն իշխող ՀՀԿ-ին»:
Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից Արագած Ախոյանն ասաց, որ նման բան չկա:
«Բոլորը խոսում են մի բանի մասին, որի մասին երբևիցե ո´չ քննարկում է տեղի ունեցել, ո´չ նույնիսկ ակնարկ է եղել: Ես չգիտեմ` ինչի մասին է խոսքը, ինչ խմբի: Երբ որ առաջարկ ստանանք, կամ նման խոսակցություն եթե լինի, նոր կքննարկենք: Չեղած բանի մասին, կարծում եմ, ճիշտ չէ քննարկում անել»,- ասաց Ախոյանը: Նա շեշտեց` առայժմ նման մտադրություն չկա, և խմբակցությունից դուրս եկած պատգամավորները չեն հանդիպել:
Պատգամավորը վստահեցնում է` երբ քաղաքական դաշտն ամբողջովին խաղաղվի, կարգի բերվի, այդ ժամանակ էլ կերևա:
Ազատամարտիկ, ԲՀԿ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը նույն պատասխանը տվեց: Նա ևս նման որոշումից կամ գաղափարից տեղյակ չէ և ոչ մեկի հետ չի հանդիպել կամ քննարկել անկուսակցական պատգամավորների խումբ ստեղծելու վերաբերյալ: