ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի երկկողմ կրթական հարաբերությունների զարգացման համար:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, շեշտել է միջբուհական կապերի զարգացման հնարավորությունները Հայաստանի և Շվեյցարիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև՝ առանձնացնելով հնագիտության, հումանիտար, սոցիալական և հայագիտական ոլորտների մասնագիտությունները: Նշվել է, որ հաջողված համագործակցության փորձ ԵՊՀ-ի և Ժնևի համալսարանի միջև արդեն ձևավորված է, որը կարող է երկկողմ կրթական կապերի հետագա զարգացման խթան հանդիսանալ: ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է աշխատանքներ տանել Հայաստանի և Շվեյցարիայի միջև միջպետական կրթական համաձայնագիր կնքելու և երկկողմ կրթաթոշակային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
Դեսպան Լուկաս Գասսերը նշել է, որ շվեյցարական կողմն հետաքրքրություն ունի նաև Հայաստանի միջին մասնագիտական կրթության բնագավառի, մասնավորապես, բժշկական ոլորտի ՄԿՈՒ հաստատությունների նկատմամբ: Շեշտելով, որ Հայաստանի կրթական հաստատությունների համար միջազգային համագործակցության ընդլայնումը գերակա քաղաքական ուղղվածություն է համարվում՝ նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է գյուղատնտեսական և տեխնիկական մասնագիտությունների կարևորությունը Հայաստանի տնտեսության համար:
Հանդիպման ընթացքում Շվեյցարիայի դեսպանը վերահաստատել է, որ մայիսին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին շվեյցարական կողմը կմասնակցի ներկայացվածության բարձր մակարդակով: