ՀԱՐՑ. Մի հատ անլուրջ ռազբորկայի համար ինձ դատապարտել են 7 տարվա ազատազրկման, բայց ո՛չ վիրավոր կա, ո՛չ զոհ: Ամեն տարի դիմում եմ, որ ինձ վաղաժամկետ ազատ արձակեն, բայց չեն անում: 4 տարի կալանավայրում իմ պատիժն եմ կրում, բայց անընդհատ մերժում են, ի՞նչ անեմ: Տարոն Սարիբեկյան, 28 տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ արդարադատության նախարարի ուշադրության կենտրոնում են եւ հիմա էլ նախարարությունում քննարկվում են «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու» հարցերով անկախ հանձնաժողովների գործունեության եւ ընդհանրապես այդ ինստիտուտի կիրառման խնդիրները: Մոտ ապագայում կլինեն բարեփոխումներ թե՛ այդ ինստիտուտի կիրառման եւ թե՛ անկախ հանձնաժողովների գործունեության առնչությամբ: ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական ՆԻԿՈԼԱՅ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` երիտասարդը դեռ պետք է սպասի մինչեւ նոր բարեփոխումներ կատարվեն, որպեսզի արդարությունը հաղթանակի: Իսկ թե դա երբ կլինի, բնականաբար, որեւէ մեկը չի կարող ասել: Բայց հայտնի է, որ մինչեւ հիմա անկախ կոչված հանձնաժողովը մեծամասամբ աշխատել է կոնկրետ մարդկանց ցուցումներով. եղել է հրահանգ, ազատ են արձակել դատապարտյալին, չի եղել` թողել են դատապարտյալին բանտում: Շատ դեպքերում պատշաճ չեն ուսումնասիրվել դատապարտյալի բոլոր փաստաթղթերը, հաշվի չեն առնվել դատարանների կամայականությունները: Որեւէ մեկին գաղտնիք չէ, որ դատավորները եւս վճիռներ են կայացնում կոնկրետ ցուցումներով, դրա համար էլ շատ մարդիկ հանիրավի են պատժվում: Ու նաեւ այստեղից է ծնվում սոցիալական անարդարություն ասվածը: Մարդիկ շատ դեպքերում հանցագործ են դարձել ակամա, հանգամանքների բերումով եւ նրանց հետ վարվել ինչպես «վերջացած» քրեական հանցագործների, մեղմ ասած, ճիշտ չէ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ