Հայաստանի Գիտությունների ակադեմիան կասեցնում է իր հարաբերությունները Հունգարիայի ԳԱ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան ուղերձ է հղել Հունգարիայի Գիտությունների ակադեմիային եւ Հունգարիայի գիտական հանրությանը: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի միջեւ ավելի քան կեսդարյա արդյունավետ ու խոստումնալից համագործակցություն է ձեւավորվել գիտության տարբեր բնագավառներում: Չնայած ապագային միտված հեռանկարային պայմանավորվածություններին` Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, ելնելով Հունգարիայի արդի կառավարության կողմից ստեղծված աննախադեպ եւ հումանիզմի բոլոր արժեքները ոտնահարող գործողություններից, ստիպված կասցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ: Եվրոպական միության  եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների` Ադրբեջանի իշխանությունների հետ կնքած խայտառակ, անպատիվ ու անհանդուրժելի գործարքը ցնցել ու խորապես վրդովել է գիտության հայ մշակներին` դրդելով ապաքաղաքական համարվող գիտնականներին ծայրահեղ ու աննախադեպ նմանօրինակ քայլի: Հուսով ենք, որ ծանրակշիռ Ձեր ձայնը լսելի կդարձնեք Ձեր իշխանություններին, կդատապարտեք ու կպարսավեք նրանց անբարո եւ հունգար ժողովրդի համար անպատվաբեր գործարքը”:




Լրահոս