Օրեր առաջ Երեւան ժամանած հայտնի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովայի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը չեղյալ հայտարարվեց: Տեղեկացվեց, որ համերգի չկայանալու պատճառը Ալեգրովայի առողջական վիճակի կտրուկ վատացումն է եղել. նա հոսպիտալացվել է:
Նույն օրը երգչուհին հանդես եկավ ուղերձով, որում հայցեց հանդիսատեսի ներողամտությունը եւ խնդրեց ըմբռնումով մոտենալ կատարվածին: Կազմակերպիչներն էլ տեղեկացրին, որ համերգը հետաձգվել է ու կայանալու է ապրիլի 6-ին, նույն դահլիճում, նույն ժամին:
Մեկը մյուսին հաջորդող հայտարարություններին, սակայն, քաղաքացիները ոչ միայն ըմբռնումով չմոտեցան, այլեւ նրանց շրջանում բողոքի ալիք բարձրացավ: Համացանցում սկսվեց ակտիվորեն քննարկվել «տապալված համերգ»-ը. «Հայ հանդիսատեսն արդեն մի տեսակ ֆոբիա ունի հայտնի աստղերի մասնակցությամբ մեզ մոտ կազմակերպվող համերգներից: Հիշենք տարիներ առաջ Սառա Քոննորի երեւանյան տապալված համերգը, կամ ինչո՞ւ ենք հեռու գնում՝ դաշնակահար Անտոնիո Գոնսալեսի` վերջերս չեղյալ հայտարարված համերգը, հիմա էլ Ալեգրովան»,-գրել էր «Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերից մեկը:
Իսկ մինչ սոցցանցի «բնակիչները» քննարկում էին կատարվածը, Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում հավաքված ժողովրդի մի մասը` խուճապի մատնված, մյուս մասը` զայրացած, հարցնում էր` ինչո՞ւ են իրենք գնացել-հասել համալիր եւ միայն համերգի նախանշված ժամից րոպեներ առաջ իմացել, որ այն չեղյալ է հայտարարվել, եւ ինչո՞ւ իրենց տեւական ժամանակ առանց պատճառաբանության ներս չեն թողել: «Մեզ մինչեւ վերջին վայրկյանը տեղյակ չեն պահել, թե ներսում ինչ է կատարվում: Ի դեպ, բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել համալիրում»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Արեւ Մկրտչյանը, ով եւս գնել էր Ալեգրովայի համերգի տոմս եւ եղել համալիրում:
Համերգի կազմակերպիչ «Forpostart Prodaction»-ի հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց` հանդիսատեսին նախապես չզգուշացնելու պատճառը եղել է այն, որ Ալեգրովայի առողջական վիճակը կտրուկ վատացել է նույն օրվա ժամը 17:00-ին, նա ջերմել է, այնուհետեւ ստիպված են եղել շտապ օգնություն կանչել: «17:15-ին նա դեռ իր խմբի հետ փորձ էր անում: Մինչև վերջին րոպեն ուզում էր փրկել համերգը: Իսկ հայտարարությունը հետաձգվում էր, որովհետեւ վերջնական որոշումն ինքը պետք է կայացներ»,- ասաց նա:
Հաջորդ հարցը, որը քաղաքացիների շրջանում քննարկվում էր, կապված էր նույն օրը տոմսերը ետ վերադարձնելու անհնարինության հետ. «Գուցե կա մեկը, ում ապրիլի 6-ին հարմար չէ ներկայանալ համերգի»- դժգոհում էին հուսախաբ եղած մարդիկ:
Հարցին անդրադառնալով` Զառա Մխեյանը տեղեկացրեց, որ տոմսերը հնարավոր կլինի վերադարձնել համերգի օրը` ապրիլի 6-ին:
Քաղաքացիների մյուս մտավախությունն էլ կապված էր մամուլում ավելի վաղ տեղ գտած հրապարակումների հետ, որտեղ նշվում էր, թե 2013-ին «Ալեքս Իվենթ» ընկերության եւ Զառա Մխեյանի կազմակերպմամբ Թբիլիսիում նախատեսված Իրինա Ալեգրովայի համերգի չեղյալ հայտարարվելուց հետո կազմակերպիչները շատերի տոմսերի գումարները չեն վերադարձրել: Երեւանյան համերգի տոմսերը գնողները մտահոգություն ունեն, որ «կազմակերպիչների ձեռագիրը կարող է կրկնվել»:
Այս առնչությամբ Զառա Մխեյանը շտապեց հավաստիացնել, որ տվյալ համերգի տոմսերի գումարները վերադարձվել են, բացառությամբ 18 հոգուց, ովքեր կարող են պաշտոնապես դիմել կազմակերպությանը. «Մեր կազմակերպությունը 25 տարի է` աշխատում է, եւ երբեւէ նման դեպք չի եղել, մենք չենք կարող մեզ նման բան թույլ տալ, ընկերության անունը մեզ համար թանկ է: ժողովուրդը պետք է հարգալից վերաբերվի սիրված երգչուհուն եւ կազմակերպիչներին»,-ասաց նա:
Հայ հանրության շրջանում քննադատություններ հնչեցին նաեւ հետաձգված համերգի օրվա հետ կապված: Այժմ, երբ ողջ հայությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որքանո՞վ է կոռեկտ հատկապես ապրիլ ամսին նման համերգի անցկացումը. «Գիտեք` որոշումը կայացվել է շտապ կարգով, քանի որ այդ պահին հարկավոր էր հանդես գալ հայտարարությամբ: Իրինա Ալեգրովայի գրաֆիկը շատ խիտ է, նա է որոշել օրը, այդ ժամանակ ես չեմ կարողացել հարցին լուծում տալ, մենք կմտածենք այդ հարցի շուրջ, եթե հասկանանք, որ կարելի է ուրիշ օր անցկացնել համերգը, օրը կփոխենք»,-մեկնաբանեց Զառա Մխեյանը:
Հ. Գ. Տեղեկացնենք, որ Ալեգրովան առողջացել է ու մարտի 8-ին ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Երգչուհու տնօրենը նշել է, որ մյուս համերգները ևս կանցնեն սահմանված գրաֆիկով:
Աննա Բաբաջանյան