Ինչ կապ ունի Կադիրովի պարգևատրումը Նեմցովի սպանության հետ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության բացահայտումը ընթանում է «աղետալի արագությամբ» եւ միանգամայն սպասելի սցենարով: Ինչպես եւ կատարվածի հաջորդ իսկ օրը ներկայացվել էր իշխանական լրատվամիջոցներով՝ որպես սպանության հիմնական վարկած հաստատվում է իսլամիստական շարժառիթը, այն է` Նեմցովը վիրավորել էր մուսուլմաններին` տարեսկզբին ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրակազմի գնդակահարության կապակցությամբ:

Ինչպես հայտնի է՝ Նեմցովի սպանության կասկածանքով արդեն իսկ կալանավորվել են հինգ հոգի, եւ Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ Անզոր Գուբաշեւը եւ Զաուր Դադաեւը համարվում են Բորիս Նեմցովի սպանության կազմակերպիչներն ու անմիջական կատարողները: Ուշագրավ է, որ վերջինը հանդիսանում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անմիջական վերահսկողության տակ գտնվող չեչենական ոստիկանության «Հյուսիս» էլիտար ջոկատի հրամանատարը, ում Կադիրովը պարգեւատրել է «Արիության մեդալ»-ով: Իր հերթին Կադիրովին էլ երեկ պարգեւատրել է Վլադիմիր Պուտինը` անտեսելով այս կապակցությամբ հանրային դժգոհությունը: Ավելին` Պուտինի խոսնակը Կադիրովի պարգեւատրումը որակել է «պատահականություն»:

Բնականաբար, սպանության այս վարկածը Նեմցովի ընկերների եւ համախոհների կողմից որակվում է որպես անհեթեթություն, չնայած որ Կադիրովի եւ Նեմցովի «բարդ» հարաբերությունները տարիների պատմություն ունեն: Ամեն դեպքում, արդեն իսկ այն փաստը, որ սպանությունը կատարվել էր չափազանց հանդուգն կերպով` Կրեմլի պատերի տակ, իր մեջ որոշակի մարտահրավեր է պարունակում` ուղղված Ռուսաստանի պետականությանն ու իշխանություններին: Սակայն դա միայն այն դեպքում, երբ դրա անմիջական կազմակերպիչները հենց այդ պատերի հետեւում չեն: Դատելով Կադիրովին պարգեւատրելու` Պուտինի «պատահական» հրամանագրից` Նեմցովի սպանությունը, համենայն դեպս, ՌԴ քննչական կոմիտեի հաստատած անձանց իրականացմամբ, Կրեմլը գնահատել է ոչ թե որպես մարտահրավեր, այլ անցանկալի թիրախի հեռացման` գուցե եւ ընդամենը Կադիրովի մակարդակով տրված հանձնարարության հաջող իրականացում:

Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ Ռուսաստանի ներկայիս վարչակարգի պայմաններում «ուչաստկովիի» մակարդակի այդ գործը կունենա նույնպիսի ճակատագիր, ինչպես եւ մինչ այդ ՌԴ-ում եւ հետխորհրդային երկրներում, այդ թվում եւ` Հայաստանում, տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունները: Դրանք բոլորն էլ մեկ խնդիր են լուծել` ահաբեկել հանրությանն ու ընդդիմադիր գործիչներին: Եվ այս իմաստով, թերեւս, բարեբախտություն է, որ վերջին զարգացումների ընթացքում Հայաստանում հաշիվները մաքրվեցին ընդամենը ելույթների եւ կուլիսային հանդիպման ընթացքում հնչեցված սպառնալիքների մակարդակով:




Լրահոս