ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ բարեկամական խմբի անդամները մարտի 10-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ:
Հերմինե Նաղդալյանը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակից եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում եւս երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի նպաստ երկու պետությունների ու ժողովուրդների: Խոսելով հայ-չինական փոխգործակցության խորացման կարեւորությունից՝ տիկին Նաղդալյանը կարեւորել է միջխորհրդարանական եւ միջպետական կապերի առավել ընդլայնումը, բարեկամական խմբերի մակարդակով հանդիպումները:
Թիան Էրլունը եւս անդրադարձել է միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանը, կարեւորել խորհրդարանականների ակտիվ շփումները եւ փորձի փոխանակումը՝ այս համատեքստում բարձր գնահատելով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ունեցած ներդրումը:
Հանդիպման ընթացքում որոշակիացվել են համագործակցության հետագա ուղղությունները: Կարեւորելով միջխորհրդարանական կապերի խորացումը՝ բարեկամական խմբի անդամները նշել են, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում, մասնավորապես մշակութային, առեւտրատնտեսական, կրթության, հումանիտար ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: