ԿՐԱԿՈՂՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՄԱՔՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը ոչ մեկից հրահանգ չի ստացել Գյումրու քաղաքապետի ընտրություններում որեւէ թեկնածուի սատարելու շուրջ: Նա նշեց, որ իր անձնական ցանկությունն այն է, որ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվի Գյումրու քաղաքապետ:
-Պարո՛ն Գիզիրյան, Գյումրիում երեկ էլի կրակոցներ են հնչել…
-Այո՛, Գյումրիում արդեն նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ է հարուցվել, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, կարող եք այդ հարցով դիմել իրավապահ մարմիններին:
-Որպես մարզպետ՝ տեղյա՞կ եք` ինչ է կատարվել իրականում, ովքեր են այդ կրակոցների հեղինակներն ու մեղավորները:
-Կարծում եմ՝ կրակողները փորձում են ինքնամաքրման գնալ: Դե որ կրակում են, ուրեմն էդքան հեռատես չեն ու ինքնամաքրման են գնում էլի, ի՞նչ ա եղել:
-Իսկ ովքե՞ր են այդ ինքնամաքրվողները:
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ այս պահին նյութեր են նախապատրաստվում, եւ, ինչքան գիտեմ, քրեական գործ կա հարուցված: Այդ գործի շրջանակներում կպարզվի, թե ովքեր են կրակել, ու այդ ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կստանաք:
-Այս անգամ եւս նշվում է Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի անունը:
-Ինչքան Դուք եք լսել, այդքան էլ ես եմ լսել, այնպես որ, կոնկրետ չգիտեմ՝ ով է, ես էլ եմ նմանատիպ բան լսել, բայց չեմ կարող ասել` մասնակցություն ունեցել է, թե չէ:
-Իսկ Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրություններում Դուք անձամբ ո՞ւմ եք սատարելու:
-Դուք գիտեք, որ ես անկուսակցական եմ, բայց բոլոր դեպքերում պաշտպանում եմ ՀՀԿ-ի թեկնածուներին:
-Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ական է, այս դեպքում ո՞ւմ եք սատարելու:
-Բալասանյանի հետ ՀՀԿ-ից մարդ չի դրել, ո՞ւմ պաշտպանեմ` ասե՛ք:
-Դո՛ւք պետք է ասեք` ում թեկնածությունն եք սատարելու:
-Եթե Բալասանյանը ՀՀԿ-ից լիներ, իհարկե կպաշտպանեի ՀՀԿ-ի թեկնածուին, բայց քանի որ չկա, Բալասանյանն էլ լուրջ անձնավորություն է, Բալասանյանին կպաշտպանեմ:
-Իսկ ՀՀԿ-ից արդեն հրահանգ ստացե՞լ եք, որ պետք է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը սատարեք:
-Ես արդեն ասացի, որ ես Հանրապետական կուսակցության անդամ չեմ, այդ հարցում ինձ հրահանգ չեն տալիս:
-Բայց այդ դեպքում ո՞ւմ օգտին եք աշխատելու, եթե Ձեզ ոչ մի հրահանգ չեն տվել:
-Ես ասացի արդեն, որ ոչ մեկի օգտին չեմ աշխատելու, ժողովուրդն ում ընտրեց, նրա հետ էլ աշխատելու եմ: Անձնական իմ կարծիքն եք ուզում իմանալ` ասում եմ. Բալասանյանին կցանկանայի տեսնել քաղաքապետի պաշտոնում: Սեպտեմբերի 9-ին կիմանանք՝ գյումրեցիներն ում են ընտրել:
Հ.Գ. Գյումրիում ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայրից հայտնաբերվել է կրակված երկու փամփուշտ: Խուզարկություններ են կատարվել «Օազիս» ռեստորանային համալիրում եւ «Ալեքսանդրապոլ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում: Երեկվա դրությամբ այս գործով մեկ հոգի արդեն ձերբակալվել է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս