ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՄԱՀԱՑԱՎ
Օգոստոսի 27-ին՝ իր ծննդյան օրը, Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկվել 52-ամյա  Վաչագան Հայրապետյանը: Նա տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, սակայն այնտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Արդեն պարզվել է, որ վրաերթի ենթարկած «BMW 745»-ի վարորդ 36-ամյա Ռոբերտ Գեւորգյանն ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի թիկնազորի անդամներից է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ԼԱ՞Վ, ԹԵ՞ ՎԱՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
«2013թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնելու «Եկամտային հարկի մասին» նոր օրենքը, որով կփոխվի աշխատավարձերի հարկման ձեւը, սակայն աշխատավարձերի նվազում չի լինի»,-երեկ  կայացած մամուլի ասուլիսում հավաստիացրել է  ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա տեղեկացրել է, որ միասնական եկամտային հարկը կունենա հետեւյալ դրույքաչափերը` 24.4% (մինչեւ ամսական 120 հազ. եկամտի դեպքում) եւ 26% (ամսական 120 հազ. դրամը գերազանցելու դեպքում): Այդ դրույքաչափերը կփոխարինեն այսօրվա գործող եկամտահարկին ու սոցիալական ապահովության վճարներին: Գաբրիելյանը նաեւ շեշտել է, որ օրենքով արգելվում է գործատուին 2013թ. հունվարին առանց հիմնավոր պատճառաբանման նվազեցնել աշխատողների աշխատավարձը, այլապես նրանց մոտ կառաջանան հավելյալ հարկային պարտավորություններ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հավաստիացրել է, որ գործատուները նույնպես հավելյալ ծախսեր չեն կատարի: Ամսական 100 հազ. դրամ աշխատավարձ վճարելիս գործատուի հավելյալ ծախսը, որը, նախարարի ներկայացմամբ, կազմում է 775 դրամ, կփոխհատուցվի հաշվետվությունների քանակի նվազման, դրանց կազմման վրա ծախսվող ջանքերի կրճատման շնորհիվ:

ՀԱԳՈՒՍՏԸ ՀԱՆԵՑԻՆ
«Ժողովուրդ»-ի երեկվա համարում ներկայացված լուսանկարը, որտեղ երեւում էր սպորտային հագուստով փակված արագաչափը, մեծ աղմուկ է առաջացրել: «Այո՛, եղել է հագուստ, որն այսօր (երեկ-խմբ.)՝ առավոտյան, հանվել է, այժմ արագաչափն արդեն աշխատում է: Մենք տեղեկությունը պարզել ենք, մամուլում գրվածը ճիշտ էր, սակայն հիմա ամեն ինչ վերացված է»,-tert.am-ին ասել է  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը: Նա նշել է, որ արագաչափերը տեսանկարահանում չեն կատարում, այդ իսկ պատճառով օնլայն ռեժիմ չի եղել, եւ չեն կարողացել տեսնել, թե ով է հագուստը տեղադրողը:

ԱԶԱՏՎԵԼ Է
Հայաստանի գլխավոր դատախազի՝ օգոստոսի 28-ի հրամանով աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանը:

ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐ
ՀՀԿ կենտրոնական շենքում շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնք կավարտվեն նոյեմբերին։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն «Ա1+»-ին հայտնել է, որ դա չի կարող խոչընդոտ լինել կուսակցության գործունեության համար, քանի որ կուսակցությունը տարածքային տարբեր կառույցներ ունի։

ՇԱԽՄԱՏ
Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց հավաքականները հաղթանակ տարան: Ընդ որում, երկու հավաքականներն էլ հաղթել են միեւնույն՝ 3-1 հաշվով. բավական անհավանական կերպով պարտություն կրեցին Սերգեյ Մովսիսյանն ու Լիլիթ Գալոյանը, իսկ մյուսները հաղթեցին: Տղամարդկանց հավաքականի մրցակիցն էր Բոլիվիայի թիմը, կանանց հավաքականինը՝ Հորդանանը:

ԱՐԴԻԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի կհանի ՀՀ կառավարության աշխատակազմի 6 տրանսպորտային միջոցներ: Մեքենաներից ամենաթանկը «BMV-X5» մակնիշի է` 2003թ. արտադրության: Այն գնահատված է մոտ 6.5 մլն դրամ: Մյուս մեքենաները (որոնց թվում` մեկ էլեկտրական բարձիչ) ռուսական արտադրության են: Մասնավորապես` 2002թ. «Գազ-3110»-ը գնահատված է 380 հազ. դրամ, իսկ «Վազ-21213»-ը` 1.8 մլն դրամ: Փաստորեն, երբ հայրենի կառավարությունը խոսում է  գործիքակազմի նոր եւ արդիական միջոցների ներգրավման անհրաժեշտությունից, խոսքն ընդամենը նոր եւ ավելի թանկարժեք մեքենաներ ձեռք բերելու մասին է:

ՊԱՏՎԵ՞Ր Է
ԱԺ էթիկայի նորակազմ հանձնաժողովի՝ օգոստոսի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի դեմ դիմումը վերջինս ակնհայտ պատվեր է համարում: «Հանցագործը որ դատված չլինի, էսօր սենց պետք ա լինի: 100 տոկոս պատվեր ա իր դիմումը: Եթե մի մարդ գալիս ա մարդ սպանելու, ու էդ մարդուն չեն դատում, էդ մարդն ուրիշ պահա՞նջ էլ ունի ներկայացնելու: 14 անգամ դատված հանցագործը իրավունք ունի՞ պահանջ ներկայացնելու»,-Yerkir.am-ի հետ զրույցում  ասել է Կ. Կարապետյանը:




Լրահոս