Armenian text to speach

ՏՂԱՄԱՐԴԻԿ` ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ, ԿԱՆԱՅՔ՝ ԶՈՒ ԾԱՌԱՅՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եթե այսպես շարունակվի, ապա հայկական զինված ուժերում արական սեռին փոխարինելու կգան հայ կանայք ու աղջիկները, իսկ բանտերում արդեն գենդերային հավասարություն կհայտարարեն ու բերդերը կլցնեն հայ կին-զինծառայողներով, որովհետեւ էլ բանակ գնացող տղամարդ չի մնա կամ շատ քիչ կմնա:
Երեւանի կայազորի զինվորական դատախազության քննած մի գործով անցնող ամբաստանյալները պայմանագրային զինծառայողներ Արմենուհի Ծատուրյանն ու Նաիրա Բագիրյանն են: Ըստ մեղադրանքի՝ նրանք խախտել են ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները՝ հայհոյել եւ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ: Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 39-ամյա Ա. Ծատուրյանն ու Երեւանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ 43-ամյա Ն. Բագիրյանն ընդամենը զորամասի խոհարարներ են եղել: Դեռ  հայտնի չէ, թե այս տարվա մայիսի 19-ին նրանցից ով է ում վրա հարձակվել, ինչն է եղել հարձակման պատճառը, ասենք՝ կարտոֆիլը լավ չմաքրելը, թե աշխատելիս «գլուխ պահելը», բայց դա այնքան է զայրացրել զինծառայող, նախկինում չդատված կանանց, որ նրանք ճաշարանի հանգստի սենյակում գտնվելու ժամանակ հունից դուրս են եկել եւ մի լավ միմյանց հայհոյել ու մազ քաշել: Այժմ դատվում են «զինվորական հոդվածով» (359-րդ հոդվ. 1-ին մաս)՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնները խախտելու համար, որը նախատեսում է պատիժ՝ կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում ծառայություն` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Դա գուցե նրանից է, որ բանակում աղջիկները ոչ միայն քանակը պետք է «ապահովեն», այլեւ բանակային հանցագործությունների ցուցանիշը, որովհետեւ կրոնական համոզմունքների հիմքով բանակից խուսափելու դեպքերն արդեն մասսայական են դառնում: Օրինակ՝ միայն ս. թ. օգոստոսի 27-ին ներպետական դատարաններում նման մի քանի քրեական գործերի հանդիպեցինք: Մասնավորապես, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով Միխայիլ Արթուրի Մանասյանը մեղադրվում է այն բանի համար, որ կցագրված լինելով Կոտայքի տարածքային զինկոմիսարիատում եւ բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչված լինելով պիտանի ոչ շարային ծառայության համար՝ հրաժարվել է ՀՀ զինված ուժերում ծառայելուց եւ այլընտրանքային ծառայությունից, քանի որ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամ է:
Իսկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նույն օրը միանգամից 3 դատական նիստ էր նշանակված: Գործերից մեկով մեղադրվում էր Գեւորգ Մելսիկի Առաքելյանը, որը, կցագրում անցնելով Շենգավիթի զինկոմիսարիատում, ճանաչվել է պիտանի ժամկետային զինվորական ծառայության համար, սակայն լինելով «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ՝ հրաժարվել է մեկնել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության:
Հաջորդ մեղադրյալը Վահե Արշակի Սարգսյանն է. նա եւս, Շենգավիթի զինկոմիսարիատում 20.02.2009թ. անցնելով կցագրում, ճանաչվել է պիտանի ժամկետային զինծառայության համար, սակայն լինելով «Եհովայի վկաներ»  կազմակերպության անդամ եւ առաջնորդվելով կրոնական սկզբունքներով՝ հրաժարվել է մեկնել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության: Նա խախտել է  «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը եւ 2011թ. հերթական գարնանային զորակոչի ընթացքում չի ներկայացել Շենգավիթի զինկոմիսարիատ` խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից: Տիգրան Բոյաջյանը եւս նույն հիմքերով եւ պատճառաբանություններով 2011-ից հրաժարվել է ժամկետային եւ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից:
Հ.Գ. Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությամբ չհեռանալը: Իսկ մի քանի տարի հետո Եվրոպական դատարանը գուցե բավարարի նրանց դիմումները եւս, ինչպես մի քանիսինը, եւ դեռ ՀՀ բյուջեից էլ ֆինանսական փոխհատուցում վճարվի: Կստացվի՝ հայրենի բյուջեից վճարվելու են ՀՀ օրենքները չկատարելու համար: Մենք, իհարկե, կրոնական համոզմունքների դեմ ոչինչ չունենք, դրանք պետք է հարգել, սակայն հայրենի իրավաբանները պետք է գտնեն միջազգային այն չափորոշիչները, սահմանափակումները, որոնք կիրառելի են պատերազմի մեջ գտնվող երկրների համար, այլապես նման մասսայական հրաժարումներն ազգային անվտանգության լուրջ խնդիր կարող են հարուցել:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ



Լրահոս