ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 26-ի գիշերն իրենց տան տանիքում կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել Տավուշի մարզի Գանձաքար գյուղի 20-ամյա բնակիչ Սարգիս Իսկանդարյանը: Տեղի ունեցածից զարմացած են ոչ միայն տղայի ծնողները, այլեւ գյուղացիներն ու հարազատները: Նրանց խոսքերով՝ տղան ինքնասպան լինելու պատճառ չուներ:
Սարգիսն այս տարվա գարնանն էր հայոց բանակից զորացրվել: Գանձաքարի բնակիչներից տեղեկացանք, որ նա շփվող, կենսախինդ երիտասարդ էր: «Ընտանիքը սոցիալապես ապահովված է: Կրթված եւ համեստ մարդիկ են: Տղան էլ հարգանքով էր, բոլորին հասնող: Զարմացած ենք, որ նման բան եղավ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց Գանձաքար համայնքի ղեկավար Շահեն Շահինյանը:
Զրուցեցինք Սարգիսի հարազատներից մեկի՝ Վարդիթեր Իսկանդարյանի հետ, որը եւս զարմացած էր. «Բոլորիս համար անսպասելի էր այս դեպքը: Կյանքը սիրող, ուրախ, բարի, մի քիչ էլ ակտիվ տղա էր: Իր տարիքին բնորոշ խառնվածք ուներ: Երբեւէ  տարօրինակ ոչ մի բան չի նկատվել: Ամեն ինչն ադեկվատ էր: Կրակոտ բնավորություն ուներ: Շուտ էր բռնկվում: Բայց որպես անձ՝ հրաշալի էր: Անսպասելի հարված էր: Մենք հասկանում ենք, որ մարդը առանց պատճառի իր կյանքին վնաս չի տա: Բայց ինչն էր պատճառը՝ չգիտեմ: Մութ է ու անհասկանալի: Իրենք աստվածավախ ընտանիք են: Թե ընկերական շրջապատում է ինչ-որ բան եղել, դրանից տեղյակ չեմ»:
Վարդիթերի խոսքերով՝ Սարգիսը մի աղջկա է համակրել, սակայն զգացմունքը անպատասխան է եղել: «Դա նոր էր, եւ չեմ կարծում, որ այդքան շուտ տաներ հուսահատության: Կարծում եմ՝ դա էլ հիմք չէ»,-ենթադրեց Վարդիթերը:
Պարզեցինք, որ Սարգիսը մինչեւ բանակ գնալը սովորել է Իջեւանի եվրոպական քոլեջում, սակայն բանակից վերադառնալուց հետո չի ցանկացել շարունակել ուսումը. «Անտառից փայտ էր բերում ու վաճառում: Դրանով էր գումար վաստակում, ինչին ծնողները դեմ են եղել»:
Վերջում Վարդիթերը հավելեց, որ Սարգիսն ուներ մի քույր ու եղբայր, որոնք «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս