Հայաստանում արդարադատության համակարգի նկատմամբ վստահություն չկա. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար. azatutyun.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն այսօր զեկույց է հրապարակել, որում ամփոփել է հոկտեմբերին Հայաստան կատարած այցը: Այս առիթով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը զրուցել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զրույցից մի հատված:

– Պարոն հանձնակատար, անդրադառնանք հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող դատական գործերից մեկին՝ խոսքը Շանթ Հարությունյանի գործի մասին է: Դուք նրա մասին լսել եք, նա և իր աջակիցները դուրս էին եկել փողոց և հեղափոխության կոչեր էին հնչեցրել, սակայն ի վերջո նա ձերբակալվեց, դատապարտվեց ազատազրկման: Հայաստանում շատ ընդդիմադիրներ համարում են, որ այս գործը քաղաքական բնույթ էր կրում: Այս գործի հետ կապված մեկ այլ խնդիր էլ կա: Շանթ Հարությունյանի որդին, ով շատ երիտասարդ է՝ ընդամենը 14 տարեկան: Ի՞նչ կարծիքի եք այս դատական գործի մասին, արդյո՞ք իշխանություններն իրավունք ունեին դատել նաև նրա որդուն:

– Ես հնարավորություն չունեմ խորանալ յուրաքանչյուր կոնկրետ գործի մանրամասների մեջ, սակայն ինձ հետաքրքրել էր Շանթ Հարությունյանի որդու գործը, որովհետև գործ ունեինք երեխայի հետ, ով 14 տարեկան էր, երբ խնդրո առարկա իրադարձությունները տեղի ունեցան: Եվ ես ցնցված էի, երբ իմացա, որ նրան երկարաժամկետ ազատազրկում է սպառնում: Այլ կերպ ասած՝ նրան չէին վերաբերվում որպես երեխայի: Եվ, առհասարակ, հարկավոր է բարեփոխել անչափահասներին առնչվող օրենսդրությունը, այն դարձնել երեխաների համար ավելի նպաստավոր: Իմ այցելությունից հետո ես գոհունակությամբ իմացա, որ Հարությունյանի որդին պայմանական ազատազրկման է դատապարտվել և ազատ է արձակվել, նրան ազատազրկում չի սպառնում: Շատ ուրախ եմ լսել դա: Կարծում եմ դա լավ, իմաստուն և մարդկային վճիռ էր: Սակայն կուզանայի իմանալ, թե քանի՞ նմանօրինակ դեպքեր կան, երբ անչափահասներին երկար ազատազրկում է սպառնում: Կարծում եմ, երբ գործ ունենք այդօրինակ երիտասարդների հետ, նրանց կալանավորելը սխալ է: Սա սոցիալական խնդիր է, նրանք աջակցության կարիք ունեն, սոցիալական միջամտության կարիք:

Ինչ վերաբերում է Ձեր բարձրացրած մյուս հարցին՝ ընտրովի արդարադատության ընկալմանը, սա մի թեմա է, որին մենք անդրադարձել ենք մեր զեկույցում: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել այն մասին, որ ընդդիմադիրները զգում են, որ արդարադատությունը հավասարապես չի կիրառվում, և նրանք, ովքեր քննադատում են իշխանություններին, երկար պատժաչափերի են դատապարտվում, իսկ նրանք, ովքեր սերտ հարաբերությունների մեջ են իշխանությունների հետ, կա՛մ հեշտությամբ ազատ են արձակվում, կա՛մ թեթև պատժաչափեր են ստանում: Սա մի հարց է, որով իշխանությունները պետք է զբաղվեն: Սա երկարաժամկետ լուծում է պահանջում․ Հայաստանում արդարադատության համակարգի նկատմամբ վստահություն չկա հասարակության բոլոր շերտերում: Ահա թե ինչու արդարադատության համակարգում պետք է բարձրացվի պրոֆեսիոնալիզմը և դատավորների անկախությունը, ինչի մասին ես գրել եմ զեկույցում: Եվ սա կարող է օգնել հաղթահարելու ընտրովի արդարադատության ընկալումը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս