ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ՝ ԲՀԿ-Ի ՀՈՒՅՍՆ ՈՒ ԱՊԱՎԵՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թե ինչպես պատահեց, որ Տիգրան Ուրիխանյանը դարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անդամ, տարբեր վարկածներ են շրջանառվում: Ոմանք ասում են, թե ինքն է շատ խնդրել Գագիկ Ծառուկյանին, իսկ ոմանք էլ պնդում են, թե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն է նրան «գործուղել» ԲՀԿ: Իհարկե, Ուրիխանյանի համար մեծ պատիվ կլիներ համարվել երկրի նախագահի «մարդը», ինչին ձգտում էր նա՝ երկար ժամանակ մագլցելով իշխանական պատերով…
Այս երիտասարդը շա՜տ շուտ է սկսել մտածել իր կարիերայի մասին, շա՜տ շուտ է հասկացել, որ պետք է տեղ զբաղեցնել իշխանական սեղանի շուրջ: 1996-ին ընդունվել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, սակայն 2000-ին «դադարեցրել» է ուսումը: Թե ինչ է նշանակում ուսման դադարեցում, մենք այնքան էլ չհասկացանք, մանավանդ գրեթե վերջին կուրսից: Միայն 2004-ին է «վերսկսել» ուսումնառությունը՝ սովորելով Երեւանի կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: 2008-ին էլ ավարտել է Երեւանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Այսինքն՝ ոչ միայն բանակում չի ծառայել, այլեւ չի ստացել պետական բուհի դիպլոմ:
Բանակում չի ծառայել, սակայն սիրում է զենք կրել ու մարդկանց վախեցնել: «Այդ զազրելի անձնավորության անունը մի՛ տվեք: Նա կրակել է իրավապաշտպանի վրա, ես նրա անունը չեմ ուզում լսել: Ես նրան համեմատել եմ Նաիրի Հունանյանի հետ, նա հանցագործ է»,-ասում է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Իհարկե, Ուրիխանյանը կրակել է գազային ատրճանակով, որեւէ մեկին չի սպանել, մարմնական վնասվածք չի հասցրել, բայց… «Ի՞նչ է նշանակում փամփուշտ չի եղել: Մարդու վրա կրակել են: Մարդը կարող էր կաթված ստանալ, շաքարախտով հիվանդանալ: Նա հո չգիտե՞ր, որ դա գազային ատրճանակ է: Ես այդ կարգի մարդկանց անունը չեմ ուզում լսել»,-դարձյալ պնդում է Հմայակը… Իսկ Ուրիխանյանն իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա կրակելու փաստն այսպես է բացատրում. «Երեք հոգով՝ ինքը եւ իր երկու գործընկերները, միջինից բարձր ալկոհոլի ազդեցության տակ, երկու խաչմերուկ ինձ ու 30 տարի էպիլեպսիայով տառապող կուսակցական ընկերոջս հետեւել են, հարձակվել ու խուլիգանական արարքներ են կատարել, արդյունքում՝ ես իմ օրինական ատրճանակից կրակել եմ օդ` ինքնապաշտպանվելու համար»:
Դեռեւս շատ երիտասարդ, ընդամենը 22 տարեկան, առանց հիմնավոր կրթության Տ. Ուրիխանյանը դարձել է «Սարեկ» ՍՊԸ գլխավոր տնօրեն: Հետո չորս տարի սովորել է, ապա 2008-ին դարձել «Տրանսկոնսերվիս» ՍՊԸ գործադիր տնօրեն: Բայց հետո հավանաբար նրա կյանքի անիվը փոքր-ինչ շեղ է գնացել, ու Հայաստանի ամենաերիտասարդ գլխավոր տնօրենը դարձել է «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ գլխավոր տնօրենի խորհրդական: Թե ինչպես է համաձայնել գլխավոր տնօրենը խորհրդականի պաշտոնին, չգիտենք… Բայց գիտենք, որ 21 տարեկանում նաեւ դարձել է կուսակցական առաջնորդ եւ հիմնադրել Հայաստանի առաջադիմական կուսակցությունը: Պատկերացնո՞ւմ եք, միայն ամբիցիաներով առաջնորդվող մարդը մեր երկրին պիտի առաջադիմություն բերեր… Խե՜ղճ երկիր…
Նշենք, որ 2002թ. հիմնադրել է «Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ» հ/կ-ն, 2004թ.` «Կայունություն» հասարակական միավորումը: 2011թ. եղել է Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության (ՀՌՀԿՄ) նախաձեռնող խմբի ղեկավար: ՀՌՀԿՄ վարչության անդամ է, ՀՌՀԿՄ համակարգող: Տեսնո՞ւմ եք, այս երիտասարդն անընդհատ ինչ-որ բան է հիմնադրել ու ինքն էլ ղեկավարել: Դե ԲՀԿ-ում էլ երեւի այս տեսակն է պակասել, դրա համար էլ նրան պատգամավոր են դարձրել ու նաեւ վստահել կուսակցության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատուի պարտականությունները:
Տ. Ուրիխանյանը մի կարգախոս ունի. «Չփոփոխվել` կապված համոզմունքների, աշխարհայացքի եւ մտածողության հետ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ իրավիճակում»: Թե այդ ինչ իրավիճակներ են, երկար խորհեցինք եւ չգտանք, բայց մի՞թե համոզմունքների փոփոխություն չէ առաջադիմականությունից գնալ դեպի ԲՀԿ, որն առաջնորդվում է արեւելյան կապիտալիզմի դրույթներով եւ «թագավորապաշտ» գաղափարներով: Գուցե առաջադիմություն ասելով՝ Ուրիխանյանը հենց դրա՞նք է նկատի ունեցել…
Ժամանակին «կրակոտ» հայտարարություններ անող, իր «ողջակեզը» որոշ դեպքերում հայրենիքին նվիրաբերող Տ. Ուրիխանյանը, ում արտահայտած շատ մտքեր կարող էին զարդարել մեր երգիծական գրականությունը, ԲՀԿ շարքերում էլ շատ ակտիվացավ ու սկսեց դասեր տալ Յուրի Վարդանյանին: Երեւի ասել էին՝ գնա՛, մեջքիդ կանգնած ենք: Ու գնաց… Բայց Յ. Վարդանյանի անունն արդեն իսկ գրանցված է համաշխարհային սպորտի պատմության մեջ եւ միշտ հիշվելու է, իսկ թե ով է հետո հիշելու Տ. Ուրիխանյանի անունը, դժվար է ասել: Թերեւս հիշվի որպես երիտասարդ, որը, տարիներ առաջ, դեռ Սերժ Սարգսյանի թեկնածությունը չառաջադրած, հայտարարեց, թե սատարելու է նրան:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս