ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրն ադրբեջանական սահմանին մոտ  գտնվող համայնքներից է: Օրեր առաջ այն կրկին գնդակոծվել է: Գյուղապետ Մանվել Կամենդատյանի վկայությամբ՝ այս անգամ համայնքում մեծ վնասներ ու մարդկային կորուստներ չեն եղել: Սակայն ադրբեջանցու հարեւանությամբ ապրելն արդեն մեծ դժբախտություն է: «Արյան գնով ապրուստ ստեղծող գյուղացին, ամեն պահ վտանգելով իր կյանքը, այգի է մշակում, հաց է ստեղծում ու թշնամու աչքը հանելով՝ իր վաթանը չի լքում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց համայնքապետը:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղը գտնվում է հանրապետության հյուսիսարեւելյան գոտում, հիմնադրվել է մոտ 200 տարի առաջ: Բնակիչները հիմնականում Արցախից տեղափոխվածներ են: Մայրաքաղաքից հեռու է 192, մարզկենտրոնից՝ 59, իսկ ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ: Մինչեւ 1990-ական թվականների սկիզբը գյուղը բավականին զարգացում է ապրել, այստեղ կառուցվել են միջնակարգ դպրոց, մշակույթի տան, կապի, առեւտրի եւ կենցաղային սպասարկման տիպային շենքեր: Սակայն ազգամիջյան կռիվների ընթացքում ռմբակոծություններից տուժել ու ավերվել են թե՛ մասնավոր տների մեծ մասը, թե՛ վարչական եւ մշակութային օբյեկտները: Արդյունքում այսօր համայնքը չունի գյուղապետարանի շենք, չեն գործում ակումբն ու գրադարանը: Ավերածությունների չափով Ն. Կարմիրաղբյուրը համարվում է հանրապետության ամենատուժած գյուղերից մեկը:
Ներքին Կարմիրաղբյուրը զբաղեցնում է 1844 հա տարածք, որից 763-ը վարելահողեր, իսկ 33-ը պտղատու այգիներ են: Համայնքի ղեկավարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիները վարելահողերի 20%-ն են կարողացել մշակել: Խաղողի եւ պտղատու այգիների մեծ մասն անմշակ է մնացել, քանի որ դրանք գտնվում են թշնամու նշանառության տակ: «Մի կերպ ռիսկ ենք անում բաղերը գնանք: Ամեն րոպե վտանգ կա, չես իմանա՝ երբ կկրակեն: Գյուղացիք արյան գնով ապրուստ են ստեղծում, էլ ճար չունեն,-ասաց համայնքապետը եւ անկեղծացավ,-օրական 70 լրագրող ա զանգում, ես պիտի հաստիք պահեմ, որ նրանց հարցերին պատասխանի: Թե չէ գործից կտրում են, անիմաստ հարցեր են տալիս, թե նրանց լսողն ով ա: Հիմա էլ դու որ գրեցիր, ի՞նչ ա փոխվելու, իմ գեղի ապրողի ցավը դրանից հո չի՞ փոխվելու կամ նա դրանից ի՞նչ ա շահելու»:
Համայնքում ապրում է 1050 մարդ՝ շուրջ 380 ընտանիք: Խորհրդային միության  փլուզումից հետո, ըստ գյուղապետի, շատ մարդ չի լքել գյուղը. «Հիմնականում տղամարդիկ սեզոնին գնում են խոպան, ձմռանը վերադառնում: Քիչ մարդ է դուրս եկել, էս 10-15 տարում հազիվ 50 մարդ գնացած լինի: Այս տարի ունենք 12 առաջին դասարանցի, անցյալ տարիների համեմատ լավ ցուցանիշ է, իսկ դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը 125 է»:
Գյուղում բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ եւ բուսաբուծությամբ: Չնայած համայնքն ապահովված է ոռոգման եւ խմելու ջրով, սակայն հողերի լիակատար մշակությանը խոչընդոտում է գյուղտեխնիկայի բացակայությունը: «50 տարի է՝ կոմբայն ենք ուզում, լսողն ո՞վ ա: Երբ ասեցինք, ասեցին՝ փող չկա: Բայց դե մի կոմբայնը կամ մի թրթուրավոր տրակտորը ամբողջ գյուղը կկերակրի, չէ՞: Ունենք աշխատուժ, ունեք լավ հողեր, բայց գյուղտեխնիկա չունենք: Ինչի՞ պիտի մեր տղամարդիկ ուրիշ ազգերի համար մեջք ծռեն, վիզներն էլ թեքեն, աշխատած փողին սպասեն»,-սրտնեղած նշեց համայնքապետը:
Ներքին Կարմիրաղբյուրի բազմաթիվ հիմնախնդիրների մեջ համայնքապետը նշեց ճանապարհների բարեկարգումը, գյուղապետարանի շենքի կառուցումը, որն արդեն մեկնարկել է. «Ունենք ճանապարհի վերականգնման խնդիր: Մեծ կարեւորություն ունի Թովուզ-Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհի 6 կմ հատվածի ասֆալտապատումը: Չենք ուզում միանգամից Փարիզում ապրել, գյուղի գրունտային ճամփեքով էլ կքայլենք»:
Գյուղապետի կարծիքով՝ ամենամեծ գերխնդիրը Ն. Կարմիրաղբյուրում  խաղաղության ապահովումն է: Կամենդատյանը վստահ է, որ մեր հայրենակիցները խաղաղ պայմաններում պատրաստ են արարել ու շենացնել գյուղը առանց լրացուցիչ աջակցության. «Ոչ մեկից ոչ մի աջակցություն չեմ ուզում, միայն խաղաղություն: Բեզարել ենք, գյուղացիք վախից ցավ են փեյդահ արել: Թող խաղաղություն լինի, մենք ինքներս մեր հարցերը կլուծենք, մեր հողը կմշակենք, մեր հացը կվաստակենք: Մեր տղամարդիկ մեր հողում կմնան, մեր տունը կշենացնեն, մեր ազգը կբազմացնեն»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս