Այս օրերին Իջեւան քաղաքի խանութներում եռուզեռ է: Մայրիկներն իրենց դպրոցահասակ երեխաների համար հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ են գնում: Կողքից նայողին կարող է թվալ, թե կյանքը եռում է, ժողովուրդն էլ գնողունակ է, որ խանութներում հերթեր է գոյացնում: Սակայն ոչ պակաս հերթեր կան նաեւ հայաստանյան բանկերի Իջեւանի մասնաճյուղերում: Մարդիկ գրավ են դնում իրենց ունեցած, հարսանիքի ժամանակից մնացած ոսկեղենը, որ կարողանան իրենց երեխաներին հավուր պատշաճի դպրոց ուղարկել: Շատերը ճարահատյալ վարկ են վերցնում, միայն թե սեպտեմբերի 1-ին երեխան հին զգեստով կամ կարկատված կոշիկով դպրոց չգնա:
Բերդի տարածաշրջանի գյուղերում բնակիչների պարտքերը խանութներին այնքան հին եւ շատ են, որ «դասակարգելու» կարիք կա: Եւ դրանք համակարգվում են: Այդ գյուղերի խանութներում «նիսյայի» հաստ տետրերում համագյուղացիներից յուրաքանչյուրն իր համարն ունի: Երբ գյուղացին հերթական անգամ ապառիկով ապրանք է վերցնում, խանութպանը հարցնում է նրա պարտքի համարը: Եւ իսկույն այդ համարի տակ գտնում է բնակչի ունեցած պարտքի չափը եւ դրան հավելում կատարում: Այս կերպ խանութպանն ու բնակիչը զերծ են մնում տարբեր թյուրիմացություններից: Պարտքերը քիչ թե շատ նվազում են նպաստների եւ թոշակների վճարման օրը կամ երբ պարտապանի հարազատը Ռուսաստանից փող է ուղարկում: Հայաստանի բնակչության կենսամակարդակի աճի մասին խոսողները պետք է իմանան այս իրողությունները:
Տավուշ