Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը իրավապաշտպաններին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել:
Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամները կարողացել են շփվել Նեմցովի սպանության գործով ձերբակալվածների հետ:
Ավելի վաղ հետաքննության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Զաուր Դադաևն արդեն ընդունել է իր մեղքը, սակայն վերջինս իրավապաշտպաններին հայտնել է, որ ինքը չի սպանել ընդդիմադիր գործչին:
Նաև պարզվել է, որ Դադաևը եղել է «Սևեր» գումարտակի անդամ ընդհուպ մինչև փետրվարի 28:
Բացի այդ, երեքշաբթի օրը տեղեկություններ են հայտնվել, որ քիլերները, հնարավոր է, հետապնդել են Նեմցովին անցած տարվա աշնանից:
Դադաևի խոսքերով՝ նրան ստիպել են տալ խոստովանական ցուցմունքները՝ փոխարենը խոստանալով ազատ արձակել իր ընկեր Ռուսլան Յուսուպովին:
«Մտածում էի, որ Մոսկվա կբերեն և ես այստեղ դատարանում կասեի ողջ ճշմարտությունը: Որ ես մեղավոր չեմ: Սակայն դատավորն ինձ անգամ խոսք չի տվել»,- մեջբերում է կասկածյալին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:
Զաուր Դադաևը նաև իրավապաշտպաններին բողոքել է իր հետ դաժան վերաբերվելուց և ոտքերին ու ձեռքերին ձեռնաշղթաների հետքերն ու կապտուկներ է ցույց տվել: