Փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Հանքավան համայնքում երեկոյան երկու հոգի նռնակով ու դանակով մտել էին գյուղի բնակիչ Վարդուհի Չիչյանի տուն եւ գումար պահանջել: Հանցագործներին «դիմավորող» Վարդուհին տանը եղած 1 միլիոն 200 հազար դրամն իր ձեռքով տվել է դիմակավորված անձանց: Այսօր արդեն տիկին Վարդուհու որդիներից մեկն է կասկածվում կատարվածում:
Հանքավան համայնքի բնակիչ Վարդուհի Չիչյանն ունի 4 որդի եւ մեկ դուստր: Տղաներից մեկն ապրում է Մասիս քաղաքում, երկրորդը Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ, ահա, մյուս երկու որդիները ապրում են Հանքավան գյուղում:
Պարզեցինք, որ Վարդուհի Չիչյանը Հանքավանի բազմաբնակարան շենքում ապրում է իր որդիներց մեկի հետ: Դեպքի օրը Վարդուհու ամուսինը, հարսը եւ որդին հրավիրված են եղել Արարատի մարզ՝ հարսանիքի, իսկ տանտիրուհին մնացել է տանը, իր թոռնիկների հետ:
«Երբ հիշում եմ կատարվածը, սթրեսիի մեջ եմ ընկնում: Մեր ընտանիքը դառը քրտինքով աշխատող ընտանիք է: Որդիս ու ես նույն շենքում ենք ապրում, ուղղակի ես մի հարկ վերեւ եմ իրենցից բնակվում: Ամբողջ ցերեկը տղայիս տանն եմ լինում, իսկ երեկոյան իմ տուն եմ բարձրանում: Փետրվարի 16-ի երեկոյան ժամը 3-ի 4-ի սահմաններն էր, տան դուռը երեք անգամ կտկտացրեցին: Մտածեցի, թե տղայիս երեխեքն են, մի բան է պետք, բարձրացել են իմ մոտ: Ի՞նչ մտածեմ, թե ուրիշ մեկը կլինի: Մի խոսքով, այդ կտկտոցին պատասխանեցի եւ ասեցի` հըն, եւ այդ ժամանակ ինձ կամաց ձայնով մեկը ասաց` բաց»:
Եւ այսպես, երկու հոգի հարձակվել են կնոջ վրա եւ հարվածել նրան. «Ընկա գետնին, գլուխս բարձրացի, տեսա երկու հոգու՝ դիմակներով, դանակ կար ձեռքներին ու նռնակ: Այդ տղաներից մեկն ինձ ասաց, թե՝ ձենդ կտրի՛, մի ծպտուն չհանե՛ս: Հետո այդ դիմակավորվածներից մյուսը ասաց, թե՝ մենք գիտենք, որ քո մարդուն լավ էլ փողեր ու դոլարներ ունի, դավայ, շուտ հանի՛: Ասի՝ տղեք ջա՛ն, հիվանդ կին եմ, ինձ ձեռք մի՛ տվեք: Բերեցի դողդղալով այդ տան եղած 1 միլիոն 200 հազար դրամը տվի, ու թողեցին, գնացին»:
Կատարվածից հետո տիկին Վարդուհին ուշագնաց է եղել, իսկ երբ ուշքի է եկել, տեսել է հարազատներին, որոնք կատարվածից վախեցած՝ այս ու այն կողմ են վազել. «Բան չեմ հիշում. միայն տղաներից մեկը բարձրահասակ էր, մյուսը՝ կարճահասակ: Մեկի հագին «վայեննի» կանաչ գույնի շոր էր: Ախր, անասուն ունեինք, դժվարությամբ պահել էինք ու հոկտեմբեր ամսին վաճառել էինք: Իսկ այդ գումարը վատ օրվա համար էինք պահել: Որ իմանայի՝ սենց բան կլիներ, հո տանը չէի պահի»:
Ըստ մեր զրուցակցի՝ կատարվածից հետո ոստիկանության Կոտայքի բաժին են հրավիրվել իր որդիները. «Տանում-բերում են տղերքիս եւ ասում են, թե միգուցե քո տղաներից մեկը լինի: Իմ տղաները լավ տղաներ են, կարող է՝ մեկ ուրիշի տղաները նման բան անեն, բայց ոչ իմ երեխաները: Ես իմ երեխաների համար չեմ խնայել ոչ մի բան: Չեմ կարող պատկերացնել, որ մի տղա իր անօգնական մորը այդ վիճակում կգցի, տփել կտա, ինչ է թե փող տանի: Ամեն մայր իր երեխուն ճանաչում է, եթե ես իմանայի, որ իմ որդին խաղացող է ու պարտքի տակ է ընկել, ապա անկախ ամեն ինչից կօգնեի, բայց իմ երեխաներն այդպիսինը չեն: Չգիտեմ՝ ինչ կլինի»:
Մեր զրուցակցի խոսքով՝ իր տուն մտնող մարդը իմացող մարդ է եղել. «Հաստատ իմացող մարդ է եղել: Հո Երեւանից եկող մարդը չէ՞ր իմանա՝ իմ տանը փող կա, կամ ես մենակ եմ: Բայց թե ով է, չեմ կարող անհիմն մեկի անունը տալ ու հետո դուշմանի տեր դառնալ»:
Տիկին Վարդուհուց տեղեկացանք, որ դեպքից հետո իրենց տուն քննիչները երկու շոր են բերել. «Ասում են՝ կարող է՝ այս շորերով են եղել, բայց չէ, այդ տղաների հագած շորերին նման չէին: Ես չեմ կարող ստել, ասել, որ այդ շորերն են: Չեմ ուզում մեղքի տակ ընկնել: Կատարվածից հետո սթրեսի մեջ եմ, բոլոր հարազատներիս խնդրում եմ՝ իմ կողքից հեռու չգնան»:
Հուսանք՝ ՀՀ ոստիկանությունը կբացահայտի այս նենգ հարձակումը, եւ ձրիակերները կստանան իրենց արժանի պատիժը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունը ավարտվել է: Առայժմ, սակայն, արդյունքների մասին տեղեկությունը բացակայում է: Պաշտոնապես միայն հաղորդվում է, որ կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը մարտի 6-ին քննարկվելու են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում: Նշենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին ծեծի ենթարկելու առթիվ մինչ օրս քրեական գործ չի հարուցվել:
ՉԵՆ ՀԱՆՁՆԻ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը «ենթակա չէ հանձնման Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, քանի որ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»: Այդ մասին Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին գրել են Ռուսաստանի գլխավոր դատախազությունից՝ վկայակոչելով այդ երկրի Սահմանադրության 61-րդ հոդվածը: Հիշեցնենք, որ Փոստանջյանը հունվարի 20-ին Պերմյակովին հանձնելու պահանջով նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, պատճենը՝ երկրի գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
Նույն խնդրով շաբաթներ առաջ ՌԴ գլխավոր դատախազին էր դիմել նաեւ Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Առայժմ դատախազությունը պաշտոնապես չի հրապարակում՝ Կոստանյանի այդ նամակին ռուսները պատասխանե՞լ են եւ եթե պատասխանել են, ի՞նչ են գրել։
Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ արդեն ակնհայտ է, որ ռուսները մտադիր չեն Պերմյակովին փոխանցել հայ իրավապահներին. «Ես չեմ կարծում, որ պատասխանները տարբեր կլինեն»,-«Ազատությանն» ասել է պատգամավորը:
ԷՐԴՈՂԱՆԸ ԿՎՃԱՐԻ
Թուրքական դատարանը տուգանել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ հայ-թուրքական հաշտեցման հուշարձանը «հրեշավոր» անվանելու համար: Թուրքական պետական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Էրդողանը տուգանվել է 10,000 թուրքական լիրայով՝ 4,000 ԱՄՆ դոլարով: Էրդողանը հուշարձանի հանդեպ իր վերաբերմունքը հայտնել էր 2011-ին՝ այն շրջանում, երբ Մեհմեթ Աքսոյի հեղինակած «Մարդկության հուշարձանը» կանգնեցվում էր Կարսի արեւելյան մասում: Այդ կերպ Էրդողանը տեղական իշխանություններին դրդել էր ապամոնտաժել հուշարձանը: Դրանից հետո Աքսոյը դատի էր տվել Էրդողանին՝ «վիրավորանք հասցնելու» համար: Դատարանը Էրդողանին կարգադրել է այդ գումարը Աքսոյին վճարել բարոյական վնասի համար:
ԿՐԱԿՈՑՆԵՐ ՊՌՈՇՅԱՆՈՒՄ
Երեկ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կրակոցներ են արձակվել, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել նույն գյուղի 33-ամյա բնակիչ Արման Թադեւոսյանը: Դեպքից անմիջապես հետո մայրաքաղաք Երեւան մտնող ավտոճանապարհներին զինված ոստիկաններ են հերթապահել, ովքեր ստուգել են քաղաք մտնող եւ քաղաքից դուրս եկող մեքենաները: Տեղում Armlur.am-ի թղթակիցը արձանագրել է, թե ինչպես են իրավապահ մարմնի աշխատակիցները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերում հրազեն: Հայտնաբերվածն առգրավվել է, իսկ մեքենայի վարորդը եւ ուղեւորները տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Armlur.am-ի թղթակցին տեղում աշխատող ոստիկաններից մեկը տեղեկացրել է, որ հրահանգ են ստացել դադարեցնել ստուգումները: Թերեւս դա կապված է եղել կրակոցների մեջ կասկածվողներին հայտնաբերելու հանգամանքի հետ:
Նշենք, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ 33-ամյա Արման Թադեւոսյանն ու հետախուզվողը վիճաբանել են ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ, սրան էլ հաջորդել են կրակոցները: Տուժողը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Պռոշյան գյուղում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենքը պահելը, կրելը) հատկանիշներով: Դեպքի հանգամանքները պարզվում են:
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Մարտի 2-ին Երեւանի Դավիթաշեն կամրջի տակ կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի: Պարզվել է, որ կամրջի տակ՝ ծառից կախված տղամարդը Երեւանի 27-ամյա բնակիչ Վարդգես Ասլանյանն է: Հայտնի է դարձել, որ ինքնասպան եղած երիտասարդի տաբատի հետեւի գրպանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Կներեք ամեն ինչի համար: Պապ ջա՛ն, շատ եմ քեզ տանջել ու չեմ ուզում, որ դա շարունակվի: Մեր սաղ անհաջողությունը ես էի, Քեզ ու Մամային շատ եմ սիրում: Քո նման Հայր մարդիկ պետք ա երազեն, որ ունենան. Չգնահատեցի, կներեք, սիրում եմ ձեզ»: Դեպքի հանգամանքները պարզվում են: