ԼՂՀ պաշտպանության նախարարության երեկվա տարածած հաղորդագրությունը, որը պատմում էր նախորդ գիշեր առաջին գծում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ակամա հիշեցնում է 1993-ին կամ 1994-ի առաջին կեսին դիրքերից եկող հաղորդագրությունները: Երեկվա հաղորդագրությունում նշվում է, որ նախորդ գիշեր ադրբեջանական կողմի առաջին գծի տարբեր հատվածներում հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է «…60 եւ 80 մմ ականանետերից, «Իստիգլալ», «ՀԱՆ-17», «ԴՇԿ», «ՌՊԿ» եւ այլ զինատեսակներից… Հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաեւ «ԶԿ-23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր եւ «ԶԿ -23-2» զինատեսակը»: 1993-ի եւ 94-ի հաղորդագրությունները վերը բերվածից, թերեւս, մեկ բանով էին տարբերվում՝ այն ժամանակ տեքստերն ավարտվում էին այս կամ այն բնակավայրը, կամ նպաստավոր դիրքը հայկական զինուժի վերահսկողության տակ վերցնելու մասին արձանագրմամբ: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն առանց հայտարարելու վերսկսել է մարտական գործողությունները, բայց գիշերային դիվերսիոն գործողությունների տեսքով, որոնց արդյունքում, դժբախտաբար, նաեւ հայ զինվորներ են զոհվում: Հակառակորդի նպատակը, թերեւս, մեկն է՝ այնքան սադրել, մինչեւ հայկական կողմի զայրույթը տեղի տա, եւ առաջ շարժվի, որից հետո մարտական գործողությունները կվերսկսվեն պաշտոնապես, բայց մեղավորությունը կդրվի հայկական կողմի վրա: Ի պատիվ հայկական կողմի զինվորների՝ նյարդերը տեղի չեն տալիս եւ առանց առաջ շարժվելու՝ մերոնք իրենց խնդիրը լուծում են: Աստված տա, որ հաղորդագրություններն էլ միշտ ավարտվեն «հայկական կողմը կորուստներ չի ունեցել» ձեւակերպմամբ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնը «վերածել» է բիզնես-կենտրոնի: Բանն այն է, որ Ա. Գրիգորյանի ընտանիքի անդամները թատրոնի շենքում սկսել են տարբեր բնույթի բիզնես-գործունեություն ծավալել: Նրա փեսան` Էրվին Ամիրյանը, թատրոնի շենքում սառույցի արտադրություն է հիմնել: Իսկ Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանը, «7th heaven» անվամբ հարսանյաց սրահ է բացել թատրոնի հարակից տարածքում: Այդ ամենին էլ «հետեւում» է Ալեքսանդր Գրիգորյանի կինը՝ Տոմա Գրիգորյանը: Ա. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ բիզնես-գործունեություն չեն սկսել, բայց նպատակ ունեն եւ թույլտվության համար պատրաստվում են դիմել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Թերեւս կասկածից վեր է, որ Հ. Պողոսյանը կտա իր համաձայնությունը:
Պարզվում է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Ավստրիայում գործող «Լիվեշտոկ» ընկերության հետ մարտի 3-ին պայմանագիր է կնքել, ըստ որի՝ ձեռք է բերել 365 հատ խոշոր եղջերավոր անասուն` շվից եւ հոլշտին ցեղերի տոհմային երինջներ: Հրապարակված տվյալներով՝ երինջները պետք է լինեն 24-27 ամսական: Պայմանագրի ընդհանուր արժեքը 488 հազար 250 եվրո է: Թվում է՝ գյուղնախարարությունը լավ եւ օգտակար ծրագիր է իրագործում: Իրականում ծրագիրն ի սկզբանե դատապարտված է: Կասկածից վեր է, որ երինջները բերելուց ոչ շատ անց, դրանց մեծ մասը կա՛մ սատկած է լինելու, կա՛մ էլ սատկելու վտանգից` մորթված: Բանն այն է, որ դրսից, առավել եւս՝ եվրոպական երկրներից, բերված հասուն երիջները երբեք Հայաստանում չեն ադապտացվել եւ երկար չեն դիմացել: Ուստի ի սկզբանե կարող ենք ասել, որ սա լինելու է պետական միջոցների վատնում, պարզապես, երբ այդ փաստը մի քանի տարի անց արձանագրվի, իրականացնողներից շատերն էլ պաշտոնավարելիս չեն լինի:
Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն` ողջ Հայաստանում 2014 թվականին ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է անչափահաս թափառաշրջիկ-մուրացկանության ընդամենը յոթ դեպք: Իհարկե, զարմանալ կարելի է, թե ինչպես են թույլ տվել, որ այդ յոթ դեպքն էլ արձանագրվի: Կարող էին, չէ՞, գրել, որ մենք անչափահաս թափառաշրջիկ մուրացկաններ ընդհանրապես չունենք: Հետո ինչ, որ բնակչության 40 տոկոսը աղքատ է: Ծայրահեղ դեպքում՝ ոստիկանությունն ու պաշտոնական վիճակագիրները կարող էին արդարանալ եւ ասել, որ Հայաստանի անչափահաս մուրացիկները ստատիկ մի վայրում են մուրացկանությամբ զբաղվում, այսինքն՝ նրանք թափառաշրջիկ չեն: Պարզապես մի բան է հարցական մնում՝ տեսնես պաշտոնական վիճակագիրները, որոնք նման թվեր են ստեղծագործում, երբեւէ փողոց դուրս գալի՞ս են:
ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔ
Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը երեկ հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: Ներկայացնելով Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները` նա հայտնել է, որ Պերմյակովը ձերբակալվել է սահմանապահ ուղեկալի ինժեներա-տեխնիկական կառույցների սահմանը հատելու փորձի ժամանակ։ Ձերբակալման ընթացքում նա չի կատարել հրամանը եւ շարունակել է շարժվել, արդյունքում հնչել է նախազգուշացնող կրակոց, որից հետո էլ Պերմյակովին հաջողվել է ձերբակալել:
Այս հայտարարությունից հետո, փաստորեն, այլեւս անվիճարկելի է դառնում այն, որ Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը, մի բան, որը ողբերգության հաջորդ օրն արդեն փորձ արվեց քողարկել տարբեր տեղեկատվական արտահոսքերով, թե իբր Պերմյակովին բռնել են սահմանային ուղեկալից բավականին հեռու` դաշտում պառկած: Ասել է թե` սահմանը խախտելու փորձ, իբրեւ այդպիսին, հնարավոր չի եղել արձանագրել, ուստի եւ ՀՀ իրավապահ մարմինները հիմքեր չեն ունեցել սահմանը խախտելու փորձի մեղադրանք առաջադրել:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովի նկատմամբ հարուցվել է 2 քրեական գործ։ Ռուսական կողմը գործ է հարուցել «դասալքություն» եւ «սպանություն» հոդվածներով, իսկ հայկական կողմը` «սպանության» հոդվածով։ Մինչդեռ, եթե գործ հարուցվեր նաեւ սահմանի խախտման փորձի համար, այդ դեպքում, ըստ մի շարք հայ փորձագետների, ռուսական կողմը ստիպված էր լինելու Պերմյակովին հանձնել Հայաստանին: Այդ մասին դեռեւս հունվարի19-ին հայտարարել էր նաեւ ՀՀ ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, որի պնդումներն, ի դեպ, այդպես էլ որեւէ մեկը չհերքեց:
Եվ հիմա, երբ ռուսական կողմն արդեն իսկ հայտարարել է, թե Պերմյակովը արտահանձնման ենթակա չէ, քանի որ դա հակասում է ՌԴ Սահմանադրությանը, գեներալ-մայոր Վ. Բիրյուկովի շուրթերով, փաստորեն, հնչում է մի փաստարկ, որն օգտագործելու դեպքում հայկական կողմը կարող է հասնել Պերմյակովին Հայաստանին արտահանձնելու որոշմանը: Այլ հարց է, թե ինչպես եւ ինչու Բիրյուկովին թույլ տրվեց խոսել այդ մասին: Արդյո՞ք դա Պերմյակովին հանձնելու շուրջ ինչ-ինչ պայմանավորվածության արդյունք է ՀՀ եւ ՌԴ ղեկավարության միջեւ, թե՞ հերթական անգամ հայկական կողմին նվաստացնելու փորձ. քանի որ եւս մեկ անգամ ընդգծվում է, որ առկա է իրավական հիմքը, սակայն Պերմյակովին չեն հանձնում, քանզի պարզապես չեն ուզում:
Անկախ այն բանից, թե որն էր Բիրյուկովի երեկվա հայտարարության դրդապատճառը, ՀՀ գլխավոր դատախազությունը պարտավոր է դա օգտագործել` վերանայելու համար Պերմյակովին առաջադրված մեղադրանքները եւ հասնելու նրա հանձնմանը ՀՀ արդարադատությանը: