2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի գործով կրքերը դեռ չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում մի խումբ քաղաքացիներ եւ փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու իրենց գնած բնակարանների ճակատագիրը: Ավելին՝ մենք պարզեցինք, որ դեռեւս 2014թ մի խումբ քաղաքացիներ եւ ընկերություններ դատական հայցեր են ներկայացրել գործարարի դեմ, որոնցից մի մասով վճիռները հրապարակվել են, եւ գործարարը պետք է վճարեր քաղաքացիներին կամ ընկերություններին հասանելիք գումարը:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մինչ ինքնասպան լինելը Աբրամ Ամիրխանյանը նամակ էր գրել եւ այն տվել էր իր տան աշխատողներին, որ անպայման փոխանցեն փաստաբանին կամ բարեկամներից որեւէ մեկին: Ամենայն հավանականությամբ գործարարն այդ նամակում նշել էր այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք դարձել էին իր սնանկացման պատճառը: Հիշեցնենք՝ Աբրամ Ամիրխանյանը Երեւանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան:
Ամիրխանյանի կողմից կառուցված, Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ:
Իսկ, ահա, «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացի Էլեն Քոչարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը պատմեց, որ իր պաշտպանյալը հանրապետությունում չէ, սակայն խիստ անհանգստացած է, թե ինչ է լինելու իր բնակարանի ճակատագիրը: Ըստ մեր զրուցակցի՝ Էլեն Քոչարյանը, մինչ այդ շենքը կառուցելը, տուն է ունեցել Այգեստան 12 հասցեում, եւ Աբրամ Ամիրխանյանը այդ սեփական տան տարածքի հաշվին բնակելի շենք է կառուցել: «Կարելի է ասել, որ ձրի վերցրել, սարքել է, բայց դրա փոխարեն պարտավորվել է բնակարան տրամադրել այդ հասցեում ապրող քաղաքացիներին: Արդեն տարիներ են ձգվում, ու բնակարանները գրավադրված են: Տիկին Քոչարյանը, տեսնելով, որ «Ամիրխանյան» ՍՊԸ-ն լուրջ պարտքեր ունի, (ահռելի գումարների մասին է խոսքը) դատական հայց է ներկայացնում, որ եթե բնակարանը ստանալու հույս չկա, գոնե ստանա իր բնակարանի չափով հասանելի գումարը: «Մենք դատարանում հասանք արդարության, եւ Ամիրխանյանը պարտավոր էր այս տարվա սկզբին մեզ վճարել 250 հազար դոլար: Անկեղծ ասած՝ կատարվածից հետո չգիտեք, թե ինչ է լինելու»: Ամիրխանյանի գործունեությունից դժգոհ է նաեւ Սանկտ Պետերբուրգում բնակվող Այգեստան 12 տան հին բնակիչներից Արմինե Խաչատրյանը: Նա անհանգստացած է ստեղծված իրավիճակով եւ միգուցե այս օրերին վերադառնա Հայաստան՝ պարզելու, թե ինչ կլինի իր բնակարանի ճակատագիրը:
Ի դեպ, Ամիրխանյանը հսկայական պարտքեր ունի նաեւ մի շարք ընկերությունների: Միայն 2015թ փետրվարին «Ամիրխանյան» ՍՊԸ-ին պայմանագրային պարտավորությունները կատարելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է դիմել 15 քաղաքացի: Իսկ, ահա, որոշ հայտնի ընկերություններ, օրինակ՝ «Շեն Հոլդինգը», որի սեփականատերն է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամ Սամվել Բեգլարյանը, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Ամիրխանյան» ՍՊԸ-ից 8 միլիոն դրամ: Իսկ, ահա, «Նորվիկ ՈՒնիվերսալ» վարկային կազմակերպությունը դիմել է Կենտրոն դատարան՝ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ից պահանջելով 1413 հազար ԱՄՆ դոլար: Նշենք, որ «Լեւոն Ամիրխայան» ՍՊԸ-ի գործով տուժածներին ասել են, որ գործարարի գույքը կվաճառեն՝ իրենց հարցերը լուծելու համար: Իսկ մինչ այդ Աբրամ Ամիրխանյանի սպանության գործով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏՈՒԺՈՂԻ ՄԱՅՐԸ ՉԳԻՏԻ՝ ՈՎ ԵՎ ԻՆՉՈՒ Է ԿՐԱԿԵԼ
Ինչպես հայտնի է՝ մարտի 3-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով ծանր վիրավորվել էր 33-ամյա Արման Թադեւոսյանը: Այդ օրը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ էր: Երեւան մտնող ավտոճանապարհներին զինված ոստիկաններ էին հերթապահում, նրանք ստուգում էին քաղաք մտնող եւ քաղաքից դուրս եկող ավտոմեքենաները՝ կասկածյալներին հայտնաբերելու նպատակով:
Տեղում Armlur.am-ի թղթակիցը ֆիքսել էր, թե ինչպես են իրավապահ մարմնի աշխատակիցները BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս բերում հրազեն: Մեքենայի վարորդը եւ ուղեւորները տեղափոխվել էին բաժանմունք: Շրջանառվող լուրերի համաձայն՝ 33-ամյա Արման Թադեւոսյանն ու կրակողները վիճաբանել են ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ: Armlur.am-ի հետ զրույցում, սակայն, Արման Թադեւոսյանի մայրը՝ Ծովինար Թադեւոսյանը, նշեց, որ իրեն հասած լուրերի համաձայն՝ որդին այդ ժամանակ մեքենայի ղեկին չի եղել: «Տղաս կանգնած է եղել: Իմ իմանալով՝ դրանք մոտեցել ու կրակել են: Գյուղում խոսում են, թե իբր կրակողները մեզնից այնքան էլ հեռու չեն ապրում, բայց ես դրանց ընդհանրապես ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ երբեւէ տեսել եմ: Ամուսինս էլ անկողնային հիվանդ է, ինքն էլ չգիտի: Չգիտենք՝ ով են, ինչ են»,- շարունակեց մեր զրուցակիցը: Վերջինիս խոսքով՝ դեպքի մասին ինքն իմացել է Պռոշյանի Սովխոզ կոչվող թաղամասի բնակիչներից: «Ես տանը նստած էի, մեկ էլ եկան, ասեցին, թե տղայիդ կրակել են: Հարսս ու 3 տարեկան թոռս էլ մանկապարտեզում են եղել. Արմանի կինն այնտեղ է աշխատում: Ինչքանով ես գիտեմ՝ այդ ժամանակ որդուս մոտ մարդ չի եղել, համենայն դեպս, այս պահին այդպես են ասում»,- պատմեց Ծովինար Թադեւոսյանը: Արմանի մայրը վստահեցրեց, որ որդին երբեք որեւէ մեկի հետ չէր կռվի, առավել եւս չէր հրահրի կրակոցներ արձակել: Նրա խոսքով՝ Արման Թադեւոսյանը մարզիկ է, Գագիկ Ծառուկյանի հովանավորյալը, եւ նրան բոլորը շրջապատում հարգում ու սիրում են: «Նախկինում երբեք նման միջադեպերի մեջ չի ընկել տղաս: Տեսնենք՝ ինչ կպարզվի քննության արդյունքում: Իսկ Արմանը դեռ հիվանդանոցում է, երեկ են վիրահատել, ու դեռ չգիտենք՝ ինչքան այնտեղ կմնա: Ես էլ սթրես եմ տարել, պառկած եմ այդ օրվանից»,- ասաց Ծ. Թադեւոսյանը: Տեղեկացնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ կրակոցներ արձակելու մեջ կասկածվում են Պռոշյան գյուղի բնակիչներ Նշան Ավետիսյանն ու Տրդատ Ասատրյանը: Հավելենք, որ Պռոշյան գյուղում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենքը պահելը, կրելը) հատկանիշներով:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
10-ԻՆ ԿԱԶԱՏԵՆ
Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել են 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումները: ԼՂՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Հանձնաժողովը ղեկավարում էր ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը: Մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները` հանձնաժողովը որոշեց միջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին՝ ոստիկանության 25 ծառայողների, ըստ իրենց թույլ տված կարգապահական խախտումների բնույթի եւ ծանրության աստիճանի, ենթարկել համապատասխան տույժերի: Հանձնաժողովի որոշման համաձայն` ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ոստիկանությունում ծառայությունից ազատման, 9-ը` խիստ նկատողության, իսկ 6-ը` նկատողության»:
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երեկ Նորագավիթի Սուրբ Գեւորգ եկեղեցում տեղի ունեցավ 2 օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանված Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի՝ Դերոյի, եւ Մեսրոպ Նազարյանցի՝ Մանումենտցի Մոսոյի հոգեհանգստի արարողությունը:
Նշենք, որ քրեական հեղինակությունների հոգեհանգստի արարողակարգին ներկա էին մեծ թվով մարդիկ: Արարողությունից ժամեր առաջ արդեն իսկ նշված տարածքում անծայրածիր խցանումներ էին առաջացել: Մեր տեղեկություններով՝ հոգեհանգստին մասնակցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ում անունը կապվում է Երրորդմասցի Լյովիկի հետ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վարչապետի որդին եւ Երրորդմասցի Լյովիկը մտերիմ ընկերներ են եղել, անգամ համատեղ բիզնես ունեին: Armlur.am-ի թղթակիցը նկատել է այնտեղ ներկա գտնվող մեկ այլ պաշտոնյայի՝ Դավիթ Ղուլյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալն էր, այժմ՝ արդարադատության նախարարի խորհրդականը: Համացանցում լուրեր շրջանառվեցին, որ հոգեհանգստին մասնակցել են նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Իհարկե, հասկանալի է, որ վերը նշվածներից բացի՝ բազմաթիվ այլ պաշտոնյաներ եւս մասնակցել են քրեական հեղինակությունների հոգեհանգստի արարողությանը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին 3 անձինք կրակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ գտնվող ավտոկայանատեղիում կանգնած անձանց վրա ու փախուստի դիմել: