ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ 1in.am-ի
ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակը այլեւս «կանյաչնին» չէ: Շենքի վրայից հեռացրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառը: Հիշեցնենք, որ նախօրեին ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքը հեռանում է ակտիվ քաղաքականությունից ու այլեւս ԲՀԿ նախագահ չէ եւ որեւէ կապ չունի ԲՀԿ-ի հետ: Ու դա է պատճառը, որ Գ. Ծառուկյանին պատկանող շենքում այլեւս ԲՀԿ գրասենյակը չի տեղակայվելու: Նշենք նաեւ, որ երեկ ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք նոր տարածք են փնտրում՝ իրենց գրասենյակը տեղակայելու համար: Ն. Զոհրաբյանը նշել է նաեւ, որ այն վարձակալելու են:
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ բնակվարձը թանկացել է: Խնդրում եմ պարզաբանել՝ ինչո՞ւ է թանկացել, ինչի՞ հիման վրա, որտե՞ղ են մուտքագրվում այդ գումարները, եւ ինչ չափորոշիչով են որոշվում բնակվարձի թանկացումները: Կխնդրեի պարզաբանել նաեւ՝ ինչի՞ վրա են ծախսվում այդ գումարները:
Մելինե Գեւորգյան (29 տարեկան, ճարտարագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնակվարձ հասկացություն գոյություն չունի, խոսքը վերաբերում է ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի պահպանմանն ուղղված ծախսերին: Այն հաշվարկվում է շենքի տարեկան բյուջեով նախատեսված ծախսերի չափից: (Ընկալելի լինելու համար հաշվարկվում է 1քմ մակերեսի հաշվով):
Նախատեսվող ծախսերի ընդհանուր գումարից շենքում յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ բաժնեմասին համապատասխան գումար է սահմանվում:
Գանձվող գումարը նպատակաուղղվում է շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար:
Երեւանի քաղաքապետարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստ է, որ գումարների «լվացումը» քաղաքապետարանի կողմից շատ պարզ մեխանիզմով, մեր իսկ աչքի առաջ իրականացվում է եւ, իհարկե, ծառայում ոչ իր նպատակին: Չէ որ այսօր շենքերում առկա բազմաթիվ խնդիրներ՝ սկսած շքամուտքերի լուսավորումից մինչեւ աղբահանություն, վերելակներից մինչեւ կոյուղիներ, գտնվում են գրեթե անսարք վիճակում, ինչի մասին փաստում են հարյուրավոր քաղաքացիների ահազանգերը եւ շենքերի անմխիթար վիճակը: Թե Երեւանի քաղաքապետարանը ինչպես է փորձում արդարանալ եւ ամեն անգամ ջրից չոր դուրս գալ, անհայտ է:
ՀԱՐՑ. 18 շաբաթական հղի եմ, գործատուիս ասել եմ բանավոր, բայց գրավոր տեղեկություն կամ հղիության մասին տեղեկանք չեմ ներկայացրել, արդյո՞ք նա իրավունք ունի մինչեւ իմ ֆիզարձակուրդը ինձ հեռացնել աշխատանքից:
Նարինե Ադամյան (29 տարեկան, լեզվաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2.1 կետի:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ
զբաղվածության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար, պատասխանից կարելի է եզրակացնել, որ գործատուն իրավունք չունի խզելու պայմանագիրը հղի կնոջ հետ՝ մինչեւ սահմանված ժամկետի լրանալը: Ստացվում է՝ գործատու-աշխատող հարաբերություններում գործատուները, գրեթե միշտ իրենց «արտոնյալ» համարելով եւ օգտվելով իրենց լիազորություններից, քաղաքացիներին շփոթության մեջ են գցում՝ ամեն կերպ օգուտ քաղելով նրանց վիճակից: