«Ի՞նչ պետք է անեին Ծառուկյանի համար Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, որ չեն արել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի համար փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչ պետք է անեին ՀՀ առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար, որ չեն արել:

«Ճիտն ասած, ինձ համար անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը: Ի՞նչ էր ուզում անել Գագիկ Ծառուկյանը, կամ ի՞նչ պետք է աներ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ չարեց»,- Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով այն կարծիքին, թե Գագիկ Ծառուկյանին ամենավճռական պահերին իր շրջապատը մենակ թողեց:

Սաֆարյանի խոսքով` վերջին շաբաթների ընթացքում բոլորը միմյանց մեղադրում են, իսկ թե ով է մեղավոր, հայտնի չէ:

«Ամբողջ հարցն այն է, որ տեղի ունեցածից հետո հանրությանը բացատրություն չներկայացվեց: Տեսե´ք, Րաֆֆի Հովհաննիսյանն ամսի 20-ին Ազատության հրապարակում եղավ, բայց բացատրություն չտվեց, թե ինչու այսպես եղավ: Մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաք անցկացրեց, բայց նորից բացատրություններ չտրվեցին: Այդ ընթացքում ԲՀԿ-ն հասցրեց Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել դաշույնով թիկունքից հարվածելու մեջ` նկատի ունենալով Սերժ Սարգսյանին ուղղված նամակը: Տեր-Պետրոսյանը դա կանխելու համար հասցրեց տպագրել իր «Սրտի պարտքը» հոդվածը` մեղադրելով Գագիկ Ծառուկյանի շրջապատին, որոնք սպասարկում են ինչ-որ այլ ծրագրեր»,- ասաց Սաֆարյանը և հավելեց` բացատրություններ ու մեկնաբանություններ պետք է տան այդ կուսակցությունները:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այն կարծիքին է, որ «Գագիկ Ծառուկյանը միշտ էլ միայնակ է եղել»:

«Նա միշտ էլ միայնակ է եղել: «Եռյակ» հասկացությունն ի սկզբանե ես տապալված էի համարում»,- ասաց խմբակցության ղեկավարը: Բաղդասարյանի խոսքով` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խանգարել են Գագիկ Ծառուկյանին, քանի որ միասնական չեն եղել միմյանց հետ: «Նրանք երբեք էլ միասնական չեն եղել միմյանց հետ»,- հակիրճ պատասխանեց Բաղդասարյանը:

Հիշեցնենք` ԲՀԿ-ին սատարող ուժերի առաջնորդները, քաղաքական գործիչներն այս օրերին «մեղադրանքներ» են ներկայացնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` վճռական իրավիճակում Ծառուկյանին միայնակ թողնելու համար: Մասնավորապես` նկատի ունենալով Տեր Պետրոսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին` Րաֆֆի Հովհաննիսյանի միջնորդավորված հանդիպումները Ծառուկյանի հետ և այլն:




Լրահոս