
Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 15-19-ը ՀՀ տարածքում “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
ՀՀ զինված ուժերի, Պաշտպանության, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման նախարարությունների և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հանդես եկան զորավարժության նախապատրաստման և անցկացման ուղղությամբ կատարած աշխատանքների ամփոփիչ զեկույցներով: Նիստում արձանագրվեց, որ գերատեսչություններն իրենց մասով լիովին պատրաստ են զորավարժության անցկացումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Ի լրումն մի շարք այլ միջոցառումների, զորավարժությունը կազմակերպվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2012թ. ծրագրի շրջանակներում: