ԵՏՄ անդամները Հայաստանին լուրջ չեն վերաբերվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ մարտի 13-ին Աստանայում տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի հանդիպումը: Աստանայում հավաքվելու են Եվրասիական տնտեսական միության չորս երկրներից երեքի ղեկավարները, իսկ Հայաստանը, որը նույնպես այդ կառույցի անդամ է, նշված հանդիպմանը ներկայացված չի լինելու: «Սպասվում է, որ երկրների ղեկավարները կքննարկեն երեք երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը խորացնելու եւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է Ղազախստանի նախագահի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Երեկ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավաշ Քոչարյանն արձագանքել է այդ հանդիպմանը Հայաստանի նախագահի բացակայության հարցին:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի ղեկավարների սպասվող հանդիպումը կապ չունի Հայաստանի հետ: Ըստ փոխնախարարի՝ դա է պատճառը, որ հայկական պատվիրակության մասնակցությունն այդ հանդիպմանը նախատեսված չէ. «Եթե մեզ հրավիրեն, մենք կքննարկենք մասնակցության հնարավորությունը»,- ասել է Քոչարյանը: Չնայած ԱԳ փոխնախարարի անհասկանալի հայտարարությանը, երեկ «Ժողովորդ»-ը փերձել է պարզել՝ արդյո՞ք նման արհամարհական վերաբերմունքը չի նշանակում, որ ԵՏՄ անդամներն անտեսում են ՀՀ-ի տեսակետը:

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

-Պարո՛ն Սաֆարյան, մարտի 13-ին Աստանայում տեղի է ունենալու ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որին Սերժ Սարգսյանը չի հրավիրվել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է արհամարհվել Հայաստանն ու չի հրավիրվել հանդիպմանը:

-Ես նայել եմ Կրեմլի պաշտոնական կայքէջում հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ երեք նախագահների հանդիպում է լինելու, քննարկվելու են երեք երկրների միջեւ առեւտրի հարցերը, ինչպես նաեւ՝ գլոբալ միտումների ազդեցությունը իրենց տնտեսությունների վրա: Նկատի ունենանք, որ մարտից մինչեւ հունիս վերաթարմացվելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ու կարդալով հաղորդագրությունը, տեսնելով Նազարբաեւի մտադրությունը՝ կարծես թե ցանկություն կա քննարկելու, թե ինչպես է դա ազդելու իրենց տնտեսությունների վրա: Ի վերջո, ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները զգալիորեն ազդում են նաեւ նրա մյուս երկու գործընկերների վրա, որոնք մեծ առեւտրաշրջանառություն ունեն ՌԴ-ի հետ: Ես, իհարկե, համաձայն եմ, որ եթե խոսվելու է ԵՏՄ-ի նախագծի մասին՝ ԵՏՄ շրջանակներում իրենց առեւտրային համագործակցության մասին, իհարկե, ՀՀ-ին անտեսելու իրավունքը չունեին: Բայց կարծես թե իրենք ավելի շատ ուզում են քննարկել ՌԴ-ի պատժամիջոցների հարցը ու հասկանալ, թե դա ինչպես է իրենց վրա ազդելու, այդ կտրվածքով Ղազախստանն ու Բելառուսը ուզում են դա լսել: Ուզում են ՌԴ-ից ստանալ հերթական արտոնությունները կամ առավելությունները:

-Այսինքն՝ եթե Հայաստանն էլ մասնակցեր այդ հանդիպմանը, ապա Բելառուսի եւ Ղազախստանի նման ՀՀ-ն էլ ինչ-որ բաներ կպահանջե՞ր ՌԴ-ից: Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանը կկարողանար ինչ-որ պահանջներ ներկայացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

-Եթե Հայաստանը լուրջ պետություն լիներ, կհիշեին, որ Հայաստան էլ կար ԵՏՄ կազմում, բայց իրենք այնպես են կազմակերպել հանդիպումը, որ դա կարծես թե չի վերաբերում ԵՏՄ-ին: Ես չգիտեմ, գուցե ՌԴ-ն էլ մտածում է, որ…խնդիրը նա է, որ Բելառուսն ու Ղազախստանը միշտ չեն ուզել, որպեսզի ավելանա 3-րդ սուբյեկտը, իրենք միշտ խանդով են վերաբերվել դրան: Բայց, դե, ՌԴ-ն էլ գիտի, որ եթե Հայաստանն էլ ավելանա այդ քննարկումներին, հնարավոր է պահանջատեր երկրների ցուցակը մեծանա, դրա համար էլ Հայաստանին պահում են այդ կարգավիճակում: Սա միայն Նազարբաեւի սրտի ցանկությունը մի համարեք, սա նաեւ շահեկան է ՌԴ-ի համար, որովհետեւ ՀՀ-ի բացակայության դեպքում մի պահանջատեր երկիր պակաս կլինի:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

-Պարո՛ն Պողոսյան, Հայաստանը լինելով ԵՏՄ կազմում՝ չի մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, թե ՀՀ-ին չվերաբերող հարցեր են քննարկվելու: Ի՞նչ եք կարծում՝ սա արհամարհանք չէ՞ ՀՀ-ի հանդեպ:

-Մի կողմից շատ ավելի ուրախ եմ, դա ցույց է տալիս, որ Հայաստանը պետք է ազատ, իր շահերով առաջնորդվելով` եվրոպական եւ այլ գործընկերների հետ զարգացնի իր տնտեսական համագործակցությունը: Ես ինքս դեմ եմ քվեարկել ԵՏՄ-ին անդամակցությանը ու չեմ հավատում ԵՏՄ-ի կայացմանը: Ուստի նման ինչ դեպքեր եղել են, դրանց պետք է միայն ուրախությամբ ու դրականով նայել: Ես չգիտեմ՝ դա ով ինչ է համարելու, բայց ես ասում եմ իմ պատկերացումները, քանի որ ես ինքս չեմ հավատում ԵՏՄ-ին: Ինչքան ՀՀ-ն ԵՏՄ ծրագրերից հեռանա ու կարողանա վերադառնալ Եվրոպական ինտեգրմանը, այնքան ես ուրախ կլինեմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս