ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ողջ երկրում մենկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, եւ ակնհայտ երեւում է, որ հայրենի ողջ քաղաքական դաշտն այս օրերին զբաղված է գյուղապետի աթոռ “թռցնելով”: Ու թեեւ բոլոր քաղաքական ուժերը միաբերան հայտարարում են, որ ՏԻՄ ընտրությունները քաղաքական չեն, այլ համայնքային նշանակություն ունեն, այնուամենայնիվ, նկատելի է, որ ով հնարավորություն ունի գյուղապետ ունենալու, չի զլանում փորձել:
ՀԱՐՑ. Դուք հետեւո՞ւմ եք ՏԻՄ ընտրություններին: Ի՞նչ կարծիք ունեք անցկացված եւ անցկացվելիք ընտրությունների մասին եւ անձամբ ի՞նչ հետաքրքրվածություն ունեք: 
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետք է ասեմ, որ ոչ բոլոր ընտրություններին եմ հետեւում, քանի որ կան մեծ եւ փոքր համայնքներ, ուղղակի դժվար է, եւ չես կարող բոլորին հետեւել, մանավանդ, երբ քաղաքային ինտրիգներ չկան: Արդեն տեղի ունեցած ընտրություններին չեմ հետեւել, քանի որ արձակուրդի մեջ եմ եղել, իսկ անցկացվելիք ընտրություններին անպայման հետեւելու եմ եւ հատկապես ուշադիր եմ լինելու Վանաձորում եւ Գյումրիում կայանալիք ընտրություններին: Հուսով եմ, որ ամեն ինչ հանգիստ կանցնի: Կոնկրետ համայնքի մասով պետք է ասեմ՝ լավ կլինի, որ համայնքի ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի եւ ընտրի արժանի թեկնածուի, որը կկարողանա լուծել համայնքի առջեւ ծառացած խնդիրները:
ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. ՏԻՄ ընտրություններով բացարձակապես չեմ հետաքրքրվում, քանի որ դա իմ գործը չէ: ՀԱԿ-ում կա աշխատանքի բաժանում, եւ կան մարդիկ, որոնք զբաղվում են ՏԻՄ ընտրություններով: Զուտ իմ հետաքրքրվածության առումով նայում եմ, թե, ենթադրենք, որ քաղաքապետն ինչ խոսեց կամ որ համայնքներում ինչ թեկնածուներ առաջադրվեցին, միայն այսքանը կարող եմ ասել: Անցկացված եւ անցկացվելիք ընտրությունների հետ կապված՝ գնահատական չեմ կարող տալ, քանի որ գնահատական չեմ տալիս այն հարցերին, որոնց մասնագետը չեմ:
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտրություններով համարյա չեմ հետաքրքրվում, քանի որ հիմա հատքաղի, խոտքաղի շրջան է, եւ ավելի շատ հետաքրքրվում եմ, թե ինչու գյուղացին սերմ չստացավ կամ ինչու բերք չեղավ, իսկ արդեն անցկացված ՏԻՄ ընտրություններին բացարձակ չեմ հետեւել: Բոլոր համայնքապետերն իմ ընկերներն են, եւ առանց բացառության ես շատ կուզենամ, որ բոլորն էլ ընտրվեն իրենց առաջադրված պաշտոններում: Կարծես թե բոլոր ընտրությունները հանգիստ են անցնում, եւ ՏԻՄ ընտրություններն էլ կանցնեն հանգիստ:
ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Հետեւում եմ: Ընտրությունների որակը փոխվել է, քանի որ նկատում ենք որ նույն կուսակցությունից երկու-երեք հոգի են առաջադրվում: Ընդհանուր հետաքրքրվածություն ունեմ՝ ՏԻՄ ընտրությունների հետ կապված, եւ կոնկրետ առանձնացրած համայնք չունեմ:
ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս