ՀՀԿ Կանանց խորհուրդը դատապարտում է Հունգարիայի քայլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվրոպան ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես մի օրինակելի մոդել` հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, հանդուրժողականության հիմնարար արժեքների վրա: Այս մասին ասվում է ՀՀԿ կանանց խորհրդի հայտարարության մեջ:
“Իրեն եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համարող Հունգարիայի պետությունը մարդասպանին ազատություն շնորհեց…
Երկիր մոլորակի բոլոր մարդկային անհատներին`անկախ նրանց կրոնական, ռասայական, սոցիալական եւ անհատական արգելքների, միավորում են համընդհանուր արժեքները, որոնք մարդասիրական աշխարհայացքի սկզբունքների մարմնավորումն են եւ տարածվում են ոչ միայն յուրայինների, այլեւ բոլոր մարդկանց վրա:Այսօր տեղի ունեցած այս ոճրագործությունը լուրջ սպառնալիք է այդ արժեքների եւ երկիր մոլորակի համար:
Մենք փորձում ենք դաստիարակել մեր երեխաներին եվրոպական արժեքներով, որոնք նաեւ համամարդկային արժեքներ են: Դաստիարակության ամենահզոր ուժը օրինակի հիման վրա դաստիարակությունն է, մենք քարոզում ենք համամարդկային արժեքներ, բայց ականատես ենք լինում մարդկությանը սպառնացող նոր` բացասական արժեքների քարոզմանը, որտեղ փառաբանվում է ոճրագործը, եւ հերոսանում մարդասպանը:
Մեր կրթական համակարգը ինտեգրվում է եվրոպական կրթական համակարգին: Եվ այսօր մեզ` մայրերիս, անկախ ազգային պատկանելության, ամենաշատը պետք է մտահոգի, թե ինչպես կարող են մեր երեխաները սովորել Եվրոպայի տարբեր կրթական հաստատություններում, ինչպես կարող ենք ինտեգրվել եվրոպական արժեհամակարգին, երբ էթնիկ հողի վրա կատարված մարդասպանությունը դառնում է դարի վատագույն օրինակը մեր երեխաների ապագայի կերտման ճանապարհին: 
Մայրե′ր ամբողջ աշխարհի, սա համամարդկային արժեքների ոչնչացմանն ուղղված սպառնալիք է: Տեր կանգնենք մեր զավակների անվտանգությանը, նրանց ապագային:
 Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք համամարդկային արժեքներին համահունչ, բայց ունեցանք մարդկությանը սպառնացող սահմռկեցուցիչ օրինակ, որը ծնվեց եվրոպական մարդակենտրոն արժեքների կողքին:
Կոչ եմ անում աշխարհի բոլոր մայրերին միանալ եւ այս համամարդկային արժեքների ոտնահարմանը տալ մեր մայրական բարոյական գնահատականը”:




Լրահոս