Նյու Յորքի` սոցիալական ֆիլմերի փառատոնում 4 հայկական ֆիլմ կցուցադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի այս տարվա սոցիալական ֆիլմերի փառատոնում (SR Festival) կցուցադրվեն հայկական 4 ֆիլմեր։ Նոր, ոչ կոմերցիոն կինոփառատոնը ցուցադրում է սոցիալական ֆիլմեր՝ ի պատասխան բռնության տարածման և հեքիաթասացության բռնի ձևերի. գրում է Asbarez.com-ը։

Ռեժիսոր Դևիդ Հովանի «Ադանայում ծնվածը» (Born in Adana) ֆիլմի պրեմիերան կկայանա փառատոնում։ 15 րոպե տևողությամբ ֆիլմը կենտրոնանում է ֆրանսիացիների կողմից Թուրքիային Ադանան հանձնելու վրա, որը հանգեցրեց քաղաքից հայերի հետագա արտաքսման։

Կայ Մուրադյանի «Մորս ձայնը» (My Mother’s Voice) 25 րոպեանոց ֆիլմը ծավալվում է 14-ամյա աղջկա իրական պատմության շուրջ, ով որբացել էր Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմը ԱՄՆ նրա ուղևորության, ամուսնության մասին է։ Փառատոնում կանցկացվի ֆիլմի նյույորքյան պրեմիերան։

Շահեն Նազարենկոյի 15 րոպե տևողությամբ «24/I հավատով խոստովանիմ» (24/I Confess With Faith) ֆիլմը միավորում է երկու աշխարհներ՝ վանքն ու քաղաքային իրարանցումը։ Ֆիլմը, որի ամերիկյան պրեմիերան տեղի կունենա փառատոնում, հիմնված է Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի վրա։

Էդիթ Վեյլի «Կիպրական ամառ» (Cyprus Summer) ֆիլմը ևս փառատոնում կանցկացնի համաշխարհային պրեմիերան։ 24 րոպե տևողությամբ ֆիլմը ամառային մի գեղեցիկ առավոտ գնդակոծությունների ձայներից Կիպրոսի արթնանալու մասին է։ Դա 1974 թվականի հուլիսն էր։ 13-ամյա աղջիկը գրում է ծավալվող իրադարձությունների օրագիրը։

Հայկական թեմայով բոլոր ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան մարտի 21-ին՝ Tribeca կինոթատրոնում։ Ընդհանուր առմամբ կներկայացվեն 30 երկրների ֆիլմեր։




Լրահոս