Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` սույն թվականի մարտի 7-ին Գյումրիում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է 2 անձ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դեռևս հետախուզման մեջ գտնվող Ա. և Գ. Գրիգորյան եղբայրները ներգրավվել են որպես մեղադրյալ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ի դեպ, լուրերի համաձայն` հետախուզման մեջ է գտնվում ևս մեկը: Այսպիսով` այս գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավվել է արդեն 5 հոգի:
Հիշեցնենք, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ։ Մարտի 8-ին Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Մարտի 11-ին վարույթն իրականացնող մարմինը բժշկական կենտրոնից տեղեկացվել է, որ նշված միջադեպի հետևանքով բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ ախտորոշմամբ բժշկական կենտրոն տեղափոխված Կնյազ Սմբատի Ղազարյանը մահացել է։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: