Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ խորհրդարանական ընտրություններից հետո արված ԲՀԿ-ի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նրանց միակ նպատակը վարչապետի «աթոռն» է:
-Պարո՛ն Սաֆարյան, վերջերս «Ազատ դեմոկրատներ»-ի հիմնադիր անդամների մի մասը դուրս եկավ կուսակցությունից` դա պատճառաբանելով նրանով, որ ԱԴԿ-ն խորհրդարան է գնացել «Ժառանգության» ցուցակով: Դուք ինչպե՞ս եք ընդունում այդ փաստը:
-Նախընտրական շրջանում էլ մենք բազմաթիվ անգամ չենք թաքցրել, որ այդ որոշման հետ կապված ոչ լիարժեք վերաբերմունք կա ե՛ւ «Ազատ դեմոկրատներ»-ի, ե՛ւ «Ժառանգության» ներսում: Բայց, համենայնդեպս, մեծամասնությունը երկու կուսակցություններում ընդունեց որոշում` միասին գնալ խորհրդարան: Իսկ թե ինչու Արարատ Զուրաբյանն իր թիմով հեռացավ ԱԴԿ-ից, ընդ որում այս շրջանում եւ ոչ թե ընտրությունների ժամանակահատվածում՝ հետո կամ առաջ, սա արդեն անհասկանալի է եւ նախընտրելի չէ:
-Այժմ «Ժառանգություն»-ն ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունի ԱԴԿ-ի հետ:
-Սովորական, բնականոն, գործընկերային հարաբերություններ են: Ես որքան տեղյակ եմ, խմբակցությունում եւս գործընկերային են հարաբերությունները: Կուսակցությունների միջեւ որեւէ լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է:
-ԱԴԿ-ն խորհրդարան մուտք գործեց «Ժառանգության» վարկանիշի շնորհիվ, սակայն այսօր «Ժառանգություն»-ը հայտնվել է ստվերում: Չե՞ք կարծում, որ այդ ամենում նաեւ ԱԴԿ-ի «մեղքը» կա:
-Այն, ինչ ստեղծել է «Ժառանգություն»-ը, իրենն է մնալու առաջիկա տարիների ընթացքում եւ ընդհանրապես, կուսակցության ողջ կենսագրության ընթացքում: Այն, ինչ կստեղծեն «Ազատ դեմոկրատներ»-ը՝ որպես այդ կուսակցության ներկայացուցիչներ, կլինի իրենցը, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է մեկի ձեռքից խլել մեկի կապիտալը, որի ստեղծողը ինքը չէ: Այդպիսի մտավախություն ես չունեմ, եւ դա հնարավոր էլ չէ, իսկ մնացածն ուղղակի կարծիքներ են, որոնք միգուցե իրավունք ունեն գոյություն ունենալ:
-Դուք՝ որպես «հին ժառանգական», ինչպե՞ս եք գնահատում Ձեր հարազատ կուսակցության այսօրվա աշխատանքը: Երբեմնի ակտիվությունից հետո ինչո՞ւ են «Ժառանգության» անդամներն այսօր այդքան «պասիվ»:
-Նախ ասեմ, որ ես գնահատական չեմ տա, քանի որ «Ժառանգության» այս մեծ թիմը դեռեւս իրեն չի դրսեւորել խորհրդարանում, եւ կարծում եմ` առնվազն աշնանային նստաշրջանի ընթացքում մենք հնարավորություն կունենանք համեմատել ներկայիս թիմը նախկին խմբակցության թիմի հետ եւ ըստ այդմ նաեւ գնահատական տալ: Իսկ այս պահին կանխատեսումների մակարդակով ինչ-որ գնահատականներ տալը ճիշտ չէ: Պետք է տեսնենք, թե ինչ էր անում նախկին խմբակցությունը, որ հիմա նոր խմբակցությունը չի անում եւ հակառակը: Իմ մասնակցությունն ընտրություններին վկայությունն էր այն բանին, որ ես ցանկանում էի լինել խորհրդարանում, ինչը հերքել հնարավոր չէ, բայց այդպիսին էր ընտրությունների ելքը, որը մեզանից ոչ ոք չի կարող փոխել:
-Այնպիսի տպավորություն է, որ Դուք եւս քաղաքական դաշտից հեռացել եք:
-Ես այս պահին առայժմ զբաղված եմ վերլուծական գործունեությամբ, առաջիկայում ավելի ինստիտուցիոնալ բնույթ կհաղորդվի իմ վերլուծական գործունեությանը: Ամենայն հավանականությամբ, լրատվական-վերլուծական ինչ-որ ֆորմատ կստեղծեմ, այդպես ինձ համար ավելի հեշտ կլինի իմ ծրագրերն իրականացնել: Աշնան շրջանում թե՛ ինձ համար, թե՛ Հայաստանի ունեմ կարեւոր կոնֆերանսների հրավերներ: Բայց զուգահեռ մնալու եմ քաղաքականության մեջ, զուգահեռելու եմ իմ քաղաքական գործունեության հետ: Այսինքն՝ ավելի է լայնանում իմ գործունեության դաշտը:
-Այսօրվա թիվ մեկ քննարկման թեման ՀՀԿ-ԲՀԿ «խաղն» է, ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ ունի ԲՀԿ-ն, արդյոք նրանց երազանքը ՀՀ վարչապետի «աթոռն» է:
-Այն առաջարկները, որոնք հենց ԲՀԿ-ին համակրող լրատվամիջոցները հրապարակեցին խորհրդարանական ընտրություններից հետո` որպես Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի բանակցությունների շրջանում Ծառուկյանի կողմից ներկայացված առաջարկ, եւ որը չհերքվեց ԲՀԿ-ի կողմից, խոսքը վերաբերում է կառավարության եւ նրա քաղաքականության փոփոխությանը, դրանից կարելի է եզրակացություններ անել: Այսինքն՝ ԲՀԿ-ի կողմից առաջադրված օրակարգային խնդիրը դա է, որը ենթադրում է վարչապետի եւ տնտեսական քաղաքականություն թելադրող այլ կարեւորագույն նախարարների փոփոխություն: ԲՀԿ-ն ոչ թե ամբողջական իշխանափոխություն է ցանկանում, այլ խոսքը վերաբերում է կառավարության ներսում թիմային փոփոխությանը, որի առանցքային հարցը վարչապետի պաշտոնն է:
ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՇՈՒՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ