Իշխանական կուլիսներում կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության թեման:
Այն, որ Տ. Սարգսյանն իր պաշտոնավարման այս տարիներին լուրջ ձախողումներ է գրանցել բոլոր ոլորտներում, հայտնի է ամենքին. այդ մասին է վկայում ե՛ւ երկրում տիրող իրավիճակը, ե՛ւ պաշտոնական վիճակագրությունը: Ժամանակին շատերի համար անհասկանալի էր, թե ինչու Սերժ Սարգսյանը, չնայած Տ. Սարգսյանի ձախողումներին, ԱԺ ընտրություններից հետո նրան կրկին նշանակեց վարչապետ՝ գրեթե նույնը թողնելով նաեւ կառավարության կազմը: Այդ օրերին ՀՀԿ-ականները փորձում էին տպավորություն ստեղծել, թե իրենք կայունության կողմնակից են եւ այդ իսկ պատճառով էլ առանձնապես չեն փոխել կառավարության կազմը: Բայց մյուս կողմից հստակ ակնարկներ եղան, որ ԱԺ ընտրություններից հետո ձեւավորվածն ընդամենը ժամանակավոր կառավարություն է եւ նախագահական ընտրություններից հետո հիմնովին փոփոխվելու է:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական վերնախավում այժմ քննարկվում է սցենար, ըստ որի՝ Ս. Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ պաշտոնանկ է անելու Տ. Սարգսյանին: Մանավանդ որ աշնանը, պայմանավորված մի շարք ներքաղաքական իրողություններով, սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացումով, գազի սակագնի բարձրացումով, երկրում իրավիճակը կլինի բավական լարված: Մեր աղբյուրները ենթադրում են, որ Տ. Սարգսյանին պաշտոնանկ անելով՝ Ս. Սարգսյանը կփորձի մեղմել հասարակական ընդվզումներն ու այդպես կկարողանա էժանագին դիվիդենտներ շահել: Պատկերացրե՛ք՝ հասարակական ընվզումների ժամանակ Ս. Սարգսյանն իր մոտ է կանչում վարչապետին, ասում, որ նրա պաշտոնավարման առաջին տարիներին ՀՀ-ում աղքատությունը եթե կազմել է 17 տոկոս, ապա հիմա՝ 36, ու ձեռքը խփելով սեղանին՝ պահանջում է անհապաղ հրաժարական ներկայացնել: «Ազատ ու պատասխանատու» լրատվամիջոցներն էլ կխոսեն այդ մասին. կգտնվի մի քանի միամիտ մարդ, որ ռեժիմի քարոզչամեքենայի զոհը կդառնա՝ անկեղծորեն հավատալով իշխանությունների բարեփոխումների «կուրսին»:
Բացի այդ, նա այդպես կփորձի նաեւ լուծել ԲՀԿ-ի խնդիրը: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն ժամանակին հրաժարվեց կոալիցիայի մաս կազմելուց մեկ պատճառով. նրանք համաձայնության չէին եկել վարչապետի թեկնածության շուրջ, քանի որ ԲՀԿ-ն կտրականապես դեմ էր եղել Տ. Սարգսյանի թեկնածությանը, ավելին, ցանկացել էր, որ Ս. Սարգսյանն առանց իր համաձայնության կառավարության ղեկավար չնշանակի: Բայց քանի որ ԱԺ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն էր ձեւավորել, Ս. Սարգսյանը հրաժարվել էր Ծառուկյանի առաջարկից: Արդյունքում՝ կոալիցիան այդպես էլ չկայացավ: Պատահական չէ, որ այսօր ընդդիմադիր ձեւացող ԲՀԿ-ն մի կողմից ասում է, թե որեւէ նախադրյալ չկա Ս. Սարգսյանին իմփիչմենթ հայտարարելու ՀԱԿ հնարավոր նախաձեռնությանը միանալու համար, մյուս կողմից ամենասուր խոսքերով քննադատում է կառավարության ղեկավարին: Նույնիսկ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում թափանցիկ ակնարկներ էր արել վարչապետի հասցեին. «Ծառուկյանն արդեն քանի տարի է ասում, որ երկրի տնտեսության վիճակը լավ չէ, ժողովրդի սոցիալական վիճակը ծանր է, արտագաղթի տեմպերը մտահոգիչ են: Մարդկանց մոտ հուսալքությունն ուժեղանում է: Քանի տարի է` ես ասում եմ` երկրում լուրջ փոփոխություններ են պետք»: Ու հիմա եթե Ս. Սարգսյանը նախագահի ընտրություններից առաջ առնվազն պաշտոնանկ անի Տ. Սարգսյանին (էլ չենք ասում՝ վարչապետի պաշտոնը ԲՀԿ-ին զիջելու մասին), ապա այդպես կկարողանա նրանից կորզել իրեն սատարելու խոստում:
Տ. Սարգսյանին պաշտոնանկ անելու եւս մեկ պատճառ կա. նա սկսել է այլեւս չարդարացնել իրեն: Խոսքը մասնավորապես դրսից գումարներ բերելու մասին է: Ինչպես հայտնի է, նրան վարչապետ նշանակելու պատճառներից մեկն էլ այն էր, որ Տ. Սարգսյանը կարողանում էր լեզու գտնել միջազգային ֆինանսական կառույցների հետ ու Հայաստանի համար ֆինանսական լուրջ մուտքեր ապահովել: Մի բան, որը հիմա չի ստացվում: Ավելին, Նա Հայաստանի ներսում բոլոր «փողոտ» խողովակները կենտրոնացնում է իր ձեռքին. ԾԻԳ-եր առողջապահություն, կրթություն եւ մի շարք այլ ոլորտներ:
Քանի որ ՀՀԿ-ում քիչ չեն Տ. Սարգսյանին, մեղմ ասած, չընդունողները, շատերն են պնդում նրան պաշտոնանկ անելու տարբերակի օգտին: Ինչ վերաբերում է Տ. Սարգսյանի պաշտոնանկության «իրավական հիմքերին», ապա առիթները շատ են: Խորհրդարանն առաջիկայում քննարկելու է բյուջեի կատարողականը, որը չընդունվելու դեպքում կարող է վարչապետին պաշտոնանկ անելու հիմք դառնալ: Կամ էլ՝ խորհրդարանը կարող է հավանության չարժանացնել 2013թ. պետական բյուջեն: Սա եւս վարչապետի հրաժարականի համար լավ հիմք կարող է լինել: Հիշեցնենք, որ կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել 75, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Դեմ էին քվեարկել ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները:
Ի դեպ, չի բացառվում, որ իրադարձությունները, այնուամենայնիվ, այլ ընթացք ստանան, ու ՀՀԿ-ն հրաժարվի այս սցենարից: Մինչ այդ ՀՀԿ-ից պաշտոնապես հերքում են վարչապետին պաշտոնանկ անելու մասին խոսակցությունները:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ