ՎԱՅ ԷՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ, ՈՐ ԿՔՆՆԻ «ԲԱՆԴԱՅԻ» ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք նախկին պաշտոնյաների առանձնատները թալանելու մեջ մեղադրվող հայտնի «բանդայի» գործը առաջիկայում ուղարկվելու է դատարան: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ավազակախմբի անդամ համարվող Արման Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսյանը: Իսկ «բանդայի պարագլուխ» Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը կարծիք հայտնեց, որ այս գործը չպետք է գնա դատարան, որովհետեւ շատ թերի է. «Վայ էն դատավորին, որ այդ գործը հասնելու է իրեն: Մեղքս գալիս է»:
Փաստաբանները պնդում են, ամիսներ շարունակ քննչական ծառայության կողմից կատարված աշխատանքները չեն տվել ցանկալի արդյունքը, եւ, ըստ էության, որեւէ մեղադրյալի նկատմամբ մեղադրանքը հաստատված չէ: Իսկ ընդհանուր առմամբ գործն ընդհանրապես բացահայտված չէ: Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Նախաքննական մարմինը չի կատարել իր լիազորությունները: Ուղղակի երեւում է, որ քննիչներին չեն թույլատրել քննիչ աշխատել: Ես համոզված եմ, որ այսպիսի անզոր վիճակում, բնականաբար, պաշտպանական կողմը ինչպիսի միջնորդություններ էլ ներկայացնի, առանց կարդալու դրանք մերժվելու են: Քանի որ նախաքննական մարմինը՝ որպես այդպիսին, չկա, ոստիկանությանը կից դրուժինիկներ են»:
Փաստաբանը մեզ պատմեց, որ ամիսներ առաջ միջնորդություն էր ներկայացրել բջջային օպերատորներից հարցում կատարելու եւ Ա. Հակոբյանի հեռախոսի վերծանումները 2011-ի հունվարից մինչեւ սեպտեմբերի 25-ը ստանալու համար. «Եւ, իհարկե, նախաքննական մարմինը պատասխանել է հետեւյալ կերպ. «Ձեր միջնորդության քննարկումը հետաձգվում է: Դրան մենք լրացուցիչ կանդրադառնանք»: Նախաքննությունը ավարտվել է, բայց ես մինչեւ հիմա այդ միջնորդության պատասխանը դեռ չեմ ստացել»: Ըստ Հ. Արսենյանի` Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ միջնորդությունը ներկայացնելուց հետո քննիչը պարտավոր է հնգօրյա ժամկետում ամբողջությամբ կամ մասնակիորեն որոշում կայացնել: Եթե նա որոշում չի կայացնում, ապա նշանակում է, որ միջնորդությունը բավարարել է: Բացի այդ, նրան իրավունք վերապահված չէ միջնորդության քննարկումը հետաձգել: Դրա իրավունքը միայն դատարանն ունի. «Հիմա միջնորդություն եմ ներկայացրել նաեւ դրա վերաբերյալ, թե այդպես էլ չեք պատասխանել հեռախոսի վերծանումների մասին միջնորդությանը: Միգուցե կատարե՞լ եք: Բայց դրանք գործի նյութերում չկան: Չէ՞ որ դա կօգներ հասկանալ, թե Արտյուշան ինչքանով է մասնակից կամ առնչություն ունի այս անձանց հետ»:
Տեղեկացնենք, որ 2012-ի փետրվարին Արսենյանը միջնորդություն էր ներկայացրել, որ այս գործով հարցաքննեին նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Միջնորդության պատասխանը հետեւյալն է. «Նա հետաքննության մարմնի ղեկավար է: Մենք չենք կարող հարցաքննել»: «Դե չեք կարող հարցաքննել, ապա հարցը գրավոր կերպով ուղղե՛ք նրան: Թող իր արած հայտարարությունները հաստատող փաստերն ու տվյալները ներկայացնի, որ կցեն քրեական գործին: Չէ՞ որ ժամանակին հայտարարում էր, թե Ա. Հակոբյանը բանդայի պարագլուխն է»,-ասաց փաստաբանը:
Զրույցի վերջում Արսենյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ «Ազգային բյուրոյի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հրաժարվել է Արտյուշայի մազերն ու քրտինքը փորձաքննելուց: «Ըստ երեւույթին նրանց հանձնարարել են, որ փորձագիտության ժամանակ նույնականացում տան, բայց նրանք էլ հրաժարվել են` հայտարարելով, որ այդպիսի փորձագետներ չունեն»,-եզրափակեց փաստաբանը:
Իսկ ոստիկանությունում ծեծի ենթարկված եւ ինքնասպանության փորձ արած Արման Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսյանը մեզ տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում իրեն տեսաձայնագրառում են ներկայացրել, որտեղ հստակ երեւում է, որ մի քանի դիմակավոր անձիք են ներկա եղել այն աշխատասենյակում, ուր հարցաքննել են Արմանին: «Այնուհետեւ քննողը սկսում է սպառնալի տոնով հարցեր տալ: Դրանք ուղեկցվում են հայհոյանքներով՝ ուղղված Դալլաքյանին: Հետո Արմանը ջուր է ուզում: Ջուրը նրան տալուց առաջ քննողը կոպիտ տոնով զգուշացնում է, թե` «շիշը բերանիդ մի՛ կպցրու»: Սակայն Դալլաքյանը, չլսելով նրան, շրթունքները շշին կպցնելով է խմում, որին հաջորդում են  հետեւյալ խոսքերը. «Շշի մերը»: Այդ ամենով անձին նվաստացնում են ու հոգեբանորեն կոտրում նրան: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Դալլաքյանը ընկճված խոսում: Ճիշտ է, չի երեւում ֆիզիկական բռնությունը, բայց դրա փոխարեն տեսնում ենք հոգեբանականը»,-նկատեց Քոսյանը՝ լրացնելով, որ Դալլաքյանը ծխող չէ, բայց տեսաձայնագրության մեջ ծխում է:
«Այս տեսագրությունը չի տեղավորվում ոչ մի օրենսդրական պահանջի մեջ: Հիմա եթե մենք սա դիտարկենք որպես օպերհետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված նկարահանում, ապա օրենքի բոլոր պահանջները խախտված են»,-պարզաբանեց նա: Փաստաբանի հավաստիացմամբ՝ Դալլաքյանը «բանդայի» գործով ձերբակալված անձանցից եւ ոչ մեկին չի ճանաչում, բացառությամբ Արտյուշա Հակոբյանի, որն իր ընկերոջ եղբայրն է:
Քոսյանն օգոստոսի 27-ին միջնորդություններ էր ներկայացրել քրեական գործի վարույթը կարճելու, Դալլաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ: Իսկ տեսաձայնագրման մեջ հայհոյանքներով ու բռնություններով հարցաքննող ոստիկանների նկատմամբ փաստաբանը միջնորդել է քրեական գործ հարուցել կամ այդ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Երկու միջնորդությունները երեկ մերժվել են:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս