Արմեն Երիցյանը և´ աշխատող, և´ աշխատեցնող նախարար է. գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կանանց տոնի առթիվ ՀՀ մարզերի համայնքների կին ղեկավարներին, ավագանու կին անդամներին, համայնքային կին ծառայողներին, հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներին պարգեւատրեց:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքի ղեկավար Համեստ Շահբազյանի հետ, ով 1997 թվականից մինչ օրս որոշ ընդհատումներով համայնքի ղեկավար է աշխատում՝ այդ ընթացքում հասցնելով 8 երեխա ունենալ:

Նշենք, որ Մեղվահովիտը այս պահի դրությամբ ունի 270 բնակիչ: Գյուղապետի խոսքով՝ վերջին տարիներին գյուղն ուղիղ կեսով դատարկվել է: Գյուղում չկա նաեւ դպրոց ու մանկապարտեզ, Մեղվահովիտի աշակերտները գնում են հարեւան՝ Բլագոդարնոյե գյուղի դպրոց:

-Տիկի՛ն Շահբազյան, ո՞ւմ միջոցներով են աշակերտները գնում հարեւան գյուղի դպրոց:

-Դրա համար ավտոբուս ունենք, որի ծախսերը գյուղի բյուջեի հաշվին են: Մեղվահովիտի բյուջեն կազմում է 9 մլն 700 հազար դրամ: Եւ այս խղճուկ բյուջեից ես ավտոբուսի համար դեռ ծախսեր եմ անում, որը մեծ հարված է մեր բյուջեին:

-Դուք երկար տարիներ է, ինչ գյուղապետ եք, այս ընթացքում նման միջոցառումներ կազմակերպվե՞լ են:

-Այո՛, բայց դա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում էր: Իսկ նոր նախարար Արմեն Երիցյանը շատ զգոն մարդ է: Երբ նա նշանակվեց, ես շատ ուրախացա, որովհետեւ նա ե՛ւ աշխատող է, ե՛ւ աշխատեցնող նախարար:

-Որպես կին՝ դժվա՞ր է Ձեզ համար համայնք ղեկավարել:

-Գյուղը վերաբնակեցված է: Դժվարը սկիզբն էր, կարելի է ասել, որ այդ գյուղն իմ աչքի առաջ է կայացել, իսկ հիմա ես այդ գյուղի հետ ձուլվել եմ: Միայն սոցիալական հարցերն են, որոնք ճնշում են բնակիչներին: Իսկ նախարարը խոստացել է դրանք լսել: Ես դեռեւս նախկին նախարար Արմեն Գեւորգյանին հրավիրել էի գյուղ, եւ նա եկավ ու խոստացավ, որ կօգնի գյուղին, բայց եղավ այն, ինչ եղավ. ոչ մի բան չեղավ գյուղի համար: Հիմա տեսնենք, թե նոր նախարարն ինչ կանի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս