ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ ԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) օրերս, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ սիրիահայության անվտանգությանը, հանդես է եկել հայտարարությամբ, թե Թուրքիայի դավադիր եւ թշնամական քաղաքականությունը դրացի երկրների դեմ հասել է իր գագաթնակետին:
Ըստ ԱՍԱԼԱ-ի՝ Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող թուրքական որեւէ ռազմական արկածախնդրություն հանդիպելու է իրենց համարժեք հակազդեցության: «Մեր համերաշխությունն ենք հայտնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ եւ հայտարարում, որ արաբ ժողովուրդն ինքը պիտի որոշի իր ճակատագիրը, կերտի իր ապագան եւ պետք չունի թուրք իշխանությունների կոկորդիլոսյան արցունքներին ու երկդիմի հոգատարությանը»,-նշել է ԱՍԱԼԱ-ն: Հավելենք, որ ըստ կարծիքների՝ Սիրիայի թիկունքում կանգնած է Թուրքիան, որը շահագրգռված է ճնշել հայերին, որտեղ էլ որ նրանք բնակվելիս լինեն:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ Սիրիայում տեղի ունեցող գործողություններն ի՞նչ հանգուցալուծում կունենան, եւ հայկական համայնքն ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա այս հարցում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Բարդ է ասել, թե իրավիճակը Սիրիայում ինչ պրոցեսներով կզարգանա: Հայկական համայնքը պետք է պահի իր չեզոքությունը, քանի որ ցանկացած այլ դիրքորոշում կվնասի սիրիահայերի շահերին: Երբ ԱՍԱԼԱ-ի նման նամակներ են դուրս գալիս, բնականաբար, կարող են նաեւ հակառակ նամակներ էլ լինել: Մենք պետք է էլի չեզոքություն պահպանենք: Եթե Սիրիայի ընդդիմության քայլերը մեր շահերից չեն բխում, մենք էլ պետք է փորձենք այլ խաղերի մեջ մտնել` այդ տարածաշրջանում ակտիվ դերակատարություն չունենալով: Հավատացա՛ծ եղեք, լուրջ խնդիրների առաջ կկանգնենք:

ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ
քաղաքագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ բարդ հարց եք տալիս. ո՞վ կարող է գուշակել, թե իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա: Հարցը կկարգավորվի այն ժամանակ, երբ կողմերը կգան ընդհանուր հայտարարի: Սիրիայում պետք է դադարեցվեն միմյանց հասցեին հնչող մեղադրանքները, եւ սկսեն բանակցությունները: Հայկական համայնքին ուզած-չուզած ներքաշեցին այդ կռվի մեջ, եւ հայկական համայնքը պետք է վերացնի այսպես ասած իր ինքնապաշտպանության գործը՝ դառնալով գոնե լիբանանյան համայնքի նման, որը չթողեց որեւէ մեկը ոտնձգություն կատարի իրենց նկատմամբ: Մենք պետք է շատ վճռական լինենք այս հարցում: Սիրիայում ոչ թե մեկ, այլ շատ պատերազմներ են տեղի ունենում: Սա վաղուց ոչ թե ընդդիմության եւ իշխանության կռիվն է, այլ արտաքին ուժերի: Հայաստանը պետք է անցնի այն ուժերի կողմը, որոնք դեմ են ԱՄՆ-ին, քանի որ ԱՄՆ-ը բերում է ֆաշիստ ուժերի, որոնք հետո էլ սկսելու են Հայաստանի հարցը լուծել:

ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ
քաղաքագետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս