ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում կայացավ 4-րդ աշխատանքային տոնավաճառը, որի նպատակը գործազուրկ քաղաքացիներին աշխատանք գտնելու հարցում օգնելն է: Աշխատանքային հերթական տոնավաճառին այս անգամ մասնակցում էին 32 կազմակերպություններ:
Նշենք, որ համաձայն ԱՎԾ հրապարակումների՝ Շիրակի մարզը գործազրկության ցուցանիշներով առաջինն է հանրապետությունում: Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը փոխանցեց, որ փաստացի աշխատանք փնտրող քաղաքացիների թիվը 9222 է, որի գերակշիռ մասը կանայք են: Սակայն հասկանալի է, որ սա չի կարող լինել գործազուրկների թվաքանակի իրական ցուցանիշը: Շատերը կան, որ գրանցված չեն, հազարավոր քաղաքացիներ արտագաղթել են՝ դրսում աշխատանք գտնելու հույսով եւ այլն: Հատկանշական է, որ հրապարակված տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գործազուրկների թիվը 13 տոկոսով նվազել է:
Ինչո՞վ է պայմանավորված, օրինակ, Շիրակի մարզում գործազրկության մակարդակի նվազումը, եթե նկատի ունենանք, որ պետական մակարդակով աշխատատեղեր չեն գործարկվել: Այս հարցն ուղղեցինք զբաղվածության պետական ծառայության գործակալության պետ Սոնա Հարությունյանին, որը նախ նշեց, թե ազգային վիճակագրական ծառայության hրապարակած տվյալները դեռեւս ուսումնասիրման փուլում են, ապա ավելացրեց, թե թվի նվազումը սեզոնային բնույթ է կրում: Ըստ գործակալության պետի՝ հիմա կան աշխատատեղեր, սակայն աշխատել ցանկացողների թիվը քիչ է:
Աշխատանքային տոնավաճառին ներկա գործազուրկ քաղաքացիները ծանոթացան առաջարկվող աշխատատեղերի ցանկին, սակայն քչերին հաջողվեց ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություններ: Ըստ աշխատանք փնտրողների՝ խնդիրը գործատուների խիստ պահանջներն են:
«Նախ պահանջում են, որ երիտասարդ լինի: Գիտելիքները կարծես մի կողմ են դնում: Երիտասարդ ու բարետեսը հասկացանք: Հիմա իրանց աշխատո՞ղ է պետք, թե՞ ինչ: Թող փորձից ու խելքից հարցնեն, թե չէ 20 տարեկան բարետեսներին աշխատելու համար չեն ուզում»,-նշեց աշխատանք փնտրող քաղաքացիներից մեկը:
«Շուկայական տնտեսություն է, մասնավորն իր պահանջներն ունի: Չեմ կարծում, որ շատ խիստ են: Իհարկե, կան գործատուներ, որոնք մի քիչ ծայրահեղ են իրենց պահանջների մեջ, բայց, ամեն դեպքում, այսօր շուկայի պահանջն է` բարձրակարգ, բազմափորձ եւ բազմակի հմտություններ ունեցող մասնագետներ»,-նշեց Ամալյա Ադամյանը:
Հանրապետությունում գործազրկության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ կառավարությունը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը գործնական քայլեր են ձեռնարկում. այս մասին հայտարարեցին զբաղվածության պետական ծառայության աշխատակիցները: Սակայն համապատասխան գերատեսչություններից  աշխատանքային տոնավաճառին որեւէ պաշտոնյա ներկա չէր, ինչպես ներկա չէին ո՛չ մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ո՛չ էլ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս