ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարգելի՛ խմբագրություն, ՆԳ Մաշտոցի բաժնի պետի տեղակալ Արմեն Գասպարյանը, քրեականի պետ Արթուր Գեւորգյանը ինձ խոշտանգել են, ենթարկել էլեկտրաշոկի, կտրել ձեռքս, ստիպել կեղծ ցուցմունքներ տալ ու հանձն առնել իմ կողմից չկատարած հանցանքը: Նրանց անօրինականությունների, ինձ անհիմն կալանավորելու եւ տանջանքների ենթարկելու մասին բազմիցս նամակով տեղեկացրել եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին եւ այլ մարմինների, սակայն ինձ ոչ մեկը չի լսել: Այլընտրանք չունենալով՝ դիմում եմ Ձեզ` խնդրելով  բարձրաձայնել այս մասին Ձեր էջերում»,-գրում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 33 խցի կալանավոր Հրաչյա Գեւորգյանը: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
«Հարգելի՛ խմբագրություն, շատ եմ խնդրում իմ այս նամակը տպագրել, որ մարդիկ կարդան ու հասկանան, որ հայը քրիստոնյա ազգ է կոչվում, սակայն խաչի հետեւում ինչ անաստված եւ անօրեն արարք ասես չի անում: Իրենց խարդախությամբ, խաբեբայությամբ ու կեղծիքներով մարդուն դրդում են ինքնասպանության, կրոնափոխման: Ոչ մի տեղ այլընտրանք չտեսնելով՝ ուզում եմ թքել այս երկրի ու խաբեբա չինովնիկների վրա, հրաժարվել կրոնից եւ ազգությունից եւ ընդմիշտ հեռանալ: Մինչեւ ե՞րբ ու ինչքա՞ն հանդուրժեմ այս խաբեբաներին ու պղծվածներին:
2011թ. հոկտեմբերի 18-ից գտնվում եմ անազատության մեջ: Ինձ բերման են ենթարկել ՆԳ Մաշտոցի բաժին եւ անհիմն մեղադրում են: Բաժնի տեղակալ Արմեն Գասպարյանի եւ քրեականի պետ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ մի խումբ օպերներ մոտավորապես 3-4 ժամ դաժանաբար ծեծել են, խոշտանգել՝ կտրելով ձեռքս երկու տեղից եւ ստիպել, որպեսզի ես գրավոր կամ բանավոր ընդունեմ իմ չկատարած հանցանքը: Իրականում, հավատացե՛ք ինձ, ես հանցագործ չեմ, դա իրենց էր պետք գործ սարքել, բարդել իմ վրա, եւ ցույց տալ, թե իրենք օպերատիվ աշխատում են: Հոկտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 29-ը գտնվել եմ հացադուլի մեջ, փորձել այս կերպ ուշադրություն հրավիրել ինձ վրա: Գրավոր դիմել եմ ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին, գլխավոր քննչական վարչության պետին, ԱԺ նախկին նախագահին, Երեւան քաղաքի դատախազին, Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազին, ազգային անվտանգության ծառայության պետին, ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի պետին, մարդու իրավունքների պաշտպանին, որոշ կուսակցությունների եւ շատ այլ ատյանների: Սակայն նրանց պատասխանները, երբեմն էլ անտարբերությունը, հիմք են տալիս մտածել, որ ես օրգանի աշխատողների բռնությունների դեմ անպաշտպան եմ: Ոչ մի պաշտոնյա հարկ չհամարեց կանչել օրինապահ ոստիկաններին` նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Ընդհակառակն, ավելի բարձրացրին նրանց պաշտոնները:
2011թ. հոկտեմբերի 20-ից մինչեւ 2012թ. փետրվար ամիսը բոլոր վերադասներին համբերատար գրում եմ ու բողոքում, տեղեկացնում, որ Մաշտոցի բաժնում ինձ ոչ միայն խոշտանգել են, վիրավորել, ծեծել, այլեւ բաժնի աշխատակիցներն ահաբեկել են իմ ծեր, 72-ամյա մորը: Ավագ քննիչ Վ. Ասատրյանը կանչել ու սպառնացել է նրան՝ ասելով, որ մայրս պիտի համոզի ինձ բողոքներ չգրել իրենց դեմ՝ հակառակ դեպքում սպառնացել ինձ վրա դնել բռնաբարության եւ օրգանին դիմադրելու հոդվածները ու դատել: Այդպես էլ արեցին, ձերբակալելուց 4 ամիս հետո ինձ վրա դրեցին օրգանին դիմադրելու, իսկ 5 ամիս անց՝ բռնաբարության հոդվածները: Այսքան գործ են սարքել ու բարդել վրաս, սակայն ոչ մի վկայի հետ առերեսում չեն արել՝ չնայած նրան, որ ես պնդել եմ դա կատարել: Ես իմ արդարությունը ապացուցելու համար 19 վկաների անուն եմ ասել, պահանջել լսել նրանց ցուցմունքները եւ դրանք կցել գործին: Օրինախախտ ոստիկանները միշտ շրջանցում են իմ խնդրանքները, պահանջները:
Ի դեպ, ինձ ազատելու համար ոստիկանությունում մեզնից պահանջել են 5000 դոլար գումար: 3500 դոլարն անձամբ տվել եմ Արմեն Գասպարյանին: Ասածս կարող եմ ապացուցել, ունեմ վկաներ, միայն թե թողնեն, որ նրանք խոսեն: Իմ անօգնական վիճակից հուսահատ, ինքնասպան լինելու նպատակով մեխեր եմ կուլ տվել, հացադուլ եմ արել: Բայց այստեղ էլ բախտս չի բերել, կենդանի եմ մնացել:
Հարգելի՛ խմբագրություն, Ձեզ համար ճշմարտությունը պարզելը դժվար չէ: Չունենալով այլընտրանք՝ խնդրում եմ օգնել ինձ արդարությունս ապացուցել: Եթե իմ խնդրանքին Դուք էլ անտարբեր մնացիք, ես փոխելու եմ ազգությունս, կրոնս, որպեսզի համայն աշխարհը տեսնի այս թուրք ու դահիճ պաշտոնյաների իրական դեմքը, որոնք միտումնավոր կործանում են մարդկանց կյանքը եւ նվաստացնում՝ ոտնահարելով նրանց արժանապատվությունը: Որոշումս հստակ է, անփոփոխ ու անկեղծ: Կանխավ շնորհակալություն Ձեզ»:

ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ (կալանավոր)




Լրահոս