Ի՞նչ կտա «Կինոյի մասին» օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակման փուլում է: ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ ի կատարումն ՀՀ նախագահի հանձնարարականի` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ: Հանձնաժողովի անդրանիկ նիստն արդեն կայացել է:

«Ժողովուրդ»-ը կինոյի ոլորտի մասնագետներից հետաքրքրվել է` «Կինոյի մասին» օրենքի բացակայության պայմաններում որ պարագաներում են տուժել վերջիններս, ինչ կտա մեզ այս օրենքը, եւ ինչ հեռանկարներ է այն մեր առջեւ բացում:

Կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանի համոզմամբ` վերոնշյալ օրենքը պետք է լինի հստակ` նպաստելով ազգային կինոյի կայացմանը: «Օրենքը պետք է ներառի կետեր, որոնք մեր ազգային կեցվածքին չդավաճանելու գրավական կհանդիսանան: Պատահում են դեպքեր, երբ ֆիլմի ֆինանսավորումը լինում է դրսից, եւ այդ դրսի հովանավորն էլ թելադրում է իր կամքը. արդյունքում կինոն չի ծառայում ազգայինի գաղափարին: Լավ կլիներ պետությունն այդ դեպքում ունենար հսկողության եւ միջամտության իրավունք»: Կինոգետը, սակայն, ընդգծեց` կարեւորն այն է, որ այդ օրենքը ձեւական բնույթ չկրի. չէ՞ որ մեզ մոտ օրենքները հաճախ են խախտվում:

Կինոօպերատոր Լեւոն Աթոյանցն էլ, ով 1955-ից երկար տարիներ աշխատել է «Հայֆիլմ»-ում, դեմ է որոշ արվեստագետների այն կարծիքին, ըստ որի՝ «արվեստը օրենք չի սիրում»: «Բայց չէ՞ որ կինոն նաեւ արտադրություն է, եւ առանց օրենքի մի շարք հարցերում ստիպված կլինեք տուժել: Ինքս բազում անգամներ տուժել եմ այդ օրենքի բացակայությունից: Օրինակ` իմ նկարահանած «Զինվորն ու փիղը» ֆիլմը վաճառելու միջոցով որոշ մարդիկ դոլարներ կիտեցին, բայց ինձ ոչ մի գումար չհասավ: Իսկ եթե լիներ օրենք, եւ հստակ սահմանվեր, որ քո նկարած ֆիլմը հնարավոր չէ առանց քեզ հետ համաձայնեցնելու վաճառել ու քեզ էլ գումար բաժին չհանել, մենք այս օրը չէինք ընկնի»,-նկատեց օպերատորը:

Նա նաեւ նշեց` որպեսզի խուսափենք այնպիսի դեպքերից, երբ պետբյուջեի ֆինանսավորմամբ որոշ ֆիլմերի վրա ծախսված գումարներ կորչում են, հարկավոր է ունենալ «Կինոյի մասին» օրենք, որպեսզի վերջինիս միջոցով վերահսկողություն սահմանվի ողջ գործընթացի վրա:

Կինոռեժիսոր Հակոբ Իսկուդարյանի համոզմամբ էլ՝ «Կինոյի մասին» օրենքը թույլ կտա զարգացնել կինոարտադրությունը, մասնագիտական առումով զտել դաշտը. «Բայց սա այն դեպքում հնարավոր կլինի իրագործել, եթե օրենքը չմնա դարակներում, թղթերի վրա, այն կիրառել է պետք, մի բան, որ մեր երկրում չի արվում: Բազմիցս համոզվել ենք, որ ինչ օրենք էլ գրես-չգրես, միեւնույն է, ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է: Մտավախություն ունեմ, որ «Կինոյի մասին» օրենքն էլ նույն ճակատագրին կարժանանա»,-նշեց նա:

Կինոռեժիսոր, սցենարիստ Միքայել Դովլաթյանն էլ օրենքի անհրաժեշտությունը տեսնում է հատկապես այլ երկրների հետ համատեղ արտադրություններ իրականացնելիս. «Շատ երկրներ ունեն «Կինոյի մասին» օրենք, եւ երբ գալիս է որեւէ երկրի, օրինակ` Ֆրանսիայի հետ համագործակցելու պահը (իսկ վերջերս այդ առիթները հաճախակի են դարձել), պայմանագիր կնքելու հարց է առաջ գալիս: Հղումներ են տրվում «Կինոյի մասին» օրենքին, որը մենք չունենք, ուստի ածանցյալ կերպով հղումներ ենք անում այն օրենքների վրա, որոնք ինչ-որ առումով մոտ են դրան: Այսպիսով, եթե օրենքը ունենանք, ավելի ազատ եւ հստակ կգործենք»,-մեկնաբանեց Մ.Դովլաթյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ «Կինոյի մասին» օրենքը միայն արտադրությանը չի վերաբերում, այլեւ, օրինակ, ցուցադրմանը: «Նույն Ֆրանսիայում, օրինակ, գործում է ֆրանսիական կինոն ամերիկյան ֆիլմերից «պաշտպանելու» ճկուն օրենք: Կինոթատրոնները, որոնք ցուցադրում են ֆրանսիական կինոնկար, մեծ արտոնություններ ունեն մյուս կինոթատրոնների նկատմամբ: Այսինքն` օրենքը միտված է ազգային կինոյի զարգացմանը»,-ընդգծեց կինոռեժիսորը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս