ԵՏՄ-ՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մարտի 13-ին Աստանայում տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի հանդիպումը: Ստացվում է, որ Աստանայում հավաքվելու են Եվրասիական տնտեսական միության չորս երկրներից երեքի ղեկավարները, իսկ Հայաստանը, որը նույնպես այդ կառույցի անդամ է, նշված հանդիպմանը ներկայացված չի լինելու: «Սպասվում է, որ երկրների ղեկավարները կքննարկեն երեք երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը խորացնելու եւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է Ղազախստանի նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Այս իրողությունն արդեն խայտառակություն է, եւ ամենեւին էլ կարեւոր չէ՝ Հայաստանը ներկայացնող Սերժ Սարգսյանին հրավիրե՞լ են այս հավաքին, ու նա չի ցանկացել գնալ, թե՞ ընդհանրապես նրան արհամարհել են: Փաստն այն է, որ Հայաստանը նույնպես ԵՏՄ կոչվող «ծակ նավակի» չորրորդ ուղեւորն է, ուստի, եթե մյուս երեքը հավաքվում են իրենց հետագա համագործակցության հարցերը քննարկելու, չորրորդի ներկայությունն առնվազն պարտադիր է: Բա էլ ո՞ր օրվա գործընկերներն են, որ կարեւորագույն հարցերի քննարկմանը մեզ «մոռացել են»:

 

 

 
Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հրաժարվում է փետրվարի 20-ին հանրահավաք անելու մտքից, ու հայտնի դարձավ, որ մտադիր է դուրս գալ քաղաքականությունից, մի շարք ԲՀԿ-ականներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Աբրահամ Մանուկյանը, Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանն ու էլի մի քանիսը Բաղրամյան 26-ում հանդիպել են Սերժ Սարգսյանին, ով ասել է, որ Ծառուկյանն այլեւս չի խառնվելու կուսակցության հարցերին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ն. Զոհրաբյանն այդ օրը ասել է, թե իրենք հանդես կգան ընդդիմության դիրքերից, ինչին Ս. Սարգսյանը չի առարկել՝ ասելով, որ կուսակցության ընթացիկ «խնդիրներով» զբաղվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ հանձնարարել է գնալ նրա մոտ: Աբրահամյանն իր հերթին ԲՀԿ-ականներին տեղեկացրել է, որ կուսակցության նախագահը պետք է լինի Նաիրա Զոհրաբյանը, քաղաքական որոշումների մենաշնորհը նրան է տրվելու (իր հետ համաձայնեցնելու պայմանով), իսկ ԲՀԿ-ի ֆինանսավորման խնդիրը լուծելու է ինքը` Աբրահամ Մանուկյանի միջոցով:

 

 

 

 

ՀՀ Կառավարության այս շաբաթվա նիստը տեղի կունենա այսօր, ոչ թե հինգշաբթի օրը, ինչպես սովորաբար այն տեղի է ունենում: Պատճառն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում չի լինելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մարտի 11-ին մեկնելու է Քուվեյթ: Տեղեկացնենք, որ Հայաստանի պաշտոնյաներից առաջինը Քուվեյթ այցելել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԺ նախագահի պաշտոնում, 2005-ին: Դրանից հետո՝ 2009-ին, Սերժ Սարգսյանն է այցելել Քուվեյթ: Հաջորդած տարիներին ճանապարը կարծես բացվել է, եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հաճախակի այցելել Քուվեյթ: Վերջինն այդ երկրում եղել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը` 2013-ի մարտին: Տեղեկացնենք, որ 2014-ին Քուվեյթի հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը մի փոքր ակտիվացել է. 2013-ին Հայաստանից այդ երկիր է արտահանվել 278 հազար 100 դոլարի ապրանք, իսկ 2014-ին արտահանման թիվը հասել է մեկ միլիոն 351 հազար 600 դոլարի:

 

 

 

 
Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանից մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 536 ուղեւոր: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիաի հրապարակած պաշտոնական տվյալներից: Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով Հայաստանից մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվը կազմել էր 11 հազար 919 ուղեւոր: Հարկ է նշել, որ վերջին տարիներին ինքնաթիռով մեկնող-ժամանողների թիվը արտագաղթի ընդամենը մի փոքր մասն է արտացոլում: Բանն այն է, որ դեպի հետխորհրդային երկրներ, եւ հատկապես Ռուսաստան, մարդիկ Հայաստանից արտագաղթում են ավտոբուսներով, քանի որ այդպես ավելի էժան է, ու հետները համեմատաբար ավելի շատ բեռ կարող են տանել: Արտագաղթի հիմնական ցուցանիշը պարզվում է եռամսյակների ավարտից հետո, երբ հրապարակվում են պաշտոնական վիճակագրության ընդհանուր սահմանահատումների թվերը:

 

 

 

 
«ՈՒՉԱՍՏԿՈՎԻՆ» ՆՈՒՅՆՆ Է

Փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության բացահայտումը ընթանում է «աղետալի արագությամբ» եւ միանգամայն սպասելի սցենարով: Ինչպես եւ կատարվածի հաջորդ իսկ օրը ներկայացվել էր իշխանական լրատվամիջոցներով՝ որպես սպանության հիմնական վարկած հաստատվում է իսլամիստական շարժառիթը, այն է` Նեմցովը վիրավորել էր մուսուլմաններին` տարեսկզբին ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրակազմի գնդակահարության կապակցությամբ:
Ինչպես հայտնի է՝ Նեմցովի սպանության կասկածանքով արդեն իսկ կալանավորվել են հինգ հոգի, եւ Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ Անզոր Գուբաշեւը եւ Զաուր Դադաեւը համարվում են Բորիս Նեմցովի սպանության կազմակերպիչներն ու անմիջական կատարողները: Ուշագրավ է, որ վերջինը հանդիսանում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անմիջական վերահսկողության տակ գտնվող չեչենական ոստիկանության «Հյուսիս» էլիտար ջոկատի հրամանատարը, ում Կադիրովը պարգեւատրել է «Արիության մեդալ»-ով: Իր հերթին Կադիրովին էլ երեկ պարգեւատրել է Վլադիմիր Պուտինը` անտեսելով այս կապակցությամբ հանրային դժգոհությունը: Ավելին` Պուտինի խոսնակը Կադիրովի պարգեւատրումը որակել է «պատահականություն»:
Բնականաբար, սպանության այս վարկածը Նեմցովի ընկերների եւ համախոհների կողմից որակվում է որպես անհեթեթություն, չնայած որ Կադիրովի եւ Նեմցովի «բարդ» հարաբերությունները տարիների պատմություն ունեն: Ամեն դեպքում, արդեն իսկ այն փաստը, որ սպանությունը կատարվել էր չափազանց հանդուգն կերպով` Կրեմլի պատերի տակ, իր մեջ որոշակի մարտահրավեր է պարունակում` ուղղված Ռուսաստանի պետականությանն ու իշխանություններին: Սակայն դա միայն այն դեպքում, երբ դրա անմիջական կազմակերպիչները հենց այդ պատերի հետեւում չեն: Դատելով Կադիրովին պարգեւատրելու` Պուտինի «պատահական» հրամանագրից` Նեմցովի սպանությունը, համենայն դեպս, ՌԴ քննչական կոմիտեի հաստատած անձանց իրականացմամբ, Կրեմլը գնահատել է ոչ թե որպես մարտահրավեր, այլ անցանկալի թիրախի հեռացման` գուցե եւ ընդամենը Կադիրովի մակարդակով տրված հանձնարարության հաջող իրականացում:
Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ Ռուսաստանի ներկայիս վարչակարգի պայմաններում «ուչաստկովիի» մակարդակի այդ գործը կունենա նույնպիսի ճակատագիր, ինչպես եւ մինչ այդ ՌԴ-ում եւ հետխորհրդային երկրներում, այդ թվում եւ` Հայաստանում, տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունները: Դրանք բոլորն էլ մեկ խնդիր են լուծել` ահաբեկել հանրությանն ու ընդդիմադիր գործիչներին: Եվ այս իմաստով, թերեւս, բարեբախտություն է, որ վերջին զարգացումների ընթացքում Հայաստանում հաշիվները մաքրվեցին ընդամենը ելույթների եւ կուլիսային հանդիպման ընթացքում հնչեցված սպառնալիքների մակարդակով:




Լրահոս