Մարտի 6-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ ինքն այլեւս կուսակցության անդամ չէ: «Ես պարոն Ծառուկյանի հետ դեպքերին հաջորդած օրերին քննարկել եմ ստեղծված իրավիճակը, նրանից տեղեկացել իր մտադրությունների մասին: Այնուհետեւ հանդիպել եմ թիմակիցներիս, Գյումրիում հեղինակություն եւ հարգանք վայելող մի շարք անձանց, այդ թվում` հոգեւոր թեմի առաջնորդ Աջապահյանի հետ: Այս քայլերով էր պայմանավորված վերջին օրերի իմ լռությունը: Քննարկումներիս արդյունքում եմ հանգել որոշման. ես դուրս եմ գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից` պահպանելով ընկերական հարաբերություններ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական գործընկերներիս հետ»,-ասված էր Գրիգորյանի հայտարարությունում:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանի հետ` պարզելու համար, թե ինչու նա, ի վերջո, որոշեց լքել ԲՀԿ շարքերը:
-Պարո՛ն Գրիգորյան, թեեւ այլեւս ԲՀԿ-ական չեք, բայց Ձեր աշխատանքները շարունակելու եք ԲՀԿ խմբակցությունում: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը, ո՞ւմ շահերն եք ներկայացնելու եւ ի՞նչ քաղաքական ուղղվածություն եք ունենալու:
-Ես ներկայացնելու եմ հատկապես Գյումրի քաղաքն ու գյումրեցու շահերը: Այն խնդիրները, որոնք կներկայացնեմ Ազգային ժողովում, վերաբերելու են Գյումրի քաղաքին, քանի որ ինձ համար այսօրվա դրությամբ առաջնային նպատակը Գյումրիի խնդիրը ներկայացնելն ու այդ խնդրին լուծում տալն է: Թե այդ խնդիրների լուծման ճանապարհին ովքեր պատրաստակամություն կհայտնեն աջակցելու, կախված է իրավիճակից: Այսինքն՝ ես պատրաստ եմ պարզ, արդար, թափանցիկ աշխատելուն, լավին լավ ասելուն, վատին վատ ասելուն: Դա կլինի ընդդիմություն թե իշխանություն, ես ազատ եմ իմ գործողությունների մեջ: Այն ժամանակ, որպես կուսակցական, ինչ-որ տեղ կարող էր այնպես լինել, որ կուսակցական գիծը պետք է պահվեր` անկախ ամեն ինչից, բայց այս պահին ես ազատ եմ իմ գործողությունների մեջ, եթե դրական բաներ կլինեն Գյումրի քաղաքում, ես պատրաստ եմ դրան էլ արձագանքելուն, որեւէ կաշկանդվածություն չունեմ:
-Այսինքն՝ այդ կաշկանդվածությունը կլիներ, եթե Դուք շարունակեի՞ք մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում:
-Ես այդ հարցի պատասխանը բավականին հանգամանալից տվել եմ, իմ կարծիքով դրան անդրադառնալ պետք չէ: Ես նշել եմ, որ իմ անդամակցությունը կոնկրետ անձով է պայմանավորված եղել, ու ես այս պահի դրությամբ հարմար չգտա շարունակելու կուսակցությունում իմ աշխատանքը: Ես՝ որպես անկուսակցական պատգամավոր, համոզված եմ, որ այս կարգավիճակում ավելի շատ օգտակար կարող եմ լինել, քան այսօրվա վիճակում ԲՀԿ-ում մնալով, քանի որ իմ խնդիրը ոչ թե անձնականն է, այլ ժողովրդի խնդիրներին լուծում տալն է: Ես երկար մտածեցի ու հասկացա, որ այդ կարգավիճակում օգուտ չեմ կարող տալ քաղաքին:
-Փաստորեն ստացվում է, որ այն ԲՀԿ-ականները, որոնք լքել են ԲՀԿ շարքերը, ոչ թե ԲՀԿ-ի գաղափարախոսության շուրջ էին հավաքվել, այլ ընդամենը՝ Գագիկ Ծառուկյանի, համամիտ ե՞ք:
-Ես այդ տեսակետը հայտնողներից մեկն եմ եղել, ես կուսակցական մտածելակերպ չունեմ, ես անձի կողմն եմ կանգնել, ես անձին եմ սատարել, անձով պայմանավորված՝ նաեւ անձի կուսակցությանն եմ անդամագրվել, ու այն ծրագրերը, որոնք որ կային Ծառուկյանի մոտ, բնականաբար նաեւ այդ ամեն ինչը ԲՀԿ-ի ծրագրերն էին, ու հենց այդ սկզբունքով էլ աշխատել եմ: Բայց քանի որ այսօրվա դրությամբ չկա Ծառուկյանը ու այն ծրագրերը, այն գաղափարները, որոնք մենք իրար հետ՝ Գյումրի քաղաքի հետ ենք մշակել, ծրագրել, պլանավորել, իրականացրել, այսօրվա ԲՀԿ-ով, բնականաբար, ես մեր քաղաքին չէի կարողանալու օգտակար լինել:
-Դուք Ձեզ «խաբված» զգո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանի կողմից, քանի որ նման պլաններ եք կազմել միասին, իսկ «գործի կեսից» Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, հետ է կանգնել, ու կարելի է ասել՝ հրաժարվել է այդ ծրագրերն իրականացնել:
-Ես անձամբ հանդիպում ունեցել եմ պարոն Ծառուկյանի հետ, զրուցել եմ: Այն, ինչը որ կար, այն, ինչը որ տեսել եմ, այն, ինչը որ զգացել եմ, ես այդ ամենի մասին խոսել եմ Գ. Ծառուկյանի հետ: Այդ մասին ինչ-որ հարցի պատասխանելը հարմար չեմ գտնում:
-Դուք այժմ ղեկավարում եք ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն եք: Դուք հրաժարվելո՞ւ եք նաեւ այդ պաշտոններից:
-Ես այս պահի դրությամբ նախագահելու եմ հանձնաժողովը, այս պահի դրությամբ ես այդ հարցերում խնդիր չեմ տեսնում, քանի որ հանձնաժողովը բավականին լավ աշխատում է, բավականին լուրջ ծրագրեր ունենք, ակտիվ համագործակցում ենք հասարակական սեկտորի հետ: Այսինքն՝ մենք մեր աշխատանքը շատ նորմալ կատարում ենք, շատ կազմակերպված, պլանավորված, ծրագրավորված աշխատանք է գնում, ու ես մնալու եմ որպես ԲՀԿ խմբակցության անդամ, իսկ եթե ես խմբակցությունից դուրս չեմ գալիս, ինչ-որ խնդիրներ չեն առաջանում այս պահի դրությամբ: Որոշումս նաեւ պայմանավորված է հանձնաժողովում իմ ունեցած ներդրումով, ծրագրերով, մեր պլաններով, որոնք դեռ պետք է իրականացնենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՎԵՑ ԱՄԻՍ ԹԱՓՈՒՐ Է
ՀՀ Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը մոտ վեց ամիս է, ինչ թափուր է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս պահին առողջապահական վարչության ժամանակավոր պաշտոնակատարն է Վանիկ Հունանյանը, ով միաժամանակ սոցիալական վարչության պետն է: Հիշեցնենք, որ առողջապահական վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին ազատվեց աշխատանքից: Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչության նախկին պետը «չհարմարվեց» Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի հետ եւ նրա նշանակվելուց հինգ ամիս անց ազատվեց աշխատանքից: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Կոտայքի մարզպետարանից պատասխանեցին, որ նշված վարչության պետի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, եւ այդ մրցույթից հետո նոր պետ կնշանակվի:
«ԱՐԻ ՏՈՒՆ 2015»
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում կքննարկի սփյուռքի նախարարության «Արի տուն 2015» ծրագրի նախագիծը: Այս տարի նախատեսվում է հայաստանյան ընտանիքներում սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալելու հետ միաժամանակ կազմակերպել նաեւ «Արի տուն» երիտասարդական ճամբարը, որին սփյուռքահայ երիտասարդների հետ կմասնակցեն իրենց հայաստանցի հասակակիցները` սփյուռքահայերին հյուրընկալած ընտանիքներից: «Արի տուն» ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու տարիքային խմբերի համար զուգահեռ՝ 13-15 եւ 16-18 տարեկան: Այս տարվա ծրագրով ակնկալվում է մինչեւ 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան:
«ԵՐԵՎԱՆ ՋԷԿ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչ Հարություն Չորջալյանը 2014թ. նոյեմբերի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է ներմուծել 2 միլիոն 242 հազար 496 ԿՎՏ/ժ էլեկտրաէներգիա, որի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամանակում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել: Դեկտեմբերին «Երեւան ՋԷԿ»-ը Իրանից Հայաստան է ներմուծել 11 միլիոն 261 հազար 904 ԿՎ/ժ էլեկտրաէներգիա եւ կրկին ժամանակին մաքսային հայտարարագիր չի ներկայացրել, ինչի համար ընկերությունը տուգանվել է 100 հազար դրամի չափով: Մեկ անգամ էլ «Երեւան ՋԷԿ» ընկերությունը, կրկին 100 հազար դրամով, տուգանվել է Հայաստանից Էլեկտրաէներգիա արտահանելու հայտարարագիրը չներկայացնելու համար: Մասնավորապես, 2014 թվականին «Երեւան ՋԷԿ»-ը Հայաստանից արտահանել է 100 միլիոն 82 հազար 880 ԿՎ/ժ եւ 125 միլիոն 322 հազար 904 ԿՎ/ժ էլեկտրաէներգիա: Ի դեպ, չնայած խախտումները տեղի են ունեցել անցած տարի, սակայն «Երեւան ՋԷԿ»-ը տուգանվել է այս տարվա փետրվարին, ընդհանուր 200 հազար դրամի չափով:
ՀԵՐԹԱԿԱՆ ԼՔՈՂՆԵՐԸ
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի քաղաքապետ, ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին Armlur.am-ին փոխանցել է ինքը` քաղաքապետը: Նա նշել է, որ այլեւս իմաստ չէր տեսնում կուսակցությունում մնալու համար, հատկապես վերջին զարգացումներից հետո: Լուրեր են պտտվում, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը եւս կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացնելու:
ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրել է Հայաստանի հետ կնքած համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին առանց հաշվառման գտնվել գործընկեր-երկրի տարածքում 30 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Նման մոտեցում է կիրառվում Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիների համար։ Հայաստանի հետ համաձայնագիրը կնքվել է 2014 թվականի հուլիսի 11-ին, Սոչիում։ Հիշեցնենք՝ հունվարին Հայաստանը միացավ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը:
ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ
ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցը երեկ ստացել է Աբովյանի քաղաքային համայնքի ԲՀԿ անդամ ավագանիների դիմումները` կուսակցությունում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին: Դիմումներ են ներկայացրել նաեւ գյուղական համայնքների ԲՀԿ-ական 26 ղեկավարներ: Armlur.am-ը փորձեց նրանցից ճշտել՝ ինչո՞ւ են որոշել դադարեցնել կուսակցությանն իրենց անդամակցությունը, արդյո՞ք դա պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի հրաժարականով, թե՞ կան այլ պատճառներ: Մասնավորապես հաջողվեց կապ հաստատել Զովք համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանի հետ, ով նախ ասաց, որ ԲՀԿ-ից դուրս գալն իր անձնական որոշումն էր, այն որեւէ կապ չունի կուսակցության շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների հետ: Մեր հստակեցնող հարցին՝ դա պայմանավորված էր Գագիկ Ծառուկյան անձի հրաժարականո՞վ, գյուղապետն ասաց. «Ո՛չ, պարզապես կուսակցությունն այլեւս չի կարող իրականացնել իր առջեւ դրված խնդիրները»,- ասաց նա: Դիտարկմանը` դա պարզ դարձավ միայն Ծառուկյանի հրաժարականից հետո՞, գյուղապետը դրական պատասխան տվեց: Հատիս համայնքի ղեկավար Սամվել Գարսեւանյանն էլ կուսակցությունից դուրս գալու իր պատճառը ներկայացրեց: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինձ համար հետաքրքրություն չի ներկայացնում»,- կարճ պատասխանեց գյուղապետը: