Հանրապետական թերթերից մեկի լրագրողը զանգահարել էր ինձ եւ հետաքրքրվում էր Ոսկեպարի խմելու ջրի խնդրի վերաբերյալ մամուլում իմ հրապարակումներով: Թերթի լրագրողն ասաց, որ Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանի վկայությամբ՝ սահմանամերձ այդ գյուղում խմելու ջրի խնդիր չկա, որ լրագրողը (տողերիս հեղինակը) գյուղապետի դեմ անձնական քեն ունի, որն առաջացել է տողերիս հեղինակի քեռորդու` դպրոցի տնօրեն չվերընտրվելու պատճառով: Թղթակցին տեղեկացրի, որ ոչ մի անձնական քեն չունեմ եւ ասացի` թող լրագրողը գնա Ոսկեպար եւ տեսնի` սահմանամերձ այդ գյուղում խմելու ջրի հիմնահարց կա, թե ոչ:
Ոսկեպարում խմելու ջրի մատակարարման խնդիրը շարունակում է սուր մնալ: Ամռան այս տապին գյուղի տների մեծ մասը խմելու ջուր է ստանում օրումեջ՝ մոտ 20 րոպե տեւողությամբ: Գյուղին խմելու ջուր մատակարարող հիմնական՝ «Մացականց գոմեր» տեղամասից սկիզբ առնող ջրագիծը արդեն 2 ամիս չի գործում: Մինչդեռ այն նորակառույց է: 2010թ. «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի» 36 միլիոն դրամ ֆինանսավորմամբ է կառուցվել այդ ջրատարը: Ոսկեպարցիները մեզ հայտնեցին, որ 3,5 կմ երկարությամբ ջրագծի շինարարությունն իրականացրել է «Ծովասարշին» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Վարդան Գրիգորյան): Մեր տեղեկություններով՝ այս ընկերությունը գրանցված է Կոտայքի մարզի Կաքավաձոր գյուղում: Ոսկեպարցիներն ասացին, որ շինարարական այս կազմակերպությունը ջրագիծը կառուցել է նախագծային լուրջ թերություններով. շինարարության նախագծով նախատեսված խողովակի փոխարեն ավելի բարակ, փոքր տրամաչափի խողովակ է տեղադրվել, որը չի դիմանում ջրի ճնշմանը:
Շուրջ 3 տասնամյակ Ոսկեպարը ղեկավարող Հրուշ Աղբալյանը, սակայն, չի բողոքել շինարարների դեմ, չի դժգոհել, որ 2 տարի առաջ գործարկված ջրագիծը անորակ է կառուցվել: Ավելացնենք, որ անգործության է մատնված նաեւ Ոսկեպարի ներքեւի հատվածում՝ գյուղի մուտքի մոտ գտնվող, Ղարասու աղբյուրից սկիզբ առնող պոմպակայանը: Այժմ Ոսկեպարի զգալի մասը խմելու ջրի պակաս է զգում, իսկ գյուղի ներքին թաղը՝ մոտ 30 տուն, ընդհանրապես զրկված է խմելու ջրից: Այնպես որ, պետք չէ ջուր պղտորել, մանավանդ ջրի սակավության պայմաններում:
ՋՈՒՐ Է ՊՂՏՈՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ