ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿՐԱԿՈՑՆԵՐ, ԾԵԾԿՌՏՈՒՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 7-ին եւ 8-ին Շիրակի մարզում աղմկալի դեպքերը հաջորդեցին մեկը մյուսին: Առեղծվածային ինքնասպանություն, երկու սպանություն, ծեծկռտուք եւ կրակոցներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ստեղծված լարված իրավիճակում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ցուցումով ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետը հատուկ հանձնարարականներով գնացել է Գյումրի:

Դեպքերը՝ ըստ վիճակագրության

Մարտի 7-ին՝ վաղ առավոտյան, Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի մոտ հայտնաբերվել էր Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Քրիստ Վարդանյանի դին: Ըստ նախնական վարկածի` երիտասարդին նախ սպանել էին այլ վայրում, ապա նրան դնելով ավտոմեքենայի մեջ՝ հասցրել էին ձորի մոտ ու գլորել ցած: Քրիստ Վարդանյանը եղել էր իրեն պատկանող Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրա մարմնի վրա հայտնաբերվել էին հրազենային մահացու վնասվածքներ:

Ո՞վ է Քրիստ Վարդանյանը

Դեռեւս 2007թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 22-ի սահմաններում Քրիստ Վարդանյանը ընկերոջ՝ Սուրեն Պետրոսյանի հետ գնացել էր «Էդեռա» բար-սրճարան՝ ճաշելու: Հարեւան սեղանի շուրջ նստած չորս անձանցից Հրաչյա Հավերցյանը, որը նախկինում ծանոթ է եղել Քրիստ Վարդանյանի հետ, հրավիրել է միանալու իրենց սեղանին: Համաձայնելուց հետո վեց հոգով միասին ճաշել էին՝ օգտագործելով 4 շիշ օղի: Արդեն ոգելից խմիչքի ազդեցության տակ Հրաչյա Հավերցյանը եւ նրա ընկերները սկսել էին հայհոյանքներով խոսել, ինչի համար Քրիստ Վարդանյանը դիտողություն էր արել: Առաջացած խոսակցությունը երկու խմբի միջեւ վերաճել էր վիճաբանության, որի ընթացքում Քրիստ Վարդանյանը, Սուրեն Պետրոսյանը, Հրաչյա Հավերցյանը, վերջինիս ընկեր Դավիթ Փուրթոյանը հայհոյելով հարվածել էին միմյանց, շուռ տվել սեղանները, աթոռները: Հարվածից վայր ընկած Քրիստ Վարդանյանը 5,6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակով 3 անգամ կրակել էր Հրաչյա Հավերցյանին: Այնուհետեւ վիճաբանությունը սրճարանից տեղափոխվել էր դուրս՝ դիմացի մայթ, որտեղ Ք. Վարդանյանը երկու անգամ նույն ատրճանակով օդ էր կրակել: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ Քրիստ Վարդանյանը դատապարտվել էր 5 տարի 6 ամիս ազատազրկման: Կալանավայրից դուրս էր եկել 2013թ., եւ, ահա, ազատությունից մոտ երկու տարի անց Քրիստին սպանեցին:

Հարսանիքից մնացած վրե՞ժը

Քրիստ Վարդանյանի սպանության օրը՝ երեկոյան, մեկ այլ աղմկահարույց դեպք գրանցվեց Գյումրիում: Մարտի 7-ին՝ ուշ երեկոյան, Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, կրակոցներ էին հնչել: Հիվանդանոց էին տեղափոխվել 6 հոգի՝ Սմբատ Ղազարյանը, Գագիկ Ղազարյանը, Կնյազ Ղազարյանը, Վլադիմիր Հակոբյանը, Համլետ Գեւորգյանը, Գագիկ Ղուկասյանը: Ավելի ուշ նրանցից երեքին ծանր վիճակում՝ հրազենային վնասվածքներով, տեղափոխեցին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ մարտի 7-ին հնչած կրակոցները կապ ունեն նույն օրը՝ առավոտյան, ձորում կրակոցներից սպանված Քրիստ Վարդանյանի մահվան հետ:
Կատարվածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց «Էրեբունի» ԲԿ: Կնյազ Ղազարյանի հարազատներն ու ընկերները, որոնք հրաժարվեցին ներկայանալ, միայն ասացին, թե 6 վիրավորների գործն ընդհանրապես կապ չունի Գյումրիում սպանված Քրիստ Վարդանյանի դեպքի հետ: Ավելին՝ ըստ նրանց՝ տուժածներ Կնյազ Ղազարյանը եւ նրա եղբայրը` Գագիկը, չեն ճանաչել Քրիստ Վարդանյանին: Իսկ թե ինչն է եղել ծեծկռտուքի եւ կրակոցների պատճառը, Կնյազ Ղազարյանի ընկերները հրաժարվեցին մանրամասնել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կրակոցներից տուժած Գագիկ Ղուկասյանի մտերմուհիներից մեկը, որի անունը եւս հարգելի պատճառով չենք հրապարակում, պատմեց, որ Տերյան փողոցում հնչած կրակոցները խորը արմատներ ունեն, եւ «կռիվ կինոն» սկսվել է Գյումրիում ամիսներ առաջ տեղի ունեցած հարսանիքից. «Հարսանիքի ժամանակ մեկը մյուսի վրա կատակներ են արել: Մի խոսքով՝ Գյումրիի «խարոշիները» իրենց լավ են զգացել, ու այդտեղից էլ սկսվել է այս կռիվը»: Այլ մանրամասներ Գագիկ Ղուկասյանի բարեկամուհին չկարողացավ ասել` զգուշանալով, թե գործ չունի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրականում հիվանդանոցում հայտնված երիտասարդներն արդեն քանի ամիս է, ինչ Գյումրիում լուրջ «ռազբորկաների» մեջ են: Եւ, իսկապես, ամեն ինչ սկսվել է մի քանի ամիս առաջ Գյումրիում տեղի ունեցած հարսանիքից, որին մասնակցել են Կնյազ Ղազարյանը, նրա եղբայր Գեւորգ Ղազարյանը, Գագիկ Ղուկասյանը եւ մի շարք այլ երիտասարդ տղաներ: Վերջիններս հարսանիքի քավորի՝ ոմն Աշոտի հետ խնդիր են ունեցել: Աշոտը փեսայի ընկերների` Կնյազի, նրա եղբոր ու մյուսների հետ կռիվ է արել: Հարսանեկան տոնակատարությանը մասնակից մարդիկ քավորին եւ փեսայի ընկերներին հանդարտեցրել են՝ խնդրելով այնպես անել, որ հարսանիքը հարամ չլինի: Այդ օրը կրքերը հանդարտվել են, սակայն քավորի եւ փեսայի ընկերների միջեւ սկսված կռիվը շարունակվել է օրեր անց: Բանն այնտեղ է հասել, որ մի օր Աշոտն իր սանիկի ընկերներից մեկին այն աստիճան է ծեծել, որ տղայի աչքը լուրջ վնասվել է, եւ բժիշկները վիրահատել են՝ արհեստական, ապակե աչք տեղադրելով: Փեսայի ընկերներն իրենց ընկերոջ քավորի արարքը կուլ չեն տվել եւ «ռազբորկան» ավարտին հասցնելու համար՝ մարտի 7-ին հավաքվել են Գյումրիի Տերյան փողոցում՝ հաշիվ մաքրելու, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի եւ կրակոցների:
Ըստ ականատեսների՝ կռվի մասնակիցներն օդ են կրակել ինքնաձիգով, սակայն տարածքում ապրող մարդիկ տեսել են, որ ոստիկանները որսորդական զենք են հայտնաբերել դեպքի վայրից:
Հիշեցնենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, եւ ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդիներն ընկերների հետ 2007թ-ին կրակոցներ էին արձակել հենց նույն՝ Տերյան փողոցում:

Երկու ընկերներին սպանեցին

Սա դեռ վերջը չէ. մարտի 8-ին՝ վաղ առավոտյան, հերթական դին հայտնաբերվեց: Այս անգամ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում՝ Քեթիի մատուռի մոտ: Մահացածը 34-ամյա Սամվել Հակոբյանն էր, որն առավել հայտնի էր «Մոստիկ» մականվամբ: Վերջինիս մարմնի վրա առկա էին մարմնական վնասվածքներ՝ կապտուկներ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մահացած Մոստիկը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել մարտի 7-ին սպանված Քրիստ Վարդանյանի հետ: Ըստ շրջանառվող լուրերի՝ տղաներին սպանել են միասին, ապա դիակները նետել տարբեր վայրեր՝ հետքերը մաքրելու համար:
Սամվել Հակոբյանի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն:

15 օր անց գտան

Առեղծվածային էր նաեւ դեռեւս 2015թ. փետրվարի 21-ից փնտրվող, Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի մահը: Գյումրեցի Աֆյանը, մինչ անհետանալը, զանգահարել էր կնոջը՝ Ալվարդին, եւ հայտնել, որ այլեւս չի վերադառնալու տուն: Արթուրի եղբայրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ իր եղբայրը պարտքեր ունի, եւ միգուցե դա է եղել նրա անհետացման պատճառը: Սակայն Արթուրի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը, պնդել էր, որ ամուսնու անհետանալուց օրեր առաջ իրենք գրավ են դրել իրենց թանկարժեք իրերը՝ պարտքերը մարելու համար: Եվ, ահա, 15 օր անց՝ մարտի 8-ին, Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում՝ ինչ-որ շինությունում, հայտնաբերվեց Արթուրի դին՝ կախված վիճակում:
Դատելով Արթուրի կնոջ հայտարարությունից՝ ամուսնու անհետանալը չէր կարող կապված լինել պարտքերի հետ: Այս պատմությանը չեն հավատում նաեւ գյումրեցիները, եւ Արթուրի անհետանալը կապում են Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության եւ Վալերի Պերմյակովի անձի հետ: Իսկ թե որքանով են այս դեպքերը կապված միմյանց հետ, ցույց կտա թերեւս քննչական կոմիտեում կատարվող քննությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԾԵԾԵԼ ԵՆ ՃՈ ՏԵՍՈՒՉԻՆ
Երեկ գիշեր արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում՝ հարբած տղամարդիկ ծեծի են ենթարկել ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին ու դիմել փախուստի: Դեպքը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում, որտեղ ճանապարհային ոստիկանության 5 աշխատակիցներ իրականացնելիս են եղել իրենց ամենօրյա ծառայությունը: Ժամը 02:30-ի սահմաններում նրանց մոտ կայանել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որից իջել են 5 հարբած տղամարդ: Վերջիններս վիճաբանության են բռնվել ոստիկանների հետ, ինչն ավարտվել է ծեծով: Արդյունքում ոստիկաններից մեկը վնասվածքներ է ստացել: Դրանից հետո ավտոմեքենայի վարորդն ու իր ուղեկիցները դարձյալ նստել են ավտոմեքենան ու դիմել փախուստի:
Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում ՃՈ տեսուչ Ա. Քոչարյանը զեկուցագիր է գրել՝ հաստատելով, որ իրենց մոտեցած տղամարդիկ եղել են ալկոհոլի ազդեցության տակ, անհիմն վիճաբանել են: Նրանցից Ս. Նավասարդյանը ձեռքով երկու անգամ հարվածել է իրեն եւ դիմել փախուստի: Ս. Նավասարդյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

 

ՃՈՅՏԸ ՎԱՏԱՑԵԼ Է
Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Տեղեկությունների համաձայն՝ նրա վիճակը ծայրահեղ ծանր է եղել: ՔԿ վարչության հանրային կապերի բաժնից հաստատել են տեղեկությունը` նշելով, որ պատճառը եղել է այն, որ Հ. Հակոբյանը որովայնի շրջանում ցավեր է ունեցել:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորը կալանավորվել է հարկեր վճարելուց խուսափելու եւ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու մեղադրանքով: Նրա հարազատները «Ժողովուրդ» օրաթերթին բազմիցս հայտնել են, որ Հակոբ Հակոբյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, նրան անընդհատ բժիշկներ են այցելում: Ազգականներին, սակայն, արգելվում է տեսակցել կալանավորին:

 

ԱՌԵՎԱՆԳԵԼ Է ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ
Այս տարվա մարտի 2-ին Վանաձորի բնակիչ Վ. Գրիգորյանը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր անչափահաս որդու ընտրյալի հայրը՝ Գ.Համբարյանը, առեւանգել է իր անչափահաս որդուն, ծեծել ու ձեռքից վերցրել բջջային հեռախոսը: Իր դստերը սիրելու համար Համբարյանը Գրիգորյանի որդուն, բռնություն գործադրելով, նստեցրել է ավտոմեքենան, տեղափոխել անասնագոմ, մետաղյա շղթայով կապել ձեռքերը, սպառնացել, ստիպել, որ դստերը չանհանգստացնելու խոստում տա: Այնուհետեւ վերցրել է նրա բջջային հեռախոսը եւ ազատ արձակել: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից անչափահասին առեւանգելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս