Օրեր առաջ Երեւան ժամանած հայտնի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովայի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը չեղյալ հայտարարվեց: Տեղեկացվեց, որ համերգի չկայանալու պատճառը Ալեգրովայի առողջական վիճակի կտրուկ վատացումն է եղել. նա հոսպիտալացվել է: Նույն օրը երգչուհին հանդես եկավ ուղերձով, որում հայցեց հանդիսատեսի ներողամտությունը եւ խնդրեց ըմբռնումով մոտենալ կատարվածին: Կազմակերպիչներն էլ տեղեկացրին, որ համերգը հետաձգվել է ու կայանալու է ապրիլի 6-ին, նույն դահլիճում, նույն ժամին:
Մեկը մյուսին հաջորդող հայտարարություններին, սակայն, քաղաքացիները ոչ միայն ըմբռնումով չմոտեցան, այլեւ նրանց շրջանում բողոքի ալիք բարձրացավ: Համացանցում սկսվեց ակտիվորեն քննարկվել «տապալված համերգ»-ը. «Հայ հանդիսատեսն արդեն մի տեսակ ֆոբիա ունի հայտնի աստղերի մասնակցությամբ մեզ մոտ կազմակերպվող համերգներից: Հիշենք տարիներ առաջ Սառա Քոննորի երեւանյան տապալված համերգը, կամ ինչո՞ւ ենք հեռու գնում՝ դաշնակահար Անտոնիո Գոնսալեսի` վերջերս չեղյալ հայտարարված համերգը, հիմա էլ Ալեգրովան»,-գրել էր «Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերից մեկը:
Իսկ մինչ սոցցանցի «բնակիչները» քննարկում էին կատարվածը, համալիրում հավաքված ժողովրդի մի մասը` խուճապի մատնված, մյուս մասը` զայրացած, հարցնում էր` ինչո՞ւ են իրենք գնացել-հասել համալիր եւ միայն համերգի նախանշված ժամից րոպեներ առաջ իմացել, որ այն չեղյալ է հայտարարվել, եւ ինչո՞ւ իրենց տեւական ժամանակ առանց պատճառաբանության ներս չեն թողել: «Մեզ մինչեւ վերջին վայրկյանը տեղյակ չեն պահել, թե ներսում ինչ է կատարվում: Ի դեպ, բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել համալիրում»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Արեւ Մկրտչյանը, ով եւս գնել էր Ալեգրովայի համերգի տոմս եւ եղել համալիրում:
Համերգի կազմակերպիչ «Forpostart Prodaction»-ի հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց` հանդիսատեսին նախապես չզգուշացնելու պատճառը եղել է այն, որ Ալեգրովայի առողջական վիճակը կտրուկ վատացել է նույն օրվա ժամը 17:00-ին, նա ջերմել է, այնուհետեւ ստիպված են եղել շտապ օգնություն կանչել: «17:15-ին նա դեռ իր խմբի հետ փորձ էր անում: Մինչեւ վերջին րոպեն ուզում էր փրկել համերգը: Իսկ հայտարարությունը հետաձգվում էր, որովհետեւ վերջնական որոշումն ինքը պետք է կայացներ»,- ասաց նա:
Հաջորդ հարցը, որը քաղաքացիների շրջանում քննարկվում էր, կապված էր նույն օրը տոմսերը ետ վերադարձնելու անհնարինության հետ. «Գուցե կա մեկը, ում ապրիլի 6-ին հարմար չէ ներկայանալ համերգի»- դժգոհում էին հուսախաբ եղած մարդիկ:
Հարցին անդրադառնալով` Զառա Մխեյանը տեղեկացրեց, որ տոմսերը հնարավոր կլինի վերադարձնել համերգի օրը` ապրիլի 6-ին:
Քաղաքացիների մյուս մտավախությունն էլ կապված էր մամուլում ավելի վաղ տեղ գտած հրապարակումների հետ, որտեղ նշվում էր, թե 2013-ին «Ալեքս Իվենթ» ընկերության եւ Զառա Մխեյանի կազմակերպմամբ Թբիլիսիում նախատեսված Իրինա Ալեգրովայի համերգի չեղյալ հայտարարվելուց հետո կազմակերպիչները շատերի տոմսերի գումարները չեն վերադարձրել: Երեւանյան համերգի տոմսերը գնողները մտահոգություն ունեն, որ «կազմակերպիչների ձեռագիրը կարող է կրկնվել»:
Այս առնչությամբ Զառա Մխեյանը շտապեց հավաստիացնել, որ տվյալ համերգի տոմսերի գումարները վերադարձվել են, բացառությամբ 18 հոգուց, ովքեր կարող են պաշտոնապես դիմել կազմակերպությանը. «Մեր կազմակերպությունը 25 տարի է` աշխատում է, եւ երբեւէ նման դեպք չի եղել, մենք չենք կարող մեզ նման բան թույլ տալ, ընկերության անունը մեզ համար թանկ է: ժողովուրդը պետք է հարգալից վերաբերվի սիրված երգչուհուն եւ կազմակերպիչներին»,-ասաց նա:
Հայ հանրության շրջանում քննադատություններ հնչեցին նաեւ հետաձգված համերգի օրվա հետ կապված: Այժմ, երբ ողջ հայությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որքանո՞վ է կոռեկտ հատկապես ապրիլ ամսին նման համերգի անցկացումը. «Գիտեք` որոշումը կայացվել է շտապ կարգով, քանի որ այդ պահին հարկավոր էր հանդես գալ հայտարարությամբ: Իրինա Ալեգրովայի գրաֆիկը շատ խիտ է, նա է որոշել օրը, այդ ժամանակ ես չեմ կարողացել հարցին լուծում տալ, մենք կմտածենք այդ հարցի շուրջ, եթե հասկանանք, որ կարելի է ուրիշ օր անցկացնել համերգը, օրը կփոխենք»,-մեկնաբանեց Զառա Մխեյանը:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ Ալեգրովան առողջացել է ու մարտի 8-ին ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Երգչուհու տնօրենը նշել է, որ մյուս համերգները եւս կանցնեն սահմանված գրաֆիկով:
«ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ»
«Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի հաղթող Սեւակ Ամրոյանն այն կարծիքին է, որ որքան էլ ժողովրդական երգարվեստն արժանանա սիրո եւ գնահատանքի, այն մշտական հովանավորչության կարիք ունի: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նաեւ նկատել է, որ մեր հարեւան երկրները վերցրել են մեր ազգային երգերը, դարձրել իրենցն ու ակտիվ քարոզչություն են տանում այդ ուղղությամբ, իսկ ահա մենք մեր երգարվեստը նույն ակտիվությամբ չենք քարոզում:
-Սեւա՛կ, այս տարվա հետ կապված ի՞նչ գործնական ծրագրեր ունեք:
-Երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ «Սարերի հովին մեռնեմ» երգի հիման վրա դուետ ենք ձայնագրել եւ նկարահանվել տեսահոլովակում. այն շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին: Առաջիկայում պլանավորում եմ համերգներով հանդես գալ Հայաստանի մարզերում, ինչպես նաեւ` ներկայանալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հունաստանի հայ հանդիսատեսին: Աշխատում եմ նաեւ առաջին ձայնասկավառակիս վրա:
-Ի՞նչ եք կարծում` ժողովրդական երգարվեստը Հայաստանում հովանավորչության կարիք ունի՞:
-Իհարկե, ունի: Որքան էլ ժողովրդական երգն արժանանա սիրո եւ գնահատանքի, պետք է միշտ լինեն մարդիկ, ովքեր կօգնեն այդ արվեստը ներկայացնողներին. չէ՞ որ ժողովրդական երգը կոմերցիոն նպատակներ չի հետապնդում եւ ավելի քիչ եկամտաբեր է, քան մյուս ժանրի երգերը: Ես գիտեմ շատ երիտասարդ ժողովրդական երգիչների, ովքեր կիսատ են թողել իրենց գործը հենց հովանավորչության պակասի պատճառով: Կարծում եմ` ոլորտն ունի նաեւ պետական հովանավորչության կարիք:
-Բացի այդ` ժողովրդական երգը նույն հետեւողականությամբ չի հրամցվում հանրությանը, ինչպես, օրինակ, փոփն ու ռաբիսը:
-Այդ առումով ես նախանձում եմ մեր հարեւան երկրներին: Մեր ազգային, ժողովրդական երգերը վերցրել են, դարձրել իրենցն ու ակտիվ քարոզչություն են տանում այդ ուղղությամբ, իսկ, ահա, մենք, որ հարուստ մշակութային ժառանգության կրողն ենք, նույն ակտիվությամբ չենք քարոզում մեր արվեստը: Ու թեեւ համեմատած նախորդ տարիների հետ` վերջին շրջանում ժողովրդական երգարվեստը Հայաստանում զարթոնք է ապրել, ցանկալի կլիներ, որ այն ավելի շատ քարոզվեր հայ հանրության շրջանում:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Այս տարվա Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող խմբի երգի եւ տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մարտի 12-ին, իսկ մինչ այդ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նոր մանրամասներ է հայտնել մեր մասնակցության մասին: «Առաջին ալիք»-ից հայտնում են, որ եվրատեսիլյան մեր երգն անցել է ներքին ընտրության փուլ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ընտրությունը կանգ է առել կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի եւ խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքի վրա: Որոշվել է երգն ու տեսահոլովակը միաժամանակ մատուցել հանդիսատեսին: Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է` «Երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը` ոչ, ուստի սիրո եւ համերաշխության արժեքները մնայուն են»: Գոհար Գասպարյանը տեղեկացրել է, որ մասնակիցները կարճ ժամանակով այցելել են Հայաստան, ձայնագրել են երգը եւ նկարահանվել տեսահոլովակում, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը:
ԾԱՂՐԵԼ Է ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ
Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը ծաղրել է ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքը: 22-ամյա երգչուհին լուսանկար է հրապարակել, որտեղ հանդես է եկել Քիմի ոճաբանի դերում, ով ներկում է նրա մազերը: Հրապարակումը բազում զվարճալի մեկնաբանությունների առիթ է տվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին նմանակել էր Քիմի` Paper Magazin-ի համար արված ֆոտոշարքի լուսանկարը եւ ծաղրել նրա հետույքը:
ՈՉ ՄԻ ԲԱԺԱՆՈՒՄ
Վերջերս ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, ըստ որոնց՝ 53-ամյա Ջորջ Քլունիի եւ նրա կնոջ` Ամալ Ալամուդինի հարաբերությունները վատացել են, եւ զույգը պատրաստվում է բաժանվել: Այնինչ Քլունի զույգը որոշել է բոլորովին հակառակն ապացուցել բամբասկոտ հանրությանը: Շաբաթ օրը զույգն այցելել է Նյու Յոքի «Kappo Masa» ճապոնական ռեստորան, որտեղից Ամալն ու Ջորջը դուրս են եկել ձեռք ձեռքի բռնած եւ բարձր տրամադրությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլունիի ընկերները ԶԼՄ-ներին հայտնել էին, թե իբր ամուսինների միջեւ ամեն ինչ վերջացած է, եւ ամուսնալուծության դիմումը շուտով կտրվի: