ՀՀԿ-ից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող. Ռաֆիկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ անդամ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի հերքում է լուրերը թե ինքը դուրս է եկել կուսակցությունից: Ներկայացնենք հաղորդագրությունից մի հատված:

«Այսօր առավոտյան «Չորրորդ իշխանություն» թերթում և մի շարք էլեկտրոնային լրատվական կայքերում հայտնվել է հոդված, որը վերնագրված է «Ռաֆիկ Պետրոսյանը դուրս է եկել ՀՀԿ-ից»: Հոդվածում նշվում է նաև, որ լրագրողն ինձ հարցրել է՝ արդյոք հիասթափվել եմ ՀՀԿ-ից, ինչին ի պատասխան՝ իբր ասել եմ, որ «չեմ հիասթափվել, սակայն չեմ մասնակցում կուսակցության աշխատանքային հանդիպումներին, չեմ գնում չեմ գալիս»:

Վերջում էլ սադրանքների սիրահար հոդվածագիրը նշել է, որ չի բացառվում, որ իմ որոշումը կապված լինի որդուս հետ տեղի ունեցած միջադեպի հետ, որը հարթելու համար հարազատ կուսակցությունը երևի ինձ չէր օգնել:

Վերոհիշյալի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀԿ-ից դուրս չեմ եկել, ՀՀԿ խորհրդի անդամ եմ, կուսակցությունից հրաժարվելու մասին ընհանրապես խոսք լինել չի կարող: Մասնակցում եմ կուսակցական աշխատանքներին. բոլորովին վերջերս մասնակցել եմ ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպության երկու սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովներին:

Լրագրողի տված հարցին պատասխանելուց իմ հրաժարվելը պայմանավորված է այս շրջանում ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելով: Այս պահին հիմնականում զբաղվում եմ գիտական գործունեությամբ. Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում գործող գիտական աստիճաններ շնորհող 063 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալն եմ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում գործող Իրավագիտության 041 մասնագիտական խորհրդի անդամ, ներկա պահին տարբեր բուհերի 8 ասպիրանտների գիտական ղեկավար եմ:

Ինչ վերաբերում է որդուս հետ կապված միջադեպին, նշեմ, որ հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն, և ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ որևէ այլ կուսակցություն իրավունք չունի միջամտել այդ գործընթացին և չի էլ միջամտում»:




Լրահոս