«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների համար մենք դեռ չենք ապրել մեր հայկական հեղափոխությունը» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.

«Սիրելի հայրենակիցներ,

Տարիներ շարունակ հնչող գաղափարը՝ ամբողջական, համակարգային իշխանափոխությունը, դեռ չենք իրականացրել: Պատճառները տարբեր են` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Կարծում եմ՝ օբյեկտիվ պատճառն այն է, որ քաղաքաքական ուժերը չեն կարողացել բավարար կազմակերպվել և ցուցադրել հավաքական կամք՝ միասնական օրակարգով, միասնական գործողություների ծրագրի ներքո:

Սուբյեկտիվը այն է, որ Հայաստանի Հանարապետության քաղաքացիները չեն գնահատել իրավունքի գերակայության համար մղվող երկար պայքարի անհրաժեշտությունը և յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն ու պարտականությունը:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների համար մենք դեռ չենք ապրել մեր հայկական հեղափոխությունը: 1996 թվականից ի վեր մենք փորձել ենք ընդվզել միայն կեղծված նախագահական ընտրությունների դեմ, ինչը չի ունեցել հաջողություն: 1996 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո իշխանության բռնազավթումը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից տևեց 3 տարի:

1998 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո իշխանության բռնազավթումը Ռոբերտ Քոչարյանի կողմից շարունակվեց 10 տարի, 2008 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո իշխանության բռնազավթումը Սերժ Սարգսյանի կողմից շարունակվում է առ այսօր: Մեզ պատկանող իշխանությունն արդեն 20 տարի գտնվում է բռնազավթիչների ձեռքում: 20 տարի է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից իշխանության բռնազավթման փաստի վերաբերյալ մենք ազգովի հավաքական դատապարտման գործընթաց չենք նախաձեռնել, ինչը ծնել է շարունակական անպատժելիություն և իշխանության բռնազավթման որկրամոլություն: Որկրամոլ Սերժ Սարգսյանը, չկարողանալով զսպել իր կողմից իշխանության բռնազավթման ախորժակի պահանջը, «Սահմանադրական բարեփոխումներ» ծխածածկույթի ներքո ցանկանում է ևս երկարաձգել իշխանության բռնազավթումը:

Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված Սահմանադրական բարեփոխումները ենթադրում են համապետական ընտրական գործընթաց, որին հայ հանրությունը դեմ է և այդ դեմ լինելու գործընթացը պետք է դրսևորվի կազմակերպված դիմադրությամբ, որի արդյունքը պետք է լինի համակարգային իշխանափոխություն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությամբ և ՀՀ Ազգային Ժողովի լուծարմամբ: «Ժառանգությունը» շարունակում է պայքար մղել համակարգային իշխանափոխության համար և հրավիրում է հերթական հանրային հանդիպմանը, որը կկայանա սույն թվականի մարտի 20-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարարակում»:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն




Լրահոս