Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անել ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսել ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը, գրում է Azatutyun.am-ը: Այս ձևակերպումը տեղ է գտել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի տարեկան զեկույցում։
Զեկույցը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը, որի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան ասել է.- «Երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Այս առանձնահատուկ տարվա ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովրդի նկատմամբ եվրոպական համերաշխության նման ուժեղ ազդանշանի համար»:
Փաստաթուղթը նաև անդրադառնում է կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորպես, Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների թվում նշելով նաև առաքելական հայերին: Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին երաշխավորել, որ կրոնական փոքրամասնությունները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները, ներառյալ կաթոլիկները, առաքելական հայերը, կոպտերը, եզդիներն ու մուսուլման փոքրամասնությունները հալածվում են Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից: