Ռուսաստանում ինչ-որ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջազգային եւ հատկապես ռուսական լրատվամիջոցներն արդեն երկու օր է՝ քննարկում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «երկարատեւ բացակայության» հարցը: Բանն այն է, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ մարտի 5-ից հետո ՌԴ նախագահը լրագրողների մասնակցությամբ որեւէ միջոցառման կամ պաշտոնական արարողության չի մասնակցել: Մարտի 11-ին Կրեմլում նախատեսված է եղել Վլադիմիր Պուտինի եւ Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովի հանդիպումը, որի ընթացքում պետք է երկկողմ պայմանագիր ստորագրվեր, սակայն ՌԴ նախագահի աշխատակազմը վերջին պահին այն չեղյալ է հայտարարել:

Անսպասելի չեղյալ է հայտարարվել նաեւ ՌԴ նախագահի այցը Աստանա, որը նախատեսված էր այսօր` Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների մասնակցությամբ: Ռուսական լրատվամիջոցներն արձանագրել են, որ Պուտինի պաշտոնավարման մեկուկես տասնամյակի ընթացքում նման` արարողությունը կամ հանդիպումը վերջին պահին չեղյալ հայտարարելու դեպք երբեւէ չի եղել: Հենց այս ֆոնին Հայաստանի եւ ՌԴ նախագահականները երեկ տարածեցին հաղորդագրություն` Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին:

Այս հաղորդագրությունում կոնկրետ ոչինչ չէր ասվում, ուստի ռուսական լրատվամիջոցները դրա կայանալու հանգամանքը եւս կասկածի տակ առան, եւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ստիպված եղավ, ի վերջո, հայտարարել, որ ՌԴ նախագահը խոստացել է ապրիլի 24-ին ժամանել Հայաստան: Սակայն ուշագրավն այն է, որ «Էխո Մոսկվա» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում Պեսկովը չէր կարողացել հստակ պատասխանել, թե Պուտինն առաջիկայում երբ կմասնակցի լրագրողների ներկայությամբ որեւէ միջոցառման: Այսինքն՝ ակնհայտ է, որ Ռուսաստանում ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, իսկ թե ինչ բնույթի են դրանք, պարզ կդառնա առաջիկայում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս