ԱՆԴԱՇՆԱԿԻՑ. (ԺՈՂՈՎՈՒՐԴ. ԽՄԲԱԳՐԱԿԱՆ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն քանի օր է,  ազգովի չենք կարողանում դուրս գալ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետ կապված շոկից: Մի կողմ թողնելով հարցի բարոյական եւ զգացմունքային կողմը`փորձենք հասկանալ այդ գործարքի քաղաքական շարժառիթներն ու հետեւանքները: Ակնհայտ է, որ Սաֆարովին արտահանձնելու մասին անխտիր բոլոր գերտերություններն առնվազն տեղեկացված են եղել, սակայն լռել են: Բնականաբար, ոչ ոք պարտավոր չէր մեր երկրի  “ուղտի ականջում քնած” հատուկ ծառայությունների փոխարեն աշխատել: Խնդիրն այն է, սակայն, որ այդ գերտերություններից առնվազն Ռուսաստանը, ըստ ամենայնի, ոչ միայն տեղյակ է եղել, այլեւ որոշակիորեն աջակցել է այդ գործարքի կայացմանը` Պուտինի կուրսեցի, ադրբեջանցի միլիարդատեր Ռեժաբովի գործուն մասնակցությամբ: Ընդ որում, Ռուսաստանի ներգրավվածությունն այնքան բարձր մակարդակով է եղել, որ  չորս օր շարունակ մեր ռազմավարական դաշնակիցը համարվող պետությունից այս հարցի շուրջ ծպտուն դուրս չեկավ, այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  դեպքի հաջորդ օրն իսկ հանդես եկավ բավականին սուր հայտարարությամբ:  Թեեւ ոչ լիարժեք, այդուհանդերձ  որոշակի ուղերձներ հղվեցին նաեւ ԵՄ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից: Իսկ պաշտոնական Մոսկվան  հարկ համարեց արձագանքել  եռօրյա խումհարից հետո` այն էլ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի շուրթերով եւ ԱՄՆ պետդեպի հաղորդագրության համեմատ նկատելիորեն ավելի մեղմ ձեւակերպումներով: Եվ այս օրերին հնչող գնահատականները, թե Հունգարիան  ուրացավ հայ-հունգարական դարավոր բարեկամությունը` ծախվելով 3 միլիարդ դոլարով, կամ  Եվրամիությունը տեր չկանգնեց եվրոպական արժեքներին, բարոյական առումով միանգամայն իրավացի լինելով հանդերձ, լիովին  անտեղի են  ռեալ պոլիտիկի տեսանկյունից: Եթե մեր ռազմավարական դաշնակից եւ “դարավոր բարեկամ” Ռուսաստանն է հանուն սեփական քաղաքական հաշվարկի խաղում հայ ժողովրդի ամենանվիրական զգացմունքների հետ, ինչու պետք է նույն Հունգարիան  հրաժարվի 3 միլիարդ դոլարից: Ու այս ֆոնին հետաքրքիր է, որ որեւէ մեկը Հայաստանում չի ցանկանում բարձրաձայն քննադատել ՌԴ-ին: Մինչդեռ սա քաղաքականապես հարմար առիթ է՝ ցույց տալու Պուտինին, որ իր ներկայացրած նախագծերին Հայաստանը չի միանալու, եթե պիտի նա ճակատագրական պահերին “բռնի Ադրբեջանի պոչը” կամ իր անտարբերությամբ նպաստի տարածաշրջանում ատելության խորացմանը: Եւ ամեն անգամ, երբ մեր “մեծ եղբայր” երկրից տեսնում են, որ Լեռնային ղարաբաղի հիմնահարցի լուծումը մոտ է, ատելության չափաբաժինը տարբեր դրսեւորումներով ավելանում է: Կարծում ենք՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այս իրավիճակում պահանջելու բան ունի միայն եւ առաջին հերթին իր ռազմավարական գործընկերոջից, որին գույք պարտքի դիմաց Քոչարյանը հանձնեց երկրի հարստության  կեսը: Հետաքրքիր է՝ էլ ո՞ր օրվա համար:
  




Լրահոս